Հայերեն   English   Русский  

Դուք մտնում եք Փարաջանովի աշխարհ...


  
դիտումներ: 2018

«Դեպի թանգարան» խորագրի շրջանակներում այս անգամ զրուցել ենք Սերգեյ Փարաջանովի թանգարանի հիմնադիր տնօրեն, լուսանկարիչ Զավեն Սարգսյանի հետ:

Զավեն Սարգսյան

-Պարոն Սարգսյան, Դուք ղեկավարում եք թանգարանն իր ստեղծման օրվանից: Ինչպե՞ս է փոխվել այն ժամանակի ընթացքում:

-Մասնագիտության բերումով ես շփվել եմ Փարաջանովի հետ 12 տարի, ինչն էլ իր յուրահատուկ կնինքն է դնում այս թանգարանի գործունեության վրա: Ընդհանրապես ամեն մի նոր բանի ստեղծումը շատ դժվար է: Թանգարանը հիմնադրվել է 1988-ին, բայց բացվել է 1991-ին՝ Փարաջանովի մահից մեկ տարի անց: Եվ քանի որ Փարաջանովն այլևս մեզ չէր կառավարելու, օգնելու և խորհուրդներ տալու, պատկերացրեք՝ ինչ բարդություններ ստեղծվեցին, բայց տարիների ընթացքում մեր իսկ սխալների ու փորձառության հիման վրա հանգեցինք թանգարանի ներկայիս էքսպոզիցիային: Իհարկե, այնպես չէ, որ ամեն ինչ քարացած է: Երբ նոր իր ենք ձեռք բերում կամ նվեր ստանում, որոշակի փոփոխություններ ենք անում հիմնական ցուցադրության մեջ. կամ խտացնում ենք կամ մի փոքր այլ ձև ենք դասավորում կամ ինչ-որ մի գործ ենք հանում:

Սերգեյ Փարաջանովի թանգարան

Թանգարան ղեկավարելը շատ նուրբ գործ է, միաժամանակ շատ ճշգրիտ: Թանգարանային կյանքի օրենքներին տիրապետելու համար տարիների փորձ և իմաստություն է պետք: Մեր թանգարան ոտք դնողը կտրվում է աշխարհից՝ շնորհիվ թե´ Փարաջանովի մեծության, թե´ պատուհանների բացակայության:

Դա մտածված քայլ է. թանգարան մտնելով՝ դուք մտնում եք Փարաջանովի աշխարհ: Ի դեպ, ասեմ, որ մարդիկ կան, որոնք չեն հաշտվում նման կառուցվածքի հետ, բայց մենք դա էլ ենք բնական համարում: Ամեն դեպքում ամեն ինչ անում ենք, որ անգամ Փարաջանովի արվեստին անծանոթ մարդը մի քիչ հուզված դուրս գա թանգարանից: Այսօր արդեն, բացի էքսկուրսիայից, այցելուները թանգարանին կարող են ծանոթանալ նաև աուդիոգիդի օգնությամբ:

-Թանգարանը Երևանի ամենաշատ այցելուներ ունեցող մշակութային օջախներից է և գրեթե պակաս չունի նաև հայտնի հյուրերի: Արդյոք գաղտնիքը միայն Փարաջանովի անձի՞ մեջ է, թե՞ թանգարանն էլ ունի իր յուրահատուկ մոտեցումները:

-Երկուսն էլ կարևոր են, բայց չենք կարող չխոստովանել, որ անձից շատ բան է կախված: Ինչպես, ասենք, Իսպանիա գնացողներն անպայման այցելում են Սալվադոր Դալիի թանգարան, քանի որ վերջինս եզակի երևույթ է ամբողջ աշխարհում, այնպես էլ Փարաջանովն է եզակի: Մարդիկ ցանկանում են առնչվել նրա արվեստին: Փարաջանովը մեր երկրի առավելությունն է: Նման մեծության արվեստագետ շատ քիչ է հանդիպում աշխարհում:

Սերգեյ Փարաջանովի թանգարան

Ինչ վերաբերում է բարձրաստիճան հյուրերին, իհարկե, հաճելի է, երբ հայտնի մարդիկ են այցելում թանգարան, բայց մեզ համար թանկ է ամեն մի այցելու: Մենք կարևորում ենք, որ բոլոր թանգարան այցելողներն իրենց երջանիկ զգան այստեղ և չցանկանան հեռանալ: Մեր աշխատանքի ամենամեծ գնահատականն այն է, երբ մարդիկ հուզվում են մեզ այցելելիս, երբ խոստովանում են, որ սա ամենահաճելի վայրն է իրենց համար մեր քաղաքում: Այցելուների աչքերի առջև մեր թանգարանում բացվում է փարաջանովյան հրաշքը, և նրանք հենց այդպես էլ նկարագրում են իրենց զգացողությունները:

Ես շատ կարևորում եմ, որ թանգարան գնալն ընդհանրապես դարձնենք սովորություն: Եվ խոսքը մեր թանգարանի մասին չէ միայն:

-Ցավալիորեն կենդանության օրոք Փարաջանովն այդպես էլ մնաց չհասկացված թե´ որպես մարդ, թե´ որպես արվեստագետ: Թանգարանը որքանո՞վ է մատչելի այցելուին:

-Այսօր Փարաջանովն աստիճանաբար առավել հասկանալի է դառնում: Գիտեք՝ հանճարների ճանապարհը շատ դժվար է, և գրեթե միշտ նրանք սովորաբար իրենց կյանքի օրոք մնում են չհասկացված: Նույնն էլ Փարաջանովի դեպքում է: Թանգարանի խնդիրն է բացահայտել Փարաջանովի գործունեությունը և ճանաչելի դարձնել նրան հայ հասարակությանն ու ոչ միայն:

Ընդհանրապես արվեստն ուրիշ լեզու ունի: Մարդիկ դեռ մանկուց պիտի պատրաստ լինեն արվեստի գաղտնիքներին: Դրա համար ես միշտ հորդորում եմ մեծահասակներին երեխաներին թանգարան բերել դեռ մանուկ հասակից: Այն, ինչ նրանք կհասկանան այդ տարիներին, շատ մեծ արդյունք կտա հետագայում: Արվեստ հասկացող մարդը տարբերվում է իր շրջապատում:

Ասեմ, որ մեզ այցելում են ամենատարբեր տարիքային շերտերի ներկայացուցիչներ: Տարիքավորներն անգամ հիշում են Փարաջանովի կրած դժվարությունները և այդ աչքով են դիտում ցուցանմուշները, իսկ երիտասարդները դեռ որոնումների մեջ են: Իհարկե, կան այցելուներ, որ միանգամից տեսնում ու զգում են Փարաջանովի մեծությունը, նրանց անգամ պետք չէ ոչինչ բացատրել, բայց և կան այնպիսինները, որոնք անգամ երկար բացատրելուց հետո չեն հասկանում՝ ինչ ես ասում: Կարևորում եմ նաև դպրոցականների այցելությունները, բայց անհրաժեշտ է, որ աշակերտին թանգարան բերող ուսուցիչն այդ քայլն անելուց առաջ գոնե որոշակիորեն նախապատրաստի երեխաներին, ոչ թե այցելությունը թանգարան դառնա դաս չանելու առիթ: Միայն ուսուցչի ու մեր ճիշտ մոտեցման արդյունքում է հնարավոր, որ հետագայում ներկայիս աշակերտն արդեն ինքնուրույն այցելի թանգարան:

-Թանգարանը դեռ 1990-ից աշխարհի տարբեր երկրներում կազմակերպել է Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունների ցուցադրություններ: Ինչպե՞ս են իրագործվում դրանք:

-Ունեցել ենք 65-ից ավել ցուցադրություններ, որոնք հնարավոր չէ իրականացնել միայն մեր ցանկությամբ: Քանի որ մենք չունենք այնպիսի ֆինանսական միջոցներ, որոնցով կկարողանայինք կազմակերպել այդ ցուցադրությունները, հրավիրող կողմն ինքն է հոգում բոլոր ծախսերը: Իսկ մեր մասին դրսում իմանում են թե´ արդեն իսկ կազմակերպված ցուցադրությունների ժամանակ, թե´ մեր թանգարան այցելած օտարերկրացի հյուրերի միջոցով: Վերջիններս, ոգևորվելով Փարաջանովի գործերով, նախ մեզ առաջարկում են իրենց երկրում ներկայացնել որոշ ցուցանմուշներ, և մեր համաձայնությունը ստանալուց հետո արդեն տեղում կազմակերպում են ցուցադրությունը: Իսկ, օրինակ՝ ադրբեջանցիները, քանի որ ոչինչ չունեն ցուցադրելու, կարող են միլիոններ ծախսել՝ ինչ-որ մի անարժեք ցուցադրություն կազմակերպելու համար, որը ոչ մեկին անհրաժեշտ չէ:

Այս ցուցադրություններն օգնում են ճանաչել առաջին հերթին Փարաջանովին, ապա՝ նոր թանգարանը: Իհարկե, ցուցադրությունները նաև ունեն մի վատ կողմ. արդյունքում կարող են լինել որոշ վնասված գործեր, բայց ամեն դեպքում սա էլ կարևոր աշխատանք է, որ պետք է իրականացվի: Ի վերջո, այդքան հեշտ չէ արժանանալ աշխարհի տարբեր երկրներում ցուցադրվելուն: Գաղտնիքը և´ Փարաջանովի անձի մեջ է, և´ մեր մատուցման ձևի, շփման մշակույթին ու մանրուքներին տիրապետելու հմտությունների:

-Թանգարանի ներսում կազմակերպվում են նաև տարաբնույթ միջոցառումներ՝ անգամ ոչ անմիջականորեն Փարաջանովին առնչվող:

-Սերգեյ Փարաջանովի թանգարանը միայն թանգարան չէ, այլև մշակութային կենտրոն քաղաքի համար, որ հատուկ նշանակություն ունի իր բարձր մակարդակի շնորհիվ: Դրա համար երբեմն հրաժարվում եմ տարբեր համագործակցության առաջարկներից, որոնք այս կամ այն կերպ հակասում են մեր գծած բարձր սանդղակին: Շատ կարևոր է ոչ միայն մակարդակ ստեղծելը, այլև պահելը: Այս գործելաոճը կարող է նաև օրինակ ծառայել այլ մշակութային օջախների, որ նրանք էլ լավի, վեհի ձգում ունենան:

-Ի՞նչ խնդիրներ և ձեռքբերումներ ունի թանգարանը:

Սերգեյ Փարաջանովի թանգարան

-Ցավոք, մենք ունենք տարածքի խնդիր: Եթե, օրինակ՝ տեղը մեծ լիներ և դահլիճ ունենայինք, կկարողանայինք տարաբնույթ ցուցադրություններ կազմակերպել: Ունենք նաև թանգարանի գոնե կոսմետիկ վերանորոգման խնդիր, ինչը հատկապես բարդ է կազմակերպել գործերի տեղաշարժման առումով: Վերջին անգամ նման տաժանակիր աշխատանք արել եմ 18 տարի առաջ ինքնուրույն, իսկ հիմա պետք է մարդ, ով կօգնի և ում կվստահեմ:

Այս պահին ձեռքբերումներից ցանկանում եմ նշել անցյալ տարի Ստամբուլում կազմակերպած մեր հիանալի ցուցահանդեսը, որ ձգվեց մինչև այս տարվա մարտ ամիսը: Հաջողություն եմ համարում նաև հովանավորների օգնությամբ ձեռք բերված փարաջանովյան աշխատանքներն ու տեխնիկայի թարմացումը, ինչն այնքան անհրաժեշտ է մերօրյա թանգարաններին:

-Մեկանգամյա այցելությունը բավարա՞ր է Ձեր թանգարանի մասին պատկերացում կազմելու համար:

-Ոչ միայն մեր, այլ ցանկացած թանգարան պետք է մանրամասն ուսումնասիրվի: Ես ուղղակի չեմ կարող հասկանալ այն մարդկանց, որոնք մեկ օրում այցելում են երկու թանգարան: Չափազանցություն չթվա, բայց Փարաջանովի թանգարան պիտի գալ ամբողջ կյանքում, որովհետև կյանքի տարբեր փուլերում նախկին տեսածներդ սկսում ես այլ գույներով տեսնել, ավելի խորը, ավելի հասկանալի: Ամեն այցելելուց հետո կարող են փոխվել նաև այս կամ այն գործի նկատմամբ ունեցած նախընտրություններդ: Որքան ժամանակ է ծախսել արվեստագետն այս ամենի ստեղծման վրա, որքան մտածմունքներ է ունեցել արարելիս, իսկ դա հնարավոր չէ հասկանալ ու գնահատել մեկանգամյա այցելությամբ: Այդ ամենը հենց կարող է պատճառ դառնալ, որ թանգարան այցելությունը դառնա անվերջանալի ընթացք:

-Ինչպիսի՞ խոհեր ունեք թանգարանի ներկայի և ապագայի հետ կապված:

-Այն, ինչ ստեղծվեց սկզբում, թանգարանի կմախքն էր: Երեսուն տարիների ընթացքում թանգարանը պիտի մարմին դառնար: Ժամանակն է արդեն մտածելու՝ ինչպես պետք է պահել այն: Իմ խնդիրն է, որ հետագայում թանգարանն ունենա բանիմաց ու սրտացավ ղեկավար: Այսօր շատ դժվար է նման մարդ գտնելը: Երիտասարդները, ցավոք սրտի, գործին նայում են որպես գումար վաստակելու միջոց: Չկա սեր և հանուն թանգարանի ինքնազոհողության գնալու պատրաստակամություն: Դրսից մեր աշխատանքը գուցե ցանկալի թվա շատերին, բայց թանգարան ղեկավարելը նաև տանջանք է, որ ամեն մեկը չի կարող անդավաճան կրել իր ուսերին: Փարաջանովի կենդանության օրերին այս ամենի մասին անգամ պատկերացում չէի կարող ունենալ. ես ուղղակի սիրում էի նրան, ինձ կարևոր էր շփվել նրա հետ:

Կարծում եմ՝ նա հիմա գոհ է թանգարանի գործունեությունից: Ես միշտ զգում եմ Փարաջանովի ներկայությունը և ցավ եմ ապրում, որ նա չտեսավ այս ամենը, չապրեց այս ուրախությունը...

Արփի Խաչատրյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: