Հայերեն   English   Русский  

Վերաքննիչ դատարանի դատավորը բեկանեց Առաջին ատյանի դատարանի որոշումը. Քոչարյանը կրկին կկալանավորվի


  
դիտումներ: 459

Րոպեներ առաջ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը վերադարձավ խորհրդակցական սենյակից և հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննության վերաբերյալ դատական ակտը:

Ըստ դրա դատախազ Պետրոսյանի, տուժողների և նրանց իրավահաջորդների ներկայացուցիչների վերաքննիչ բողոքները բավարարվեց և բեկանվեց Առաջին ատյանի դատարանի որոշումը, որով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխվել էր, նա ազատ էր արձակվել Արցախի Հանրապետության ներկա ու նախկին նախագահների միջնորդության հիման վրա: Ըստ դատական ակտի՝ Ռոբերտ Քոչարյանը կրկին կկալանավորվի: Վերջինիս պաշտպանները հնարավորություն ունեն դատական ակտը 15-օրյա ժամկետում բողոքարկել Վճռաբեկ դատարան:

Դատարանը նաև բեկանեց Առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը` գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը և տուժող կողմը բողոքարկել են մայիսի 18-ի՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու եւ նույն դատարանի մայիսի 20֊ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու որոշումը: Դատախազները պահանջում են փոխել Ռոբերտ Քոչարյանի նկատմամաբ ընտրված անձնական երաշխավորությունը և նրան կալանավորել, իսկ գործի վարույթը կասեցնելու դատարանի որոշումը բեկանել և կայացնել նոր դատական ակտ։

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին, քննելով Քոչարյանի խափանման միջոցի հարցը, որոշել էր նրան ազատել կալանքից Արցախի Հանրապետության նախկին եւ ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ:

Երկու օր անց՝ մայիսի 20-ին, դատարանը որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի եւ Արմեն Գեւորգյանի գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու համար այս գործով կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի եւ դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչեւ 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության պահանջներին: ՍԴ–ն էլ օրերս որոշում է կայացրել մեկ ամսով երկարաձգել է Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորի դիմումն ուսումնասիրելու ժամկետը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: