Հայերեն   English   Русский  

Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Կոնդի բնակիչները


  
դիտումներ: 103

Այսօր՝ հունիսի 12-ին, Կառավարության դիմաց բողոքի ակցիա են սկսել Երևանի Կոնդ թաղամասի բնակիչները:

Ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի կառավարությունն իրենց թաղամասում նոր չափագրումներ իրականացնի, քանի որ իրենց տների սեփականության պայմանագրերը լիարժեք չեն, և կատարված չափագրումներն էլ թերի են: Կոնդի բնակիչները պնդում են, որ սխալ չափագրումների պատճառով Պետական կադաստրի կոմիտեն չի ընդունում չափագրումները, և որպես սեփական տարածք չի գրանցում։

«Սխալ չափագրումներ են արել: Որոշ մարդկանց տները շտրիխած են տվել, հողը չեն չափել: Իմ շինությունը չափել են ներսից, դրսից չեն չափագրել, 6 քառակուսի պակաս է: Իմ բնակարանը տվել եմ, որ օրինականացնեն, պարզվում է՝ տունս տվել են 15 տարով վարձակալության: Դրանից հետո անընդհատ դիմել եմ, որ տանս թուղթը օրինականացնեն: Մի քանի անգամ եկել, չափագրել են, ու գումարներ եմ միշտ տվել՝ 40 հազար, 50 հազար»,- պատմեց բնակիչներից մեկը:

Կոնդեցիները մայիսի 17-ին հանդիպել են Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ և քննարկել իրենց բարձրացրած խնդիրները: Նրանց վստահեցրել են, որ բոլոր խնդիրները լուծում են ստանալու և հատուկ դրանց քննարկման համար հանձնաժողով է ստեղծվելու:

Այս պահին ակցիայի մասնակիցներից մի քանիսը Կառավարության ընդունարանում քննարկում են իրենց խնդիրը Կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանի հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: