Հայերեն   English   Русский  

Կամ «պառկած ոստիկաններ», կամ արագաչափեր տեղադրեք. Գլինկա-Լիսինյան փողոցների բնակիչների պահանջը


  
դիտումներ: 244

Այսօր՝ հունիսի 26-ին Երեւան քաղաքի Գլինկա-Լիսինյան փողոցների բնակիչները մոտ 1 ժամ փակել էին փողոցները միմյանց կապող խաչմերուկը:

Քիչ առաջ փողոցների խաչմերուկը մոտ 1 ժամ փակած բնակիչները բացեցին փողոցը, թաղապետարանի ներկայացուցիչն ու ճանապարհային ոստիկանության աշխատակիցները խոստացան 3 օրում խնդրին լուծում տալ։

Բողոքի ակցիա սկսած բնակիչները պահանջում էին փողոցների այդ հատվածում տեղադրել կամ «պառկած ոստիկաններ», կամ արագաչափ։

Բնակիչները պատմում են, որ այդ փողոցում հաճախ են ավտովթարներ եւ վրաերթեր տեղի ունենում, քանի որ մեքենաները սահմանված արագությունից ավելի բարձր են վարում։

«Մոտ 7 ամիս առաջ, մեր բակից մի երեխա վրաերթի ենթարկվեց, չմահացավ, մի քանի վնասվածքով հիմա տանն է։ Անցյալ օրը, ոչ սթափ վիճակով էս սյանն է հարվածել այլ մեքենա։ Ի՞նչ անենք, էս ժողովուրդը բակից դուրս ա գալիս, ընկնում ա ավտոյի տակ։ 60 արագությունից բարձր են քշում։ Մենք առաջարկում ենք գոնե 2 պառկած հարթակ դնեն, որ էս ավտոները դանդաղ գնան, որ մարդիկ չընկնեն ավտոյի տակ։ Բնակելի վայրը տրանս է դարձել»,- պատմեց բնակիչը։

Բնակիչները նշում են, որ մի քանի անգամ դիմել են Երեւանի քաղաքապետարան, սակայն դրական արձագանք չեն ստացել. «Դիմել ենք 3 անգամ Երեւանի քաղաքապետարան, սակայն ոչ մի անգամ բավարար պատասխան չենք ստացել։ Փոխքաղաքապետը նպատակահարմար չէր գտել պատասխանել։ Կաբինետի մեջ նստած մեզ ասում ա նպատակահարմար չի լինի, ես էլ առաջարկել եմ, ով որ ասել է նպատակահարմար չի, թող իր կնոջ ու երեխեքի հետ գա անցնի էս փողոցը, տեսնեմ կարա անցնի»։

Ոսիկանության աշխատակիցները խոստացել են բնակիչներին կամ լուսացույց դնել կամ պառկած հարթակներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: