Հայերեն   English   Русский  

Ստամբուլի ընտրությունների արդյունքներն ԱՄՆ-ի յուրօրինակ պատժամիջոցն էին ընդդեմ Էրդողանի․ թուրքագետ


  
դիտումներ: 823

Արդյոք Էրդողանի երկրորդ պարտությունը Ստամբուլում հետագա փոփոխությունների խորհրդանիշն է։ Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պարտությունը Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում։ Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի կարծիքով՝ քանի դեռ լարված են Թուրիա-Արևմուտք, մասնավորապես ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հարաբերությունները, որևէ զարգացում Թուրքիայում բացառել հնարավոր չէ։ Սակայն, ներկայում, թուրքագետի խոսքով՝ Ստամբուլում ընդդիմության հաղթանակը դեռ ոչինչ չի նշանակում․ իշխանությունը պատկանում է «Արդարություն և զարգացում» կուսակցությանը, Էրդողանի վարկանիշը բարձր է, շատ մարդիկ էլ, հաշվի առնելով ԱԶԿ-ի կառավարման տարիներին արձանագրված տնտեսական հաջողությունները, հույսեր են կապում Էրդողանի և նրա կուսակցության հետ։

Ինչո՞ւ պարտվեց իշխանության թեկնածուն

Դեռևս մարտի 31-ին տեղի ունեցած ընտրություններում, ճիշտ է, ձայների փոքր, շուրջ 13000 առավելությամբ, հաղթել էր ընդդմիության թեկնածուն՝ Էքրեմ Իմամօղլուն։ Իշխանությունները, սակայն, չհամակերպվելով երկրի խոշորագույն քաղաքներից մեկում իշխանության կորստի հետ, չեղարկեցին ընտրությունների արդյունքները։ Նման քայլը թույլ էր տալիս ենթադրել, որ երկրորդ ընտրություններում մեծ կլինի իշխանության թեկնածուի հաղթելու հավանականությունը։ Մանավանդ որ հայտարարվել էր՝ ընտրատուփերում առկա առանց կնիքի ծրարները ևս վավեր կհամարվեն, ինչը լցոնումներն օրինականացնելու հնարավորություն էր ընձեում։ Բայց, հունիսի 23-ին տեղի ունեցած ընտրություններում ընդդմիության թեկնածուն ռեկորդային ցուցանիշներ արձանագրեց՝ ստանալով քվեների 54 տոկոսը՝ շուրջ 800 000 քվե ավելի, քան իր մրցակից Բինալի Յըլդըրըմը։ Վերջին 35 տարում Ստամբուլի որևէ քաղաքապետ նման բարձր ցուցանիշ չէր ապահովել։

«Մենք կկառուցենք ժողովրդավարություն այս քաղաքում, մենք կկառուցենք արդարություն։ Խոստանում եմ՝ այս գեղեցիկ քաղաքում մենք կկառուցենք ապագան»,- ասել է Իմամօղլուն՝ հաղթանակից հետո դիմելով քաղաքի բնակիչներին։

Ուշագրավ է, որ Իմամօղլուն հաղթել է անգամ պահպանողական և կրոնական թաղամասի համարում ունեցող կենտրոնական Ֆաթիհ թաղամասում, այն պարագայում, երբ իշխանական թեկնածուն իսլամիստականի համբավ ուներ։ Փորձագիտական շրջանակներում նման պատկերը հետագա փոփոխությունների հնարավորությունների մասին խոսակցությունների տեղիք է տվել։

Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանն, անդրադառնալով իշխանական թեկնածուի պարտությանը, նշում է, որ պատճառները մի քանիսն են։ Որպես առաջնային գործոն՝ նա շեշտադրում է, որ Թուրքիայի խոշոր քաղաքներում Էրդողանին տված քվեներն ավանդաբար շատ չեն․ այդպիսին են եղել նաև նախորդ տարվա սահմանադրական հանրաքվեի արդյունքները։ Խոշոր քաղաքներում են կենտրանացված բիզնես կենտրոնները, և ընտրություննն այստեղ հաճախ պայմանավորված է գործարար շահով։ Բացի այդ, ըստ Խուդավերդյանի, խոշոր քաղաքներում շատ են նաև գյուլենականները, նրանց ազդեցությունն էլ իր դերակատարումն ունենում է։ Երրորդ գործոնն, ըստ թուրքագետի, արևմտյան երկրների հատուկ ծառայություններն են։ Խուդավերդյանի կարծիքով՝ Սմատբուլի ընտրությունների արդյունքները ԱՄՆ-ի յուրօրինակ պատժամիջոցն էին ընդդեմ Էրդողանի։

«Ստամբուլն արևմտյան քաղաք է, այստեղ բավականին հզոր են արևմտյան հատուկ ծառայությունները։ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ լարվածության պայմաններում ԱՄՆ հատուկ ծառայություններն աջակցել են ընդդիմադիր թեկնածուին»,- ասում է նա՝ հավելելով, որ այս պարագայում իշխանության օգտին գործոն չկարողացան դառնալ նաև ընտրակեղծիքները, որոնք Թուրքիայում տեղի ունեցող բոլոր ընտրությունների բաղկացուցիչն են։

«Փորձը ցույց տվեց, որ Արևմուտքը Էրդողանին պատժելու հարցում բավականին վճռական է տրամադրված»,- ասում է նա։

Հարցին, թե Ստամբուլի քաղաքային խորհրդում ԱԶԿ-ի ներկայացուցիչների գերակշռության պայմաններում կկարողանա արդյոք ընդդիմադիր Իմամօղլուն արդյունավետ գործել Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում և իրագործել իր նախընտրական խոստումները, Խուդավերդյանն ասում է, որ դա ժամանակը ցույց կտա։

«Ընդդիմադիր քաղաքապետը Ստամբուլի ներքաղաքական կյանքում կկարողանա իր ծրագրերը կյանքի կոչել, բայց իշխանությունը «Արդարություն և զարգացում» կուսակցության ձեռքում է։ Այն փաստացի միակ իշխանությունն է»,- ասում է նա։

Միջազգային մամուլի արձագանքը

Արևմտյան լրատվամիջոցները, անդրադառնալով Ստամբուլում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներին, նշում են, որ ի հեճուկս Էրդողանի ջանքերի, «ժողովրդավարությունը Թուրքիայում հիվանդացել է, բայց չի մահացել»։

«Ժողովրդավարությունը հաղթում է Էրդողանին Թուրքիայում»,- գրում է Լոս Անջելես Թայմս պարբերականն իր խմբագրականում՝ հավելելով, որ Իմամօղլուի հաղթանակը խրախուսող ազդակ է Թուրքիայում ազատության առումով։

Իսկ ահա Նյու Յորք Թայմսը գրում է, որ Ստամբուլում Էրդողանի կուսակցության պարտությունից հետո Թուրքիան նոր լույսի ներքո է ներկայանում աշխարհին։ Պարբերականը հիշեցնում է 2016-ի ռազմական հեղաշրջման ձախողված փորձի, դրան հաջորդած բռնաճնշումների մասին։ Նշվում է, որ չնայած դատական համակարգը Թուրքիայում համարվում է անկախ, սակայն վերջին տարիներին անասաելի մեծ ճնշում է գործադրվում դատարանների ու դատավորների վրա։ Պարբերականը հույս է հայտնում, որ Ստամբուլի ընտրությունների արդյունքները, դրանով ստեղծված մթոնոլորտը որոշակիորեն կանդրադառնան նաև առաջիկայում սպասվող դատավարությունների վրա։

Իսկ աա Վաշինգթոն Փոստ պարբերականը «Ստամբուլի ընտրությունների գլոբալ կարևորությունը» խորագրով վերլուծությունում կարծիք է հայտնում, որ այն համաշխարհային գործընթացների մի մասն է միայն՝ հիշեցնելով Չեխիայում, Հոնկոնգում տեղի ունեցած զանգվածային ցույցերը։ Հեղինակի կարծիքով՝ այս գործընթացները նախանշում են նոր լիբերալ ուժերի ծնունդը Եվրոպայում, բայց միևնույն ժամանակ շեշտում է, որ Թուրքիայի պարագայում դա կարող է մնալ որպես ցանկություն։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: