Հայերեն   English   Русский  

Երվանդ Քոչար՝ աշխարհին ներկայանալու մեր լավագույն կերպերից...


  
դիտումներ: 1404

«Դեպի թանգարան» խորագրի շրջանակներում այս անգամ զրուցել ենք Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն, ճարտարապետ Կարինե Քոչարի հետ:

-Տիկին Քոչար, մեր հանդիպման սկզբում զրուցենք վարպետի արվեստի առանձնահատկություններից, որ թանգարանի ամենօրյա գործունեության շնորհիվ դառնում են այցելուների սեփականությունը:

Կարինե Քոչար

-Քոչարի արվեստը 20-րդ դարի համաշխարհային կերպարվեստի պատմության յուրահատուկ երևույթներից է: 1923-1936թթ Քոչարն ապրել և ստեղծագործել է Փարիզում՝ եռանդուն մասնակցություն ունենալով պատմական ավանգարդի կերտման գործում: Նա նաև փարիզյան դպրոցի միակ ներկայացուցիչն է Հայաստանում, և նրա ստեղծագործական ժառանգությունը պատկանում է ոչ միայն հայկական, այլև եվրոպական մշակույթին: Քոչարի արվեստն այս տեսակետից շատ կարևոր օղակ է հայ-ֆրանիսական մշակութային փոխհարաբերություններում:

Արվեստաբանները Քոչարի ողջ ստեղծագործական ընթացքը բաժանում են երեք շրջանի՝ թիֆլիսյան, փարիզյան և երևանյան: Թանգարանը ստեղծվել է 1984-ին մաեստրոյի արվեստանոցի հիման վրա, որ երկար ժամանակ ծառայել է նրան ոչ միայն որպես արվեստանոց, այլև բնակության վայր:

Միայն 1959-ին՝ Սասունցի Դավթի արձանի տեղադրումից հետո, իշխանությունները, տեսնելով՝ ինչ սարսափելի պայմաններում է ապրում Քոչարի ընտանիքը, նոր բնակարան հատկացրեցին նրան: Ինչպես գիտենք, 1936-ին Քոչարը վերադարձավ Հայաստան՝ թողնելով Փարիզում և´ սիրած կնոջը, և´ իր ողջ կարիերան: Նրա մտքով անգամ չէր անցնում, որ այդ վերադարձից հետո այլևս երբեք իրավունք չէր ստանալու մեկնել արտասահման:

Արդյունքում նրա անունը աստիճանաբար դուրս մնաց արտասահմանյան տեղեկագրքերից, իսկ ԽՄ արեց ամեն բան նրան առավելագույն երկար մեկուսացնելու համար աշխարհից: Դա, բնականաբար, չէր կարող իր բացասական ազդեցությունը չթողնել արվեստագետի վրա, սակայն աշխատեց նաև հակազդման օրենքը:

Երվանդ Քոչարի թանգարան

Ստեղծվեցին Սասունցի Դավթի, Վարդան Մամիկոնյանի, Կոմիտասի և այլ արձաններ, որ ստեղծագործական գլուխգործոցներ են և հավերժ բարձր կպահեն հայ մարդու ազգային ոգին, պատմական հիշողությունը: Քոչարը գիտեր՝ ազգերին սովորաբար վերացնում են երկրի երեսից՝ նրանց զրկելով հոգևոր-մշակութային արմատներից, ուստի իր ստեղծագործական կյանքը նա նվիրեց ոչ միայն համամարդկային կերպարների, այլև ազգային կերպարների վերհանման գործին:

ունիսի 15-ին լրացավ Երվանդ Քոչարի ծննդյան 120-ամյակը: Նախորդ ամիս նաև թանգարանի համար էր հոբելյանական: Այն դարձավ 35 տարեկան: Ի՞նչ միջոցառումներ եք նախատեսում իրականացնել տարվա կտրվածքով:

-Հունիս ամիսն, իրոք, շատ ծանրաբեռնված էր թանգարանի համար, բայց վերջերս մենք գրեթե միշտ նույն խիտ գրաֆիկով ենք աշխատում: Այս պահին ցավով պիտի բարձրաձայնեմ, որ մեր երկրում 120-ամյակն այնքան էլ հոբելյանական չի համարվում, որ ընդգրկվի նշելի տարեդարձների ցանկում: Ուստի Քոչարի 120-ամյակի հետ կախված բոլոր միջոցառումների նախաձեռնողը միայն թանգարանն էր: Անչափ երախտապարտ ենք Նիկոլա Ազնավուրին և նրա տիկնոջը՝ Քրիստինա Սարգսյանին, որոնց աջակցությամբ կարողացանք հենց հունիսի 15-ին նշել մաեստրոյի ծնունդը «Ազնավուր» կենտրոնում: Մենք երեկոյի ընթացքում հյուրերին ներկայացրինք մի ֆիլմ, որի ստեղծման նպատակն էր Քոչարի ուղերձները, որ նա անվանել է «Փշրանքներ», հասցնել նրա արվեստի սիրահարներին:

Միակ հետաքրքիր նորամուծությունը, որ թանգարանին սպասվում է պետությունից, նոր տեխնոլոգիաների կիրառումն է, որը հնարավորություն կտա առաջ գնալ և որոշակիորեն համահունչ դառնալ միջազգային թանգարանային չափորոշիչներին: Սպասում ենք այդ ծրագրի իրագործմանը: Իսկ մինչ այդ փորձում ենք հնարավորինս լավ իրականացնել մեր գործառույթները: Մենք նաև կազմակերպում ենք տարբեր միջոցառումներ և հատուկ հանդիպումներ թանգարանի տարածքից դուրս, քանի որ Քոչարի քաղաքային քանդակները տալիս են դրա հնարավորությունը:

-Թանգարանում գործում է նաև «Քոչար» արվեստի ստուդիան: Ի՞նչ գործունեություն է այն ծավալում:

-Այն իրագործում է շատ հետաքրքիր ծրագրեր դպրոցահասակ երեխաների համար՝ նրանց ընձեռելով շարունակական զարգացման հնարավորություն: Ստուդիան իրականացնում է ոչ միայն նկարչության պարապմունքներ, այլև ծանոթացնում է արվեստի պատմությանը: Պարապմունքներն անց են կացվում կամ անհատական, կամ խմբակային հանդիպումների ձևով՝ ապահովելով և´ ժամանց, և´ գիտելիքներ: Ստուդիայի գործունեությունը նպաստում է թանգարանի հանրահռչակմանը:

-Լինելով տարածական նկարչության հիմնադիր՝ Քոչարն ունի՞ իր հետևորդները Հայաստանում:

Երվանդ Քոչարի թանգարան

-Ոչ, չունի: Իրականում դա շատ բարդ ուղղություն է: Քոչարը տարածական նկարչությունը համարում էր մեր դարի զգայությունը: Նկարչության այս ճյուղը տիրապետողից պահանջում է խորը գիտելիքներ և իմացության լայն շրջանակներ: Քոչարը տարածական նկարչության առաջին փորձերն արել է 1925-1926 թթ՝ արդեն 1928-ին Փարիզում ներկայանալով տարածական նկարների իր անհատական ցուցահանդեսով: 1936-ին էլ Քոչարը համաշխարհային հռչակ ունեցող մի շարք արվեստագետների հետ ստորագրեց Դիմանսիոնիզմի մանիֆեստը, որը նորագույն գեղագիտական սկզբունքների ազդարարն էր արվեստի զարգացման բոլոր ոլորտներում:

-«Դու պիտի բարձրանաս Հայաստանում ճիշտ այնպես, ինչպես Էյֆելյան աշտարակը՝ Փարիզում...»: Արդյո՞ք Եղիշե Չարենցի այս խոսքերն իրականացել են այսօր:

-Ցավոք, դեռ ոչ: Սկսեմ նրանից, որ եթե Քոչարը, 13 տարի ապրելով Փարիզում, ունեցավ 5 անհատական ցուցահանդես, ապա իր հայրենիք վերադառնալուց հետո՝ 1965-ին միայն բացվեց նրա առաջին ցուցահանդեսը, որից հետո եղան ընդամենը 3-4 ցուցահանդես (մեկն էլ մահից հետո՝ 1980-ին): 1975-ին՝ Վարդան Մամիկոնյանի արձանի բացման ժամանակ, Քոչարը, որ արդեն բավական ծեր էր և հիվանդ, արտասանել է ընդամենը մեկ նախադասություն, որ շարունակում է արդիական մնալ. «Պիկասոն ասել է՝ ես վախենում եմ ժամանակից, բայց իմ հույսը ժամանակի վրա է»:

-Ի՞նչ սրահներ ունի թանգարանը, որոնցով ներկայանում է այցելուներին:

-Քանի որ մաեստրոյի ողջ ստեղծագործական ընթացքը բաժանվում է երեք շրջանների, մեր սրահներն էլ որոշակիորեն համաձայնեցված են այդ փուլերին: Պարզապես թանգարանի տարածքը բավական փոքր է և ոչ հարիր՝ նման մեծության արվեստագետի ներկայացնելու համար: Արվեստաբանները Քոչարին համեմատում էին իտալական վերածննդի շրջանի արվեստագետների հետ, քանի որ արվեստի տարբեր ուղղություններում (և´ գրաֆիկայի ասպարեզում, և´ քանդակագործության, և´ գեղանկարչության) նա թողել է գլուխգործոց ստեղծագործություններ: Մենք փորձել ենք ժամանակագրական կարգը ինչ-որ ձևով պահել, բայց 3-4 փոքրիկ սրահներում հնարավոր չէ ներկայացնել արվեստագետի ողջ ժառանգությունը: Ամեն դեպքում թանգարան այցելողը կարող է տեսնել ոչ միայն Քոչարի լավագույն գործերը, այլև այն շատ յուրահատուկ փաստաթղթերն ու վավերագրերը, որ վարպետի և ժամանակի հայտնի արվեստագետների առնչությունների ապացույցն են:

Թանգարանի ընդարձակումն ու նմուշների պահպանության արդիական մեթոդների ներմուծումը մեզ կօգնի դառնալ միջազգային հարթակ միջազգային որակյալ ցուցահանդեսներ կազմակերպելու առումով, քանի որ Քոչար արվեստագետը մեզ լիուլի տալիս է այդ հնարավորությունը:

-Քոչարի թանգարանն արդյոք ունի՞ այցելուների խնդիր:

-Այո´, մենք ունենք այցելուների խնդիր՝ պայմանավորված հենց տարածքի փոքրությամբ: Զբոսաշրջային գործակալությունները, որ հիմնականում աշխատում են մեծ թվով զբոսաշրջիկների հետ, մեզ չեն կարողանում այցելել. թանգարանը չի կարող միաժամանակ այդքան մեծ թվով մարդկանց սպասարկել: Սա առաջին խնդիրն է: Երկրորդ հիմնական պատճառն այն է, որ նման գործակալությունների ղեկավարներն իրենք էլ առանձնապես տեղյակ չեն Քոչարի թանգարանի գոյության մասին և Քոչարին, ցավոք, ըստ արժանվույն գնահատելու խնդիրն ունեն դեռևս: Մենք անգամ փորձում ենք նրանց հրավիրել թանգարան, կազմակերպել էքսկուրսիաներ՝ ներկայացնելու համար, թե ինչ հարստություն ունի Հայաստանը: Անհատ մարդիկ ևս Հայաստան այցելած իրենց հյուրերին կարող են հանգիստ բերել մեր թանգարան՝ հպարտանալով Քոչարի նման բացառիկ մեծությամբ:

Երվանդ Քոչարի թանգարան

Ընդհանուր առմամբ մեր հասարակությունը դեռևս լավ տեղեկացված չէ Քոչարի արվեստից և չի գիտակցում, որ մաեստրոն աշխարհին ներկայանալու մեր լավագույն կերպերից կարող է դառնալ: Երբ մարդիկ այցելում են թանգարան, ապշում են՝ բացահայտելով Քոչարի գրաֆիկական ստեղծագործությունները և բացառիկ նորարարությունները նկարչության ասպարեզում:

-Ի՞նչ յուրահատուկ մոտեցումներ ունեք տարբեր տարիքային խմբերի այցելուների համար:

-Ունենք կրթական ծրագրերի շարքեր, որոնցից մեկը կոչվում է՝ «Բացահայտենք քոչարյան գաղտնագրերը»: Յուրաքանչյուր տարիքային խմբի համար հատուկ ծրագիր է մշակվել վարպետի ստեղծագործությունները ներկայացնելու առումով: Բացի դրանից՝ դեռ 2011-ից մեր գործունեության մաս է կազմում Քոչարի ստեղծագործությունները մեկնաբանող տեսաֆիլմերի ստեղծումը տարբեր լեզուներով: Այդ ֆիլմերը շատ օգտակար են Քոչարին ընկալելու, նրա ուղերձները տեղ հասցնելու առումով:

Մարդկանց Քոչարին կապող յուրահատուկ միջոցներից է նաև բացառապես քոչարյան թեմաներով ստեղծված և որոշակի դիզայներական մշակման ենթարկված հուշանվերների վաճառքը:

-Ի՞նչ կասեք թանգարանի աշխատակիցների մասին:

-Մեր թանգարանի աշխատակիցները հիմնականում երիտասարդներ են: Բայց ներկայումս շատ դժվար է նրանց երկար պահել թանգարանում: Մենք մեծ ջանք ենք թափում՝ երիտասարդներին կայացնելու, էքսկուրսիոն տեքստերը սովորեցնելու, նոր գիտելիքներ փոխանցելու վրա: Աշխատանքը նաև պահանջում է լեզուների իմացություն: Բայց այս ամենի հաղթահարումից և լավ մասնագետ դառնալուց հետո երիտասարդները գտնում են ավելի լավ վարձատրվող աշխատանք և հեռանում թանգարանից: Սա ցավ է մեզ համար, որովհետև մենք պատրաստում ենք հրաշալի սերունդ, որը ֆինանսական պայմանների պատճառով լքում է թանգարանը: Այնինչ մեզ նվիրյալներ են պետք:

-Ի՞նչ ձեռքբերումներ ունի թանգարանը վերջին տարիներին:

-2016-ին Իտալիայից նվեր ստացանք Քոչարի վենետիկյան շրջանի մի ստեղծագործություն՝ Ժորժ Զաքարյանի դիմաքանդակը: Այն մեզ նվիրեց Զաքարյանի 84-ամյա որդին՝ համոզված, որ հոր հիշատակը թանգարանում առավել վառ կպահենք: Անչափ ուրախ ենք, որ այդ մշակութային արժեքը հասավ թանգարան:

-Որտե՞ղ են ընդհանրապես ցուցադրվում Քոչարի ստեղծագործությունները:

-Դրանք սփռված են և´ աշխարհի տարբեր թանգարաններում (Փարիզի Պոմպիդու կենտրոն, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի տարբեր թանգարաններ) և´ մասնավոր հավաքածուներում: Քոչարի ամեն մի ստեղծագործություն իր առանձին ճակատագիրն ունի: Մենք, իհարկե, դեմ չենք, որ Քոչարը ներկայացված լինի տարբեր կարևոր ցուցադրական տարածքներում, բայց և չենք ժխտում, որ թանգարանի նպատակներից է քոչարյան ցուցանմուշներով համալրվելը:

-Ինչպե՞ս կամփոփեք զրույցը:

-Այս թանգարանն ինձ համար շատ հարազատ տարածք է, որտեղ անցել են մանկությանս տարիները՝ որպես Քոչարի թոռնուհի: Արդեն տարիներ շարունակ մեր ընտանիքն իր ողջ կյանքն է նվիրել Քոչարի ստեղծագործությունների պահպանմանն ու հանրահռչակմանը:

Ես համոզված կարող եմ ասել, որ այսօր աշխարհը հոգնել է ճանաչված անուններից և կարիք ունի նոր անվան բացահայտման, իսկ Քոչարն իրապես արժանի է բացահայտվելու: Նա կարող է մեծ ցնցում առաջացնել աշխարհում, ինչպես լինում է մեր բոլոր այն արտասահմանցի այցելուների հետ, որոնք, մտնելով թանգարան, շատ հանկարծակի հայտնաբերում են Քոչարի մեծության արվեստագետի:

Ուստի ես բոլորին սիրով հրավիրում եմ մեր թանգարան: Այդ այցելությունը անպայման մի պայծառ ու անջնջելի հետք կթողնի յուրաքանչյուրի պատկերացումներում...

Արփի Խաչատրյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: