Հայերեն   English   Русский  

Նախադեպային որոշում էր. Վարչական դատարանի վճռով՝ Գորայքում նորից համայնքապետի ընտրություններ կլինեն


  
դիտումներ: 126

Հունիսի 24-ի վճռով ՀՀ Վարչական դատարանն անվավեր է ճանաչել հունիսի 8-ին Սյունիքի մարզի Գորայք համայնքում կայացած ՏԻՄ արտահերթ ընտրությունների, մասնավորապես՝ համայնքապետի ընտրությունների արդյունքները, համաձայն որոնց՝ Գորայքի ղեկավար էր ընտրվել ինքնաառաջադրված թեկնածու Աշոտ Աղաջանյանը:

Մյուս՝ չընտրված թեկնածու և նույնպես ինքնառաջադրված Արտյոմ Գրիգորյանը դիմել էր դատարան՝ վիճարկելով այդ ընտրությունների արդյունքները:

Ըստ վերջինիս փաստաբան Գևորգ Մկրտչյանի՝ խնդիրը նրանում է, որ ընտրատեղամասերից մեկում 59 կնքված ծրարները մարվել են, քանի որ եղել են անվավեր, բայց դրանցում առկա քվեաթերթիկները հաշվարկվել են. «Հաղթող ճանաչված թեկնածուի եւ դատարան դիմած թեկնածուի միջեւ ձայների տարբերությունը եղել է ընդամենը 15: Մեզ մոտ կասկած առաջացավ՝ կապված այն հանգամանքի հետ, թե ինչու են այդ քվեաթերթիկները կնքվել, որովհետեւ նույն հանձնաժողովի անդամը, որը նախորդիվ մասնակցել էր ընտրական գործընթացին, նման սխալ թույլ չէր տվել: Այդ առիթով մեր անհանգստությունը եւ մտավախությունը հայտնեցինք դատարանին: Դատարանն էլ համաձայնեց մեր հետ եւ անվավեր ճանաչեց համայնքապետի ընտրությունների արդյունքները: Դատարանը կայացրեց արդար դատական ակտ, դատավորներն անաչառ գտնվեցին»:

Փաստաբան Գեւորգ Մկրտչյանը նշում է, որ իր տեղեկություններով՝ տարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ հունիսի 30-ին Գորայքում կլինի նոր քվեարկություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: