Հայերեն   English   Русский  

​«Ոսկե ծիրան»-ի կազմակերպիչներն այսօր ազդարարեցին կինոփառատոնի մեկնարկը


  
դիտումներ: 1689

16-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մեկնարկին հաշված օրեր են մնացել: Կազմակերպիչները խոստանում են, որ մշակութային կյանքը ինչպես ամեն տարի, այս տարի ևս «Ոսկե ծիրան»-ի շնորհիվ ակտիվանալու է:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարիտեղակալ Արայիկ Խզմալյանը, «ՎիվաՍել-Մտս»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այսօր ազդարարեցին կինոփառատոնի մեկնարկը:

«Ամեն տարի կինոփառատոնի սկսվելուց առաջ անհանգստանում ենք, հետո ընթացքում կիսախելագարներ ենք դառնում, իսկ արդեն վերջում բարիանում ենք: Մենք ամբողջովին փոխել ենք «Ոսկե ծիրան»-ի մեր մոտեցումը՝ նոր տնօրեն, ծրագրերի նոր ղեկավար, միջազգային բաժնի նոր վարիչ: Փորձելու ենք ավելի լավ արդյունքներ գրանցել, քան նախկինում ունեցել ենք: Թույլ տվեք ասել բարի գալուստ մեր ընտանիք, թիմ ու «Ոսկե ծիրան» 16-րդ կինոփառատոն»,-ասաց Հարություն Խաչատրյանը:

Արայիկ Խզմալյանն էլ իր հերթին կարևորելով կինոփառատոնի դերը մեր մշակութային կյանքում՝ խոստացավ, որ ամեն ինչ անելու են, որ 16-րդ կինոփառատոնը բարեհաջող ավարտ ունենա և պատրաստվեն հաջորդ փառատոններին:

«Ես կարծում եմ, որ մեր համագործակցությունը մշակույթի ոլորտի ներկայացուցիչների ու մշակույթը համակարգող գերատեսչության միջև պետք է լինի թիմային, լինի ավելի սերտ: Մենք պետք է ավելի ընդգրկված լինենք կազմակերպչական հարցերում, չպետք է սահմանափակվենք միայն ֆինանսավորելով: Մեզ համար «Ոսկե ծիրան»-ն ունի ռազմավարական նշանակություն, քանի որ միջազգային ասպարեզում ներկայացնում է մեր մշակույթը»:

Հարություն Խաչատրյանը թեև նշեց, որ ֆինանսական դժվարություններ ունեցել են, սակայն հովանավորների ու անհատ աջակիցների շնորհիվ կարողացել են կազմակերպչական աշխատանքները հասցնել ավարտին:

«ՎիվաՍել-Մտս»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն էլ իր խոսքում նշեց, որ ամեն տարվա նման իրենք աջակցել են կինոփառատոնի կազմակերպմանը:

«Պարոն Խաչատրյանն իր վրա մեծ պատասխանատվություն է վերցրել, և մենք էլ փորձում ենք որքան կարող ենք թեթևացնել նրա բեռը: Խոստանում ենք, որ կշարունակենք միշտ լինել փառատոնի կողքին»,-ասաց Յիրիկյանը:

Կինոփառատոնի գործադիր տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանն անդրադարձավ այս տարվա պաստառներին, որոնք խորհրդանշում են արդի հասարակությունը:

Ոսկե Ծիրան 16

«16-րդ «Ոսկե ծիրան»-ի պաստառների մի մասի հիմքում տառերն են, դրանց դիզայնը, իսկ մյուս մասի դեպքում փորձել ենք արդիական, հասարակությանը ծանոթ խոսքեր օգտագործել: Պաստառները մի նպատակ ունեն՝ հիշեցնել մարդկանց, որ բոլորս սիրում ենք կինո գնալ»:

Հասմիկ Հովհաննիսյանը նաև նշեց, որ ծրագրային փոփոխության արդյունքում այս տարի լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ է անցկացվելու: Մրցույթին մասնակցելու են 12 ֆիլմեր, իսկ դրանք գնահատող ժյուրիի 7 անդամների կազմում միջազգային հայտնի կինոընկերությունների ղեկավարներ են, ռեժիսորներ, պրոդյուսերներ: Այս տարի կինոփառատոնի պատվավոր հյուրերի շարքում է լինելու մեքսիկացի ռեժիսոր Կառլոս Ռեյգագասը:

Միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ:

«Ոսկե ծիրանն» այս տարի ունի նաև նոր տարբերանշան, որը ներկայացնում է հայերեն «Ծ» տառը: Դրա միջոցով փորձել են ստանալ փառատոնի խորհրդանիշ համարվող ծիրանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: