Հայերեն   English   Русский  

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և staff.am-ը այսուհետ կհամագործակցեն


  
դիտումներ: 221

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և staff.am կարիերայի հարթակն այսուհետ կհամագործակցեն մարդկային ռեսուրսների հավաքագրման ոլորտում։

Այսօր՝ հունիսի 26-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և staff.am կարիերայի առաջատար հարթակի միջև կնքվեց համագործակցության հուշագիր՝ նպատակ ունենալով բարձրացնել ՀՀ քաղաքացիների լայն շրջանակների իրազեկվածությունը պետական մարմիններում առկա թափուր պաշտոնների մասին, ինչպես նաև աջակցել ՀՀ պետական մարմիններում աշխատանքի ընդունման գործընթացին։

«Հայաստանում աշխատաշուկայի զարգացումը և աջակցությունը պետական մարմիններին լավագույն մասնագետներին հավաքագրելու գործում staff.am առաջնահերթություններից մեկն է հանդիսանում։ Մենք այժմ նաև մշակում ենք տեխնոլոգիական լուծում պետական բոլոր մարմինների աշխատանքները staff.am հարթակի առանձին բաժնում ներկայացնելու համար, ինչի շնորհիվ պետական մարմինների աշխատանքներով հետաքրքրված քաղաքացիները կարող են անմիջապես ծանոթանալ աշխատատեղերի պահանջներին և դիմել staff.am-ի միջոցով», - նշեց staff.am համահիմնադիր Վահե Ավետիսյանը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի գլխավոր քարտուղարի լիազորություններն իրականացնող Սամվել Մուրադյանը նշեց, որ այս հուշագիրը մեկ քայլ առաջ է մրցունակ և արհեստավարժ մասնագետներին պետական համակարգում ներգրավելու առումով։

Հուշագրի շրջանակներում staff.am-ն ապահովում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և վերջինիս ենթակա մարմինների քաղաքացիական ծառայության պաշտոնների մրցույթների և թափուր աշխատատեղերի վերաբերյալ հայտարարությունների տեղադրումը staff.am կայքում և տարածումը staff.am սոցիալական ցանցերի միջոցով` դրանով իսկ հայտարարություններն ավելի հասանելի դարձնելով հասարակության լայն շրջանակների համար։

Նախատեսվում են համագործակցություններ մյուս նախարարությունների և պետական մարմինների հետ նույնպես՝ ՀՀ պետական մարմինների աշխատանքները մեկ վայրում ներկայացնելու համար։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: