Հայերեն   English   Русский  

ՍԾՏՀԿ-ի և ԵՄ-ի միջև համագործակցությանը նվիրված բարձր մակարդակի առաջին համաժողովը Բրյուսելում


  
դիտումներ: 190

Հունիսի 18-ին Բրյուսելում կայացավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ)

և Եվրոպական միության (ԵՄ) միջև համագործակցությանը նվիրված բարձր մակարդակի առաջին համաժողովը, որը կազմակերպվել էր ՍԾՏՀԿ միջազգային մշտական քարտուղարության (ՄՄՔ), Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ ՍԾՏՀԿ-ում Բուլղարիայի և ԵՄ-ում Ռումինիայի նախագահության աջակցությամբ:

Համաժողովը բացեց ՍԾՏՀԿ ՄՄՔ գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսը (Michael B. Christides): Ելույթներով հանդես եկան Ռումինիայի, Սերբիայի, Հունաստանի և Մալթայի ԱԳ նախարարները, Բուլղարիայի, Ադրբեջանի, Թուրքիայի ԱԳ փոխնախարարները, ԵՄ-ում ՌԴ, Մոլդովայի և Ուկրաինայի մշտական ներկայացուցիչները, Հունգարիայի և Լեհաստանի ԱԳ պետքարտուղարները, ինչպես նաև Համաշխարհային բանկի, Եվրոպական հանձնաժողովի և ՍԾՏՀԿ հարակից մարմինների ներկայացուցիչներ: Հնչեցված ելույթներում կարևորվեց երկու կազմակերպությունների միջև համագործակցության խորացումը և փոխգործակցության շրջանակի ընդլայնումը:


ՀՀ ԱԳՆ բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Աշոտ Քոչարյանը նշեց, որ Հայաստանը շարունակում է իր ակտիվ ներգրավվածությունը միջազգային բազմակողմ տարբեր ձևաչափերում՝ մասնավորապես շեշտելով ՍԾՏՀԿ տնտեսական բաղադրիչի զարգացման ուղղությամբ ՀՀ կառավարության հանձնառությունը: Ընդգծվեց, որ լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, Հայաստանը միաժամանակ արդյունավետորեն ծավալում է բազմաոլորտ համագործակցություն ԵՄ հետ՝ այդ թվում՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիման վրա: Իր ելույթում Աշոտ Քոչարյանը կարևորեց Հայաստանի՝ որպես դեպի ծով ելք չունեցող երկրի, անարգել ներգրավվածության անհրաժեշտությունը Սևծովյան տարածաշրջանում էկոհամակարգերի զարգացմանն ուղղված ծրագրերում:

Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի՝ ՀՀ հասցեին հնչեցված մեղադրանքներին՝ Աշոտ Քոչարյանը հիշեցրեց, որ բազմաթիվ առիթներով Հայաստանի Հանրապետությունն իր վճռականությունն է արտահայտել՝ կանխելու տնտեսական բնույթ ունեցող ՍԾՏՀԿ քաղաքականացմանն ուղղված որոշ անդամ պետությունների փորձերը: Այդ համատեքստում Աշոտ Քոչարյանը հավելեց, որ ընթացիկ համաժողովը հակամարտությունների քննարկման հարթակ չի հանդիսանում՝ միաժամանակ նշելով, որ Ադրբեջանը, հերթական անգամ աղավաղում է ԼՂ հակամարտության էությունը, պատճառներն ու հանգամանքները՝ փորձելով ՀՀ դեմ ուղղված անհիմն մեղադրանքների միջոցով խուսափել իր իսկ վարած ապակառուցողական քաղաքականության պատասխանատվությունից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: