Հայերեն   English   Русский  

Դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք. Երևանի ավագանու նիստում թեժ քննարկումներ են


  
դիտումներ: 144

Այսօր՝ հունիսի 26-ին գումարված Երևանի ավագանու հերթական նիստը բավական թեժ մթնոլորտում է անցել:

«Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը դիմեց Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանին՝ հարցնելով, թե շարունակվու՞մ են իր և վարչական շրջանի կոլեկտիվի խնդիրները: Ի պատասխան Դանիելյանն ասաց. «Երևանի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում իրական արժեք ստեղծող աշխատակիցները, որոնք այս իրականության մեջ արդեն ընկալել են, որ աշխատավարձով, առավելագույնը պարգեւավճարով պետք է աշխատեն, շատ նորմալ աշխատում են եւ շատ բարձր ցուցանիշներ ենք գրանցում աշխատանքի ընթացքում: Մնացած բամբասանքների մասով կարծում եմ՝ հարգալից ավագանու անդամների, քաղաքապետի ու մնացած ներկաների ժամանակը չարժե վատնել»:

Սրան շատ բուռն արձագանքեց Անի Խաչատրյանը. «Դուք չպետք է ասեք, թե իմ ժամանակն ինչպես վատնեմ, ձեր տեղն ու դերը խառնել եք, պարոն թաղապետ: 30 տոկոս պարգեւավճար տվել եք ներքին օղակին, իսկ վերին օղակին տվել եք 70 տոկոս, որոնք ձեր մերձավորներն են: Աղմուկից հետո նոր ավելացրել եք մյուսների տոկոսները: Ինչու մնացած վարչական շրջանները չունեցան այս խնդիրը, խնդիրը ձեր մեջ է: Պարոն քաղաքապետը դրան պետք է լուծում տա»:

Բանավեճին փորձեց լուծում տալ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը. «Եթե մարդիկ պատրաստ են նոր Հայաստանի նոր մեթոդներով աշխատել, իրենք մեզ համար ողջունելի են, եթե մարդիկ պատրաստվում են հին օրենքներով շարժվել, ապա իրենք մեր շարքերում տեղ չունեն»:

Այնուհետև Անի Խաչատրյանը, դիմելով քաղաքապետարանի աշխատակազմի Առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանին, հետաքրքրվեց, թե ինչու է վերջինիս անունը կապվում մի շարք պոլիկլինիկաների հետ:

«Երեւանում կան մի քանի կառավարման հանձնված բուժհաստատություններ եւ դրանց շուրջ ձեր անունն է շոշափվում, պարոն Բաբինյան: Տխրահռչակ 19-րդպոլիկլինիկայի բաժնի պետերից մեկը ձեր հորաքույրն է, Էրեբունու «Գրիգոր Նարեկացի» ծննդատան փոխտնօրենը ձեր քույրն է: Այս բուժհաստատությունների, ինչպես նաեւ կադիոլոգիայի ինստիտուտի դիահերձարանի մասին եւս շրջանառվում են լուրեր, որ դուք ունեք մասնաբաժին, փայ եւ ձեր ենթակայության տակ գտնվող Երեւան քաղաքի շտապօգնությանն ուղղորդում եք տվյալ դիահերձարան: Ծուխն անկրակ չի լինում, եւ սովորաբար նման լուրերը միշտ ճիշտ են դուրս գալիս»,-հայտարարեց Անի Խաչատրյանը:

Լարված վիճակը լիցքաթափելու համար քաղաքապետ Հայկ Մարությանն անեկդոտ հիշեց. «Որ անընդհատ ասում եք՝ 19-րդ պոլիկլինիկա, ես հայտնի անեկդոտն եմ հիշում, որ ասում է՝ դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք»:

Անի Խաչատրյանի հարցին ի պատասխան Բաբինյանն ասաց. «Հորաքույրս թիվ 19 պոլիկլինիկայում աշխատում է որպես մայրապետ: Այո, քույրս աշխատում է «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ում որպես փոխտնօրեն: Ձեր բերած պնդումները, թե ես որեւէ առնչություն ունեմ այդ բուժհաստատությունների հետ, բացարձակ իրականությանը չի համապատասխանում: Դուք կարող եք ստուգել»:

«Իմ բալիկը տխչահռչակ 19-րդ պոլիկլինիկայում է հաշվառված եւ երբեւիցե տեղեկատվություն չեմ ստացել անվճար դեղորայքի տրամադրման մասին. ուր են գնում այդ դեղերը»,-կրկին Կամսար Բաբինյանին դիմեց Անի Խաչատրյանը,- «Միգուցե պատահաբար ձեր ընկերներից մեկը դեղատուն ունի՞: Պոլիկլինիկաների բուժկազմը հիվանդներին ուղղորդում է մասնավոր լաբորատորիաներ՝ մեկնաբանելով, թե պոլիկլինիկաների լաբորատորիաներից ստացվող պատասխաններն արժանահավատ չեն: Այնինչ պոլիկլինիկաների լաբորատորիաները հագեցած են տեխնիկայով: Նույն տխրահռչակ 19-րդ պոլիկլինիկայում մամոգրաֆիայի սարքը կա, որ 1,5 տարի չի աշխատում: Սա խոսում է այն մասին, որ ատկատի մեխանիզմը շարունակում է գործել»:

Ի պատասխան Կամսար Բաբինյանն ասաց, որ իրենք անվճար դեղորայքի հետ կապված հարցին ծանոթ են, դա բավական քննարկել են փոխքաղաքապետի հետ. «Մենք ահազանգով եղել ենք թիվ 20 պոլիկլինիկայում, տնօրենը հավաստիացրել է, որ վիտամին D-ն բոլոր բալիկները ստանում են: Եղել է մեկ դեպք, որ չի եղել վիտամին D, եւ հաջորդ օրը ծնողին տրամադրվել է վիտամին D-ի քանակը: Ինչ վերաբերում է ատկատներին, եթե ատկատի հետ կապված փաստեր կան, խնդրում եմ տրամադրեք, որ մենք դիմենք ոստիկանություն»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: