Հայերեն   English   Русский  

Ի՞նչ փոփոխություններ են եղել զինվորների սննդակարգու


  
դիտումներ: 200

N զորամասում լրագրողների հետ զրույցի ընթացքում «Մեդիտեք» ընկերության տնօրեն և հիմնադրող Անուշավան Խաչատրյանն ասաց, որ

4 զորամասում զինծառայողների սննդակարգում փոփոխություններ են կատարվել, և սննդի մատակարարման հարցով մասնավոր ընկերություն է զբաղվում։

«Ծրագիրը մենք ենք ներկայացրել վարչապետին, և այն հավանություն է ստացել։ 24 զորամասում պետք է իրականացնենք մեր ծրագիրը, առայժմ 4–ում ենք իրականացնում։ Մեզ հետ 3 տարով պայմանագիր է կնքվել, ըստ որի` շատ արագ ժամկետում պետք է բարելավենք զորամասերում տրամադրվող սննդի որակը, վերանորոգենք ճաշարանները»,– ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով` իրենք արդեն իսկ քննարկումներ են ունեցել սնունդ մատակարարող կազմակերպությունների հետ, ու առաջիկայում նրանք էլ կմիանան իրենց։ Ըստ Խաչատրյանի` դեռ 3-4 ամիս այն զորամասերը, որտեղ ճաշարանների վիճակն այնքան էլ լավ չէ, կշարունակեն հին շենքերում աշխատել, իսկ այդ ընթացքում նոր շենքեր կկառուցվեն։

«ՊՆ–ն մեզ վճարում է յուրաքանչյուր զինվորի համար որոշակի գումար։ Սակայն մենք էլ մեր կողմից ավելի քան 1.5 միլիարդ դրամ գումար ենք ներդնելու ծրագրի իրականացման համար։ Ծրագրից իմ առաջին օգուտն այն է, որ նախ իմ բարեկամը, քրոջս տղան է ծառայում բանակում, հետո սա ապագայում շուկայում է պետք գալու մեր ընկերությանը։ Ուզում ենք McDonald's–ի համակարգով աշխատել` բոլոր զորամասերն ունենան նույն որակի սնունդը` նույն չափաբաժիններով»,–ասաց ընկերության տնօրենը։

Նա հայտնեց նաև, որ ըստ պայմանագրի` իրենք պարտավորվում են զորքին տալ առողջ, որակյալ, հիգիենիկ պայմաններին համապատասխան սնունդ` օգտագործելով հայաստանյան սննդամթերքը։ Ըստ նրա` եթե կլինեն զորամասեր, որտեղ ջրի խնդիր կլինի, մեկանգամյա օգտագործման սպասք կկիրառեն։

N զորամասի հրամանատար փոխգնդապետ Վահե Հակոբյանն էլ հայտնեց, որ իրենց զորամասում արդեն մեկ շաբաթ է` սննդի մատակարարումը մասնավոր ընկերություն է իրականացնում։ Նրա խոսքով` սննդի որակից դժգոհ չեն, ավելին` ճաշացանկում փոփոխություններ են արվել`աղցանների, միրգ–բանջարեղենի տեսականին է ավելացել։

«Կարծում եմ` բանակի ուսերից մի փոքր բեռ կթոթափվի, քանի որ, օրինակ, գնումները, պահեստավորումը, սննդի պահպանման պայմաններով ոչ թե մենք, այլ փորձնական ծրագրում ներգրավված ընկերությունն է զբաղվում։ Սակայն վերահսկողությունը մնացել է նույնը, այսինքն` հսկողությունը մնացել է զորամասի վրա, և զորամասն է սննդի որակի պատասխանատուն։ Յուրաքանչյուր սննդի բացթողումից առաջ զորամասը կստուգի սննդի որակը»,–ասաց փոխգնդապետը։

Նա նշեց նաև, որ ճաշարանում սպասք լվանալու, բանջարեղեն կտրտելու գործընթացում ոչ թե զինվորները, այլ հատուկ աշխատակիցներ են ներգրավված եղել, և նրանք այս փորձնական ծրագրում շարունակելու են իրենց աշխատանքը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: