Հայերեն   English   Русский  

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը ոչ ողջամիտ է համարում Նիկոլ Փաշինյանի փաստաբանի կողմից ներկայացված 650 հազար դրամի պահանջ


  
դիտումներ: 189

«Ես պատասխանող կողմի ներկայացրած դատական ծախսերը համարեցի ոչ ոջամիտ՝ նկատի ունենալով, որ այս դատավարությունը փաստացի տեղի չի ունեցել: Եթե այս դատավարությունը տեղի ունենար և տևեր բավական երկար ժամանակ, ապա ես էլ իմ հերթին դատական ծախսեր կներկայացնեի և դա կլիներ ողջամիտ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով

Ռոբերտ Քոչարյանն ընդեմ Նիկոլ Փաշինյանի գործով հայցվոր կողմի ներկայացրած փաստաբանական ծախսերի համար 650 հազար դրամ պահանջին:

Հիշեցնենք, որ դատական նիստը, որ մեկնարկել էր երեկ, այսօր ավարտվեց: Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ իրենք պատրաստ են հետ վերցնել իրենց հայցադիմումը, եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ հայցի առարկա դարձած հայտարարությունն անելիս ի նկատի չի ունեցել Ռոբերտ Քոչարյանին: Նիկոլ Փաշինյանի փաստաբանն ասաց, որ իրենք հրապարակային հայտարարում են, որ խոսքն ուղղված չի եղել Քոչարյանին, ինչից հետո էլ այսօրվա դատական նիստում Հայկ Ալումյանը հրաժարվեց հայցադիմումից:

Հիշեցնենք նաև, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2018 թվականի սեպտեմբերի 17-ին դիմել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջով:

Ըստ հայցվոր կողմի՝ զրպարտություն էր այն, որ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարություն էր արել՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի վերաբերյալ: Հայցվոր կողմը զրպարտություն է համարում Փաշինյանի զրույցի հետևյալ հատվածը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել. «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: