Հայերեն   English   Русский  

Լիբանանը չի մասնակցի Մանամայում ԱՄՆ-ի կազմակերպած մերձավորարևելյան համաժողովին


  
դիտումներ: 172

Այսօր Լիբանանի արտաքին գործերի և միգրացիայի նախարար Ջեբրան Բասիլը հայտարարել է CNN հեռուստակայանին, որ Լիբանանի պատվիրակությունը չի մասնակցելու հունիսի 25-26-ը Մանամայում ԱՄՆ-ի կազմակերպած «Խաղաղություն հանուն բարգավաճման» միջազգային սեմինարին:

«Մենք նախընտրում ենք նախ հստակ պատկերացում ունենալ ամերիկյան խաղաղության ծրագրի մասին, սակայն մինչև հիմա ոչինչ չգիտենք այդ մասին»,- ասել է լիբանանցի նախարարը: Նրա խոսքով՝ Բեյրութը ձեռնպահ է մնում համաժողովին մասնակցելուց «նախ և առաջ այն պատճառով, որ համաժողովում ներկա չեն լինի Պաղեստինի ժողովրդի ներկայացուցիչները, որոնք արդեն հայտարարել են Մանամայի սեմինարը բոյկոտելու մասին»:

«Մենք նաև ունենք շրջաններ, որոնք գրավված են Իսրայելի կողմից,- նշել է Ջեբրանը:- Բացի այդ, Լիբանանի տարածքում 1948 թ. արաբա-իսրայելյան պատերազմից հետո ապաստանել են նշանակալի թվով պաղեստինցի փախստականներ»: Ուստի, ըստ Լիբանանի ԱԳ նախարարի, ամերիկյան դիվանագետները «պետք է խորհրդակցեին Բեյրութի հետ իրենց խաղաղության ծրագրի կապակցությամբ»:

Ըստ The Daily Star թերթի ունեցած տեղեկությունների՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Մանամայում հրապարակել մերձավորարևելյան կարգավորման այսպես կոչված դարի պայմանագիրը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: