Հայերեն   English   Русский  

Ալեն Սիմոնյանի և Դանիել Իոնիսյանի բախման վերջը չի երևում


  
դիտումներ: 134

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի այն հայտարարությունից հետո, որ Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կողմից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով և Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված հայտարարագրերում ունեցվածքի, մասնավորապես՝ մեքենայի մասին տվյալները կեղծ են, և դա հավանաբար արվել է ապօրինի հարստացումը թաքցնելու նպատակով, Ալեն Սիմոնյանը հերքում տարածեց և ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասաց, որ մեքենան գնել է բանկից վերցրած վարկով և ներկայացրեց բանկի քաղվածքը:

Բայց դրանից հետո էլ կրքերը չհանդարտվեցին:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հունիսի 7-ին որոշեց վարչական տույժ կիրառել Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի նկատմամբ:

«Համաձայն վերոհիշյալ որոշման՝ 2018 թ. hայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց հայտարարագիրը՝ դրա լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների խախտմամբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնելու համար Ալեն Ռոբերտի Սիմոնյանի նկատմամբ կիրառվել է «նախազգուշացում» վարչական տույժը, ինչպես նաեւ տրվել 30-օրյա ժամկետ՝ հայտարարագիրը՝ դրա լրացման նկատմամբ ներկայացվող պահանջներին կամ ներկայացման կարգին համապատասխան ներկայացնելու համար»,- ասված է հանձնաժողովի հաղորդագրության մեջ:

Իր հերթին Ալեն Սիմոնյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում արված գրառմամբ ասաց, որ իրեն ոչ թե վարչական տույժի են ենթարկել, այլև նախազգուշացում են տվել և ապատեղեկատվություն տարածելու համար կրկին մեղադրեց Դանիել Իոնիսյանին:

«Հարգելի ընկերներ, FIP կայքը /Դանիել Իոաննիսյան/ նյութ է տեղադրել, որի վերնագիրն է «Ալեն Սիմոնյանի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել», իսկ մյուս կայքերը արտատպել են այդ վերնագիրը:

Տեղեկացնեմ Ձեզ, որ Էթիկայի հանձնաժողովն ինձ ընդամենը նախազգուշացում է տվել` այն բանի համար, որ ես անփորձությամբ գրանցել եմ գույք, որը փաստացի տիրապետել եմ, փոխանակը պետք է գրանցեի այն, ինչ կար պաշտոնը ստանձնելու դրությամբ:

Բնական է, խոսք չի եղել և չի կարող լինել նախկինում ինձ վերագրված Էապես հարստանալու, կեղծ տեղեկություններ գրելու, ինչպես նաև չհիմնավորված գումարի կամ 7 մլն դրամ չհիմնավորելու մասին:

Նյութի անունը ընտրվել է հատուկ, որպեսզի տպավորություն ստեղծվի, որ ես ինչ-որ հանցանք եմ գործել, իսկ իրենք բացահայտել են:

Հայցում եմ Ձեր ներողամտությունը այս թեմային կրկին անրադառնալու համար, անում եմ սա զուտ Ձեր առջև հաշվետու լինելու, ինչպես նաև հանրությանը մանիպուլյացիաներից զերծ պահելու համար»,-ասված էր գրառման մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: