Հայերեն   English   Русский  

​Թուրքական ուսումնասիրությունների ինստիտուտը փակվելու է 2020 թվականին. լավ ազատվեցինք


  
դիտումներ: 570

Թուրքական ուսումնասիրությունների ինստիտուտը (ԹՈԻԻ) շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1983 թ․ Վաշինգտոնում՝ Թուրքիայի կառավարության կողմից 3 միլիոն դոլարի նվիրատվությամբ։

2019 թ․մայիսի 31-ին ԹՈՒԻ -ն հանդես եկավ մամուլի հաղորդագրությամբ՝ հայտարարելով, որ կդադարեցնի իր գործունեությունը 2020 թ. սեպտեմբերի 30-ին։

Այս հայտարարությունն անսպասելի էր երկու պատճառով․

1) Երեք միլիոն դոլարը համեմատաբար մեծ գումար չէ թուրքական կառավարության համար, որը տարիներ շարունակ տասնյակ միլիոնավոր դոլարներ է ծախսել Միացյալ Նահանգներում հանրային կապերի (PR) և լոբբիստական ընկերությունների վարձման համար։ Երեք միլիոն դոլարի կամ մնացորդի վերադարձը Թուրքիային չի կարող էական ազդեցություն ունենալ երկրի ֆինանսական դրության վրա։ Տնտեսական անկումից ուշքի գալու համար Թուրքիային անհրաժեշտ է մի քանի հարյուր միլիարդ դոլար։

2) Չնայած իր հաջողությունների մասին ինստիտուտի ղեկավարության պարծենկոտ մամուլի հաղորդագրությանը՝ Թուրքիայի կառավարության կողմից դրամական միջոցների դադարեցումը նշանակում է, որ ինստիտուտը չի կարողացել հասնել իր քարոզչական նպատակներին։ Թուրքական կառավարությունը դադարեցրել է ԹՈՒԻ -ի ֆինասավորումը 2015-ին։ Բարդացնելով խնդիրը, ինստիտուտի ղեկավարներն իրենց մամուլի հաղորդագրության մեջ խոստովանել են, որ նրանց չի հաջողվել արտաքին աղբյուրներից բավարար միջոցներ ստանալ ինստիտուտի գործունեությունը շարունակելու համար։ Վերջին տարիներին ԹՈՒԻ -ն մասնակի ֆինանսական աջակցություն է ստացել Ջորջթաունի համալսարանից, Koç հոլդինգից, FIBA հոլդինգից և Մուխտար Քենթից («Կոկա-Կոլա» ընկերության խորհրդի նախկին նախագահ) ու նրա տիկնոջից և այլ անհատ նվիրատուներից։

ԹՈՒԻ -ի մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ սկսած 1983 թ․ իր դրամաշնորհները նպաստել են Թուրքիայի և թուրքերենի ուսումնասիրությանը «ԱՄՆ 45 նահանգներում և Կոլումբիայի շրջանում։ Ավելի քան 130 դրամաշնորհային ատենախոսություններ վերածվել են 70-ից ավել պրոֆեսորական պաշտոնների բարձրագույն կրթության ամերիկյան հաստատություններում, իսկ լեզվական և հետազոտական պարգևներն օգնել են առնվազն 235 հոգու, որոնք զբաղեցրել են դասախոսական և հետազոտական պաշտոններ Միացյալ Նահանգներում և այլուր։ Վերջին հինգ տարիների ընթացքում մի քանի տասնյակ երիտասարդ գիտնականների տրված պարգևները լրացուցիչ օգուտ կբերեն ապագայում։ Գրեթե 80 ամերիկյան հաստատություններում ստեղծվել են Թուրքիայի վերաբերյալ գրադարանային և հետազոտական հավաքածուներ, կամ բավականաչափ ավելացվել են առկա ռեսուրսները ԹՈՒԻ -ի ֆինանսավորման շնորհիվ, իսկ 19 ամերիկյան համալսարաններ ստացել են մեկնարկային գումարներ՝ Թուրքիային վերաբերյալ դասավանդման նոր պաշտոնների հաստատմանն աջակցելու համար»։

Վերջին տարիներին ԹՈՒԻ -ն տեղակայված էր Վաշինգտոնում, Ջորջթաունի համալսարանի Էդմունդ Ա. Ուոլշի արտաքին ծառայության դպրոցի տարածքում: Ինստիտուտի պատվավոր նախագահը ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանն էր, որը անմիջական վերահսկողություն էր հաստատել Թուրքիայի կառավարության կողմից տրամադրված ԹՈՒԻ -ի դրամաշնորհների վրա։

Թուրքական ուսումնասիրությունների ինստիտուտը հայտնվել է մի շարք սկանդալներում, սկսած Հիթ Լոուրիից, որը ինստիտուտի հիմնադիր և գործադիր տնօրենն էր 1983-1993 թվականներին: Լոուրին կարևոր դեր է խաղացել մի ամբողջական էջ հայտարարությունների պատրաստման եւ հրատարակման գործում «Վաշինգտոն փոստ», «Նյու Յորք թայմս» և «Վաշինգտոն թայմս» թերթերում 1985 թ․ մայիսի 19-ին՝ ստորագրված 69 «մտավորականների» կողմից, որոնք ժխտում էին Հայոց ցեղասպանության եղելությունը։ Լոուրին հետագայում դարձավ օսմանյան և ժամանակակից թուրքական հետազոտությունների Աթաթուրքի պրոֆեսոր Փրինսթոնի համալսարանում շնորհիվ 750 հազար դոլարի ֆինանսավորման Թուրքիայի կառավարությունից։

1985 թ․ «Կալիֆորնիա կուրիեր» թերթում ամերիկացի մտավորականների անունները թվարկելուց և թուրքական ինստիտուտից յուրաքանչյուրի ստացած գումարների մասին հոդված գրելուց հետո, ես դարձա թուրքական ինստիտուտի հետ իրավական առճակատման առաջին թիրախը։ Հետաքրքիր է, որ այդ մասնագետներից շատերին թուրքական ինստիտուտը դրամաշնորհներ էր տվել: Ես նամակ ստացա ԹՈՒԻ -ի փաստաբաններից, որտեղ ասվում էր, որ նրանք դատի են տալու ինձ զրպարտության համար, եթե ես չհրապարակեմ ծավալուն հերքում, ինչը ես հրաժարվեցի անել։ Իմ փաստաբանները տեղեկացրին թուրքական ինստիտուտի իրավաբաններին, որ իրենց զրպարտության մասին պնդումն անհիմն է, և հայտնեցին նրանց, որ մենք հակընդդեմ հայց ենք ներկայացնելու։ Ի պատասխան՝ ԹՈՒԻ -ն հրաժարվեց իր սպառնալից դատական հայցից…

Այնուհետև, 1995 թ․Հոլոքոստի և Ցեղասպանության ուսումնասիրության ամսագրում հրապարակվեց «Պրոֆեսիոնալ բարոյականություն և Հայոց Ցեղասպանության ժխտումը» վերնագրով հոդված, որը բացահայտեց ԹՈՒԻ -ի գործադիր տնօրեն Հիթ Լոուրիի կազմած նամակը, որը 1990 թ․ թուրք դեսպան Նուզեթ Կանդեմիրի անունից ուղարկվել էր պրոֆեսոր Ռոբերտ Ջեյ Լիֆթոնին՝ ժխտելով Հայոց ցեղասպանության իրողությունը։ Լոուրիի սևագիր նամակը դեսպանի անունով անզգուշաբար ուղարկվել էր պրոֆ․ Լիֆթոնին, որը մեծ ակադեմիական սկանդալի պատճառ դարձավ:

2006 թ. ամերիկացի պրոֆեսոր Դոնալդ Քվաթերթը հրաժարական տվեց ԹՈՒԻ -ի խորհրդի նախագահությունից, հրաժարվելով ենթարկվել Թուրքիայի դեսպանի հրամանին, որ Թուրքիան կջնջի ԹՈՒԻ -ի ֆինանսավորումը, քանի դեռ պրոֆեսոր Քվաթերթը չի հերքել գիտական մի գրքի մասին իր գրությունը, որտեղ նա գրել էր՝ «այն ինչ տեղի է ունեցել հայերի հետ, լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի ցեղասպանության սահմանմանը»։ Ի նշան բողոքի՝ ԹՈՒԻ-ի խորհրդի մի քանի այլ անդամներ շուտով հրաժարական տվեցին։

Թուրքական ուսումնասիրությունների ինստիտուտի փակման հայտարարությամբ ԱՄՆ-ում ավելի քիչ հնարավորություն կլինի թուրքական քարոզչության համար՝ խեղաթյուրելով Հայոց ցեղասպանության ողբերգական ճշմարտությունները։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: