Հայերեն   English   Русский  

Որևէ մեկի կողմը թեքվելը Հայաստանի համար կարող է ճակատագրական լինել. իրանագետ


  
դիտումներ: 1062

Իրանն ու ԱՄՆ շարունակում են միմյանց նկատմամբ կոշտ հռետորաբանություն գործածել։ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի բարձրագույն ղեկավարության նկատմամբ։ Նաև հայտարարել է, որ պատժամիջոցները կչեղարկվեն միայն այն պարագայում, երբ Իրանը համաձայնի համապարփակ համաձայնագիր կնքել, որը կկարգավորի միջուկային և բալիստիկ հրթիռների հարցը, մարդու իրավունքների խնդիրներն այդ երկրում, ինչպես նաև Իրանի գործունեությունը տարածաշրջանում։ Իրանն իր հերթին նշում է, որ պատրաստ չէ բանակցություններ վարել պատժամիջոցների պայմաններում և շարունակում է պնդել, որ ԱՄՆ-ն վերադառնա միջուկային համաձայնագրին, որից դուրս է եկել միակողմանիորեն։ Ավելին, հերթական պատժամիջոցներից հետո Իրանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ այդպիսով ԱՄՆ-ն «ընդմիշտ փակում է դիվանագիտության ուղին»։

Ստեղծված իրավիճակի և հնարավոր զարգացումների մասին է «Անկախը» զրուցել իրանագետ Ահարոն Վարդանյանի հետ։

-Պարոն Վարդանյան, Իրան-ԱՄՆ հարաբերություններում հռետորաբանությունը գնալով ավելի է կոշտանում: Օրերս ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ սահմանեց Իրանի ղեկավարության նկատմամբ, իրանական կողմն էլ հայտարարեց, որ այդպիսով փակվեց դիվանագիտության ուղին։ Ստեղծված իրավիճակում ռազմական գործողությունները որքանո՞վ են հավանական:

-Ըստ իս, երբ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառում, ապա ռազմական բախումն այս պարագայում այնքան էլ իրատեսական չէ: Հակառակ պարագայում պատժամիջոցներ չէին կիրառի, այլ անմիջապես ռազմական գործողություններ կսկսեին: Պարզապես Միացյալ Նահանգներում հասկանում են, թե ինչ է նշանակում ռազմական բախումն Իրանի հետ, և ինչ հետևանքների կարող է հանգեցնել այն: Բացի այդ, պատժամիջոցների սխեման կարծես թե փորձված է Միացյալ Նահանգների գործողություններում։ Փորձում են դիմել դրան, քանի որ այս պարագայում իրենք չեն ծախսում որևէ գումար, բայց մեծ վնասներ են հասցնում Իրանին և իրանական տնտեսությանը: ԱՄՆ-ում դա համարում են ավելի արդյունավետ միջոց Իրանի դեմ պայքարելու համար և ընտրել են պատժամիջոցային սխեման:

-Արդյո՞ք պատժամիջոցներն Իրանի պարագայում գործուն միջոց են: Իրանի պաշտոնյաները մեկ անգամ չէ, որ պատժամիջոցներն անօգուտ են որակել։

-Պետք է իմանանք, թե ինչ է ուզում Միացյալ Նահանգների վերնախավը: Ըստ իս՝ նրանց հիմնական ցանկությունն Իրանում իշխող վարչակարգի փոփոխությունն է: Այսինքն՝ պատժամիջոցների նպատակն է հասնել նրան, որ Իրանում փոփոխվի իշխող վարչակարգը և հաստատվեն այնպիսի ուժեր, որոնք կլինեն ամերիկամետ և համապատասխանաբար ամերիկամետ որոշումներ կկայացնեն: Թե որքանով են արդյունավետ պատժամիջոցները, ընթացքում կերևա: Համենայնդեպս, Իրանում շեշտում են, որ իրենց հասարակությունը և Իրանը սովոր են պատժամիջոցային քաղաքականությանը, շուրջ 40 տարի է, ինչ կա Իսլամական Հանրապետությունը, կան պատժամիջոցները, և Իրանը դրանց պայմաններում է զարգացել և հասել այն մակարդակին, որ ունի ազդեցություն մերձավորարևելյան բոլոր երկրների վրա, ունի ելք դեպի Միջերկրական ծով, որը երկար ժամանակ չի ունեցել իր պատմության ընթացքում: Չնայած նաև պետք է փաստենք, որ իրանական հասարակությունում կան դժգոհություններ, սոցիալ-տնտեսական որոշակի խնդիրներ, ինչը պատժամիջոցների հետևանք է:

Միացյալ Նահանգներում փորձում են պատժամիջոցներն ուժեղացնելով և ճնշումները շատացնելով հասնել նրան, որ հասարակությունում ավելի շատանան դժգոհությունները, որին կհաջորդեն մեդիա հարձակումները: Դա արդեն կերևա ընթացքում:

-Թե ԱՄՆ, թե Իրանի ներկայացուցիչները ներկայացրել են պայմանները, որի պարագայում կնստեն բանակցությունների: Երկուսի նախապայմաններն էլ տարբեր են, ավելին, հակադիր են միմյանց: Այս պայմաններում որքանո՞վ է իրատեսական բանակցությունների հնարավորությունը:

-Իրանական կողմից միշտ շեշտում են, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների սեղանի շուրջ կնստեն այն դեպքում, երբ Միացյալ Նահանգները վերադառնա միջուկային համաձայնագրին, որը լքել է միակողմանիորեն: ԱՄՆ-ն իր հերթին նշում է, որ այդ համաձայնագիրը թյուրիմացություն է, անհրաժեշտ է նոր համաձայնագիր։ Իրանը կտրականապես մերժում է դա։ Այստեղ կա հակասություն: Բայց երբ բանակցություն բառը շեշտվում է, այստեղ փոքր պատուհան է մնում բանակցելու և խնդիրները լուծելու համար: Կարծում եմ, ի վերջո կկարողանան ընդհանուր եզրեր գտնել, եթե ոչ ամերիկյան այս կառավարության, ապա հետագա կառավարությունների կամ իշխող վարչակարգերի հետ: Ի վերջո, պատմության մեջ ցանկացած խնդիր կարգավորվում է բանակցություններով, ոչ թե բախումների միջոցով:

-Իսկ արդյո՞ք կողմերի մոտ բանակցելու ցանկություն կա։

-Բանակցելու ցանկություն կա երկուսի մոտ էլ, որովհետև երկուսն էլ շեշտում են, որ չունեն պատերազմելու ցանկություն, պատերազմը հարցի լուծում էչ, որովհետև պատերազմը բերելու է համաշխարհային անկայունության: Այլ հարց է՝ կկարողանա՞ն երկու կողմերը գտնել ընդհանուր եզր բանակցությունների համար: Ներկայում, կարծում եմ, այնպիսի իրավիճակ է, որ չկան ընդհանուր եզրեր: Երկու կողմն էլ բարձր հռետորաբանություն է ընտրել: Չնայած դա էլ քաղաքականության մեջ ընդունված տարբերակ է, երբ բանակցություններից առաջ ընդունում են բարձր հռետորաբանություն, որ հետագայում բանակցությունների ընթացքում նահանջելու տեղ ունենան: Բայց հիմա վաղ է բանակցությունների մասին խոսել: Կարծում եմ, որ որոշակի ժամանակահատված ամեն ինչ այսպես կմնա, և հետո նոր միայն բանակցությունների մասին հնարավոր է խոսել:

-Իսկ տեղի՞ն եմ այն մեկնաբանությունները, որ ԱՄՆ-ն ներկայիս պատժամիջոցներով փորձում է Իրանին ստիպել նստել բանակցությունների սեղանի շուրջ:

-Ըստ իս՝ ԱՄՆ-ն այս պատժամիջոցներով փորձում է ոչ թե Իրանին ստիպել նստել բանակցությունների սեղանի շուրջ, այլ Իրանին հասցնել մի մակարդակի, երբ կթուլանա իրանական տնտեսությունը, և Իրանը ստիպված կլինի բանակցել այն պայմաններով, որը թելադրում է Միացյալ նահանգները։ Բայց իրանական կողմը չի գնա դրան, չեն ընդունի այն պայմանները, որ Միացյալ Նահանգներն է թելադրում, որովհետև շատ լավ են հասկանում, թե ինչ է դա նշանակում: Իրանական կողմին ԱՄՆ-ն պարտադրում է կնքել համաձայնագիր, որը կսահմանափակի հրթիռային ծրագրերը կամ չի թույլատրվի, որ հրթիռներ արտադրի: Իրանը հասկանում է, որ նման տարածաշրջանում հրթիռներ չարտադրելը ինքնասպանության նման մի բան է: Իրանական վերնախավը բազմիցս է անդրադարձել դրան:

-Կարո՞ղ են արդյոք բանակցություններ տեղի ունենալ միջնորդ երկրի նախաձեռնությամբ: Եվ արդյո՞ք առաջիկայում սպասվող G20 գագաթնաժողովում կարող է միջնորդ երկիր ընտրվել:

Հնարավոր է ամեն ինչ: Բայց մենք տեսանք, թե ինչպես պատասխանեցին միջնորդություն իրականացնելու Ճապոնիայի փորձին: Իրանի առաջնորդը նշեց, որ չի վստահում ամերիկյան իշխանությանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Այս պարագայում խնդիրը ոչ այնքան միջորդ երկիրն է, որքան Իրանի անվստահությունը միացյալ նահանգների նկատմամբ:

-Պարոն Վարդանյան, տարածաշրջանային զարգացումներն ինչպե՞ս կարող են ազդել Հայաստանի վրա: Եվ ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի դիրքորոշումը ստեղծված իրավիճակում:

-Բնականաբար, Հայաստանը պետք է չեզոք դիրքորոշում ունենա: Որևէ մեկի կողմը թեքվելը Հայաստանի համար կարող է ճակատագրական լինել: Էլի են եղել նման լարված իրավիճակներ Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունների պատմության ընթացքում, սա նորություն չէ, և հայկական կողմը միշտ կարողացել է գտնել հարմար տեղ և դիրքավորվել, ԱՄՆ-ին կարողացել է բացատրել Իրանի կարևորությունը, Իրանին կարողացել է բացատրել ԱՄՆ-ի կարևորությունը Հայաստանի համար: Պարզապես Հայաստանը պետք է կարողանա ճիշտ գնահատել իրավիճակը և ճկուն դիվանագիտական քայլերով, հստակ աշխատանքով կարողանա դիրքավորվել:

Ինչ վերաբերվում է իրավիճակին, տարածաշրջանում կա մեծ անկայունություն, ինչից կարող են օգտվել մեր թշնամի երկրները՝ Ադրբեջանը և Թուրքիան, որոնք չեն էլ թաքցնում իրենց թշնամական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: Աշխարհի խառը լինելու պարագայում նրանք կարող են արկածախնդրության դիմել մեր սահմանների նկատմամբ:

-Ձեր կարծիքով՝ Հայաստանը կարո՞ղ է որպես միջնորդ հանդես գալ Իրանի և ԱՄՆ-ի միջև:

-Դա շատ բարդ է: Իհարկե, կարելի է նախաձեռնել: Բայց ներկայում Հայաստանը գտնվում է այնպիսի իրավիճակում, երբ զբաղված է ներքաղաքական խնդիրներով: Լավ կլինի, որ Հայաստանը մտածի այս մասին և կարողանա իրականացնել: Բայց ներկա պարագայում դեռևս պետք է արտաքին քաղաքականության բարելավման ուղղությամբ աշխատանքներ տանել: Աշխարհաքաղաքական ռիսկեր կան, որոնք պետք է գնահատել միջնորդական առաքելությունը ստանձնելուց առաջ կամ նման առաջարկ անելուց առաջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: