Հայերեն   English   Русский  

​ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԿԱՆԱՏԵՍ ՆԿԱՐՉՈՒՀԻ ՀԵՂԻՆԵ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ


  
դիտումներ: 2753

«Ես միշտ հիշում եմ մեր հարազատ Կարսը և մտածում՝ արդյոք թուրքը մի օր կճանաչի՞ ցեղասպանությունը, կբացի՞ սահմանները, դժվար թե: Իսկ եթե նա մտնի Եվրոմիություն, ապա շատ արագ կկործանի նաև Եվրոպան»:

Հեղինե Աբրահամյան (1912-2012)

Իմ ծանոթությունը Հեղինե Աբրահամյանի հետ կայացավ 2005 թ., երբ տեղեկություններ էի հավաքում ցեղասպանությունից փրկված, Հայրենական մեծ պատերազմում զոհված նկարիչ Կորյուն Սիմոնյանի (1912-1943, տատիկիս եղբոր) մասին:

Հանդիպեցինք, զրուցեցինք, մտերմացանք: Կյանքի վերջին օրերին նա ինձ հանձնեց իր «Հուշագրությունը»: Ես խոստացա, որ կտպագրեմ: Տպագիր նյութը տարա իրեն, հաջորդ օրն ասաց, որ գիշերը կարդացել է, ավելացնելու ոչինչ չունի: Մեկ օր անց նա կնքեց իր մահկանացուն:

Հեղինե Աբրահամյանին ի վերուստ երկար տարիների կյանք էր տրված: Մեր մտերմությունն արգասաբեր եղավ: Մոռացությունից դուրս բերեցինք փաստեր ցեղասպանության մասին, պատերազմում զոհված նկարիչների մասին, Փ. Թերլեմեզյանի ուսումնարանի ստեղծման պատմության մասին:

«Նկարչուհի Հեղինե Աբրահամյանի հուշագրությունը» նրա մեկդարյա կյանքի պատմությունն է: Ես եղա Կարսում, այս հուշագրությունում հիշատակված բոլոր վայրերում, և նրա կյանքի պատմությունը դարձավ նաև իմը:

- Պապս` Համբարձումը, սովորել է Էջմիածնի ճեմարանում: Աշխատել է որպես ուսուցիչ, հետագայում ձեռնադրվել քահանա և օծվել` տեր Խորեն քահանա Ստամբոլցյան, ամուսնացել է էրզրումցի Գայանե Էհրամջյանի հետ, ունեցել են վեց զավակ:

Իր տղայի՝ Արշավիրի մոտ պարապելիս հայրս ծանոթացել է Արաքսու հետ, և նրանք ամուսնացել են: Ես ծնվել եմ Ծբնի գյուղում, կնքվել Կարսում: 1913 թ. ծնվել է եղբայրս` Բենիկը: Կարսում՝ երկաթե կամուրջի դիմաց, մի երկհարկանի տան վերևի հարկում էր մեր բնակարանը: Մեր սենյակից երևում էին գետը և կամուրջը, որտեղից իջնում էին դեպի քաղաքային այգին, այն մի փոքր կղզու վրա էր, երկու կողմից շրջապատված գետով: Այգում հաճախ երեկույթներ էին լինում, որոնք ուղեկցվում էին երաժշտությամբ, հրավառությամբ:

Հետո տեղափոխվեցինք Արդահան: Հիշում եմ, կոտրվել էր տիկնիկս, և մայրս այն վերանորոգում էր, կպցրել էր և չէր տալիս՝ խաղամ, ասում էր. «Թո՛ղ չորանա»: Հետո հիշում եմ, որ մեր իրերը կապկպված էին, այդպես էլ կապոցները թողեցինք և փախանք: Կառքով փախչում էինք մայրս, ես և եղբայրս, կառապանը հորս չէր վերցրել:

Հայրս պատմում էր, որ իր հետ վերցրել էր տան թանկարժեք իրերից մի կապոց և ճանապարհ ընկել: Ճանապարհին սայլ էր տեսել, իրերը դրել էր վրան և սկսել էր հետևից գնալ: Սայլը սկսել էր արագ գնալ և տարել էր կապոցը: Հայրս դատարկ մի կերպ հասել էր Կարս: Հորս աշխատանքի էին նշանակել Երևանում, մենք էլ տեղափոխվեցինք: Իջևանեցինք հորս ծանոթ տեր Իգնատիոսի մոտ, նա ապրում էր այժմյան Օպերայի այգու տարածքում: Ես այստեղ առաջին անգամ տեսա մրգատու ծառեր: Տանտիրոջ աղջկա հետ ծիրան էինք ուտում: Հետո փորձել էի կեղտոտ ձեռքերս լվանալ Մամուռ գետակում, սահել ընկել էի ջուրը: Ջուրն ինձ տանում էր: Տանտիրոջ աղջիկն անմիջապես վազում է օգնություն կանչելու: Վրա է հասնում Սահակը և ինձ հանում է ջրից:

Հետո բնակվեցինք Վեկիլովյան (այժմ Նալբանդյան) փողոցում: Այդտեղ 1918 թ. մայրս մահացավ:

Թուրքերի կողմից Կարսը գրավելուց հետո տատս, հորաքույրս փախչում են և գալիս Երևան:

1919 թ. Կարսը նորից անցնում է հայերին, բնակչությունը սկսում է վերադառնալ: Պապս Կարսում էր, մորաքույրներս ինձ էլ են տանում Կարս: Ապրում էի Առաքելոց եկեղեցու բակում, որի քահանան էր պապս:

Սկզբում հաճախեցի հայկական դպրոց, հետո գիմնազիա: Դպրոց էի գնում մենակ, որն այնքան էլ հեռու չէր: Մի անգամ հանդիպել եմ կախաղանի հանված մարդկանց: Նրանք երեքն էին, գլուխները ծածկված էին պարկերով, որի տակից երևում էին նրանց ոտքերն առանց կոշիկների: Արագ այդտեղից հեռացա և ոչ ոքի չպատմեցի, ինձ կարգելեին մենակ քաղաք դուրս գալ:

1920 թ. գարնանը հայրս տեղափոխվում է Կարս: Շուտով Ռուսական բանակը հետ է քաշվում՝ ժողովրդին թողնելով միայնակ թուրքի դեմ: Սկսվում է գաղթը:

Հոկտեմբերի 30-ին հորս տրամադրում են մի վագոն` ընտանիքը տեղափոխելու համար: Հորաքույրս՝ Տիկուշը, գնում է կայարան՝ իրերը տեղավորելու, պարզվում է՝ թուրքն արդեն կայարանում է: Նա վազելով գալիս է տուն և ստիպում մեզ հեռանալ ձորով դեպի Ալեքսանդրապոլ: Իրերը հավաքելիս ես վերցրեցի մորս մահուդե գլխարկը: Քաղաքը հանգիստ էր: Հենց մտանք ձորը, դժվարացավ առաջ շարժվելը: Մեր ֆուրգոնը խցանվեց փախչող բազմության մեջ:

Խորամանկ թուրքը բարձրացել էր ձորի բլուրները և այնտեղից գնդակոծում էր: Ժողովուրդը փախչում էր: Գետն անցնելու համար մի նեղ, խարխլված կամուրջ կար, տեղացիները «Մազե կամուրջ» էին ասում:

Առաջին վիրավորը, մի գյուղացի տղա էր, մոր հետ գնում էին մեզանից շատ մոտ: Մայրը բարձրացրել էր նրա արյունոտ շապիկը, բացել վիրավոր մեջքը և ահավոր ձայնով բղավում էր:

Ինձ թվաց՝ բղավում էր բազմությունը, այդ ահավոր ձայնն ազդեց վրաս: Չէի կարողանում հասկանալ, թե ինչ էր պատահել ինձ հետ: Նայում եմ կողքիս պառկած հորեղբորս 4 տարեկան աղջկան, նա արյունաքամ էր եղել: Երբ սկսեցի շարժվել, ֆուրգոնի տակից մի քուրդ կին ասում է. «Ինչո՞ւ ես մնացել, բոլորը գնացել են»: Իջա ֆուրգոնից, անզգա քայլում եմ, կամուրջի վրա մարդիկ կային ընկած: Գետն ինչ ասես տանում էր, զանազան իրեր, դիակներ:

Գնդակները վզզալով իջնում էին շուրջս: Հանկարծ շինելով մի տղամարդ գրկեց ինձ և տանում է: Ես խփում էի նրան, փորձում էի ազատվել, չէր ստացում: Նա ինձ տարավ հակառակ ափով և շենքի բարձր պատուհանից ներս գցեց: Ապակին կոտրված էր, ինչպե՞ս ներս ընկա և կանգնեցի ոտքերիս վրա, մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ: Շենքը մեծ սենյակներ ուներ: Ամեն անկյունում արյունլվիկ և կեղտոտ փալասներով փաթաթված մարդիկ էին: Անցնելով սենյակից սենյակ՝ գտա հարազատներիս: Հորաքույրս վիրավոր էր, զարմացած նայեց ինձ և ոչինչ չասաց: Տատս չկար, նրան այլևս չտեսանք:

Գնդակոծությունից հետո մեր ֆուրգոնը լրիվ թալանված էր: Մենք ոտքով ճանապարհվեցինք քաղաք, պապիս մոտ: Անցանք բաղնիքների մոտով, բարձրացանք Առաքելոց եկեղեցու բակը: Տան դուռը փակ էր: Մեզ դիմավորեց մեր տան շունը՝ Թոփլանը և տարավ դեպի դուռը: Պապս տանը չէր, ուզում էինք բակից դուրս գալ, երկու թուրք կտրեցին մեր ճանապարհը: Հորաքրոջս վերարկուն մեկը հանեց, հագավ: Այն երկար էր, հետո ուզում էր հանել բրդյա հագուստը, բայց շունն արդեն հասցրել էր կանչել հարևանի թուրք կնոջը, նա էլ ազատեց մեզ ավազակների ձեռքից: Ամբողջ ժամանակ մորս գլխարկը ամուր սեղմել էի կրծքիս, գուցե դա՞ փրկեց ինձ, չգիտեմ:

Մորաքույրներս տեղավորվեցին աշխատելու ամերիկյան որբանոցում, մեզ էլ տարան: Ձմեռը ես և եղբայրս՝ Բենիկը, անցկացրեցինք աղջիկների բաժնում: Նրան աղջկա շորեր էինք հագցրել, որպեսզի բոլորս միասին լինենք:

Գարնան կողմ սկսեցին որբերին տեղափոխել Գյումրի: Տանում էին բեռնատար վագոններով: Փոքրերը հաճախ մահանում էին, և ղեկավարները նրանց դիակները դուրս էին գցում պատուհաններից:

Գյումրիում մեզ գտավ պապիս եղբայրը` Ավոն, և տեղավորեց մի լքված հացատան մեջ, հետո ապրեցինք Ձիթողցյանների տան սենյակներից մեկի անկյունում: Պապս Կարսից երբեմն ապրուստ էր ուղարկում: Ապրեցինք մինչև 1921 թ.: Հետո գնացինք Ղարաքիլիսա, այնուհետև՝ Գյումրի: Վերջապես հայրս վերադարձավ գերությունից, Երևանում անցավ աշխատանքի, բնակարան վարձեց և մեզ բերեց Երևան:

ԿԱՐԻՆԵ ԱՂԱԲԱԲՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: