Հայերեն   English   Русский  

​Երևելի տիկնայք՝ ծանոթ և անծանոթ


  
դիտումներ: 2133

Օրերս հրապարակվեց մի տեղեկատվություն այն մասին, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մայիսի 27-ին հյուրընկալել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի

և հետազոտական կենտրոնի պրոֆեսոր Լեռնա Էքմեքչիօղլուին, Քլարք համալսարանի դոկտորանտ Աննա Ալեքսանյանին, Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոֆեսորներ Մելիսա Բիլալին ու Հուրիկ Ադդարյանին և ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանին։

Հանդիպման շարժառիթը եղել է նշված գիտնականների ուսումնասիրությունը՝ նվիրված 1860-1960 թթ. Արևմտյան Հայաստանում հանրային գործունեություն ծավալած 12 հայ կանանց կյանքին ու գործունեությանը:

«Ցավոք հայ ժողովուրդը շատ քիչ բան գիտի այս կանանց մասին, մինչդեռ նրանք իրենց ժամանակին հսկայական գործունեություն են ծավալել, բավական մեծ ազգանվեր աշխատանք տարել և պետք է նրանց ճանաչել, նրանց գնահատել ու նրանց օրինակով վարակվել»,- ասել է Լեռնա Էքմեքչիօղլուն։ Հուրիկ Ադդարյանն էլ նշել է, որ երազել անգամ չէին կարող, որ մի օր իրենց ուսումնասիրությամբ կհետաքրքրվի երկրի վարչապետի տիկինն ու իրենց կաջակցի:

Աննա Հակոբյանն էլ իր հերթին ասել է, որ իր համար շատ ոգևորիչ են տվյալ ուսումնասիրության արդյունքները, դրանք ուժ են տալիս, ոգևորում են իրեն, և նշել է արևմտահայ կանանց գործունեությունը լայն շրջանակներին հասանելի դարձնելու անհրաժեշտությունը։ Ի պատասխան զրուցակից տիկնայք վստահեցրել են, որ մտադիր չեն բավարարվել ձեռք բերածով և առաջարկել են կանանց մասին ուսումնասիրությունները ներառել հայ գրականության և հայ ժողովրդի պատմության դասագրքերում: Մի հանգամանք, որ որգևորել է կրթության և գիտության փոխնախարար Լուսինե Առաքելյանին, և նա պայմանավորվել է տիկնանց հետ հետագայում հանդիպել, որպեսզի նրանց ծրագրերը գործնական գետնի վրա դրվեն:

Այս տեղեկատվությունը, սակայն, և՛ զարմանք, և՛ դառնություն պատճառեց, քանի որ անցյալի երախտավոր կանանց կյանքն ու գործունեությունն ուսումնասիրելու շնորհակալ գործի մասին տեղեկության հետ տարածվել է նաև թյուր կարծիք և ոչ ստույգ տեղեկություն:

«Երևելի տիկնանց դարը: Հայ կանանց հասարակական գործունեությունը XIX դարում և XX դարասկզբին»

Առաջին՝ այս զրույցից տպավորություն է ստեղծվում, որ նշված ուսումնասիրությունն առաջին փորձն է: Մինչդեռ 2005-ին տողերիս հեղինակը նույնպես ուսումնասիրություն է կատարել և արդյունքները հրատարակել «Երևելի տիկնանց դարը: Հայ կանանց հասարակական գործունեությունը XIX դարում և XX դարասկզբին» գրքով: Տարբերությունը, սակայն, ընդգրկված ժամանակաշրջանն է: Եթե այսօրվա ուսումնասիրողները դիտարկել են 1860-1960 թվականները, ապա նշված գրքում ընդգրկված է XIX դարը և XX-ի սկիզբը՝ մինչև 1920 թվականը: Հետևաբար ներկայիս տիկնանց ուսումնասիրած 12 արևմտահայ հասարակական գործիչ կանանցից առնվազն 8-ը ներկայացված են նաև տվյալ գրքում: Բացի այդ, անդրադարձներ կան նաև Նազլը Վահանին (Տյուսաբի մայրը), Սրբուհի Գալֆայանին, Աղավնի Ապրոյին, Նեկտար Ջունդին և այլոց:

Զարմանալի է, որ ուսումնասիրողներն անտեղյակ են եղել սրան, քանի որ գիրքը լույս է տեսել երեք լեզվով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն: Անգլերեն գիրքը հասել է նաև Միացյալ Նահանգներ, նույնիսկ գրախոսվել Լոս Անջելեսի հայալեզու պարբերականներից մեկում, Նահանգներից և արտասահմանյան ուրիշ երկրներից բազմիցս խնդրել են այդ գիրքը և ստացել են այն: Հայաստանի պարբերականներում արտատպվել են հատվածներ այդ գրքից: Ընդ որում, սա էլ առաջին փորձը չէ, գրքում թե՛ հղումներով, թե՛ օգտագործված գրականության ցանկով ցույց են տրվել, թե մինչ այդ ովքեր են նպաստ բերել տվյալ գործին:

Երկրորդ՝ զրույցի ընթացքում Աննա Ալեքսանյանը կարևոր է համարել տեղեկացնել, որ Արևելյան Հայաստանում նույնպես կան տասնյակ կանայք, որոնք պակաս նշանակալի աշխատանք չեն կատարել, ուստի նրանց կյանքն ու գործունեությունը նույնպես պետք է ուսումնասիրվի և ներկայացվի հանրությանը։ Սա էլ ստույգ տեղեկություն չէ, քանի որ գրքի բաժիններից մեկը նվիրված է հենց արևելահայ իրականությանը, որտեղ ներկայացված են ժամանակի այնպիսի երևելի տիկնայք, ինչպիսիք էին Սոֆյա Բաբայանը, Սոֆյա Արղության-Երկայնաբազուկը, Գայանե Հովհաննիսյան-Մատակյանը (ի դեպ գործունեությունը սկսել է Թիֆլիսում, Երևանում և հետագայում՝ մինչև կյանքի վերջը գործել է Պոլսում), Սրբուհի Երիցյանը, Մարիամ Թումանյանը և այլք: Գրքի երրորդ բաժինն էլ նվիրված է հայ գաղթօջախներում գործունեություն ծավալած կանանց:

Անշուշտ, նշածս գիրքը սպառիչ ու համապարփակ աշխատության հավակնություն չունի, մանավանդ որ հնարավորություն է եղել ուսումնասիրություններ կատարելու միայն Հայաստանի արխիվում, թանգարաններում և գրադարաններում: Այն շատ ավելի ամբողջական ու լիակատար կլիներ, եթե միջոցներ լինեին պրպտումներ անելու նաև Ստամբուլի (Կ.Պոլսի) և Թբիլիսիի արխիվներում: Այսուհանդերձ այն դրական է գնահատվել գիտական շրջանակներում:

Երրորդ, ինչպես վերը նշվեց, և՛ հյուրընկալված կանայք, և՛ վարչապետի տիկինը խոսում են ժողովրդի՝ արևմտահայ կանանց գործունեությանը շատ քիչ ծանոթ լինելու և նրանց կյանքն ու գործը հանրության լայն շրջաններին հասանելի դարձնելու անհրաժեշտության մասին: Կարծում եմ՝ սա էլ մասամբ թյուր կարծիք է, քանի որ ես ստիպած եմ եղել այս թեմայով տարիներ շարունակ բանախոսություններով հանդես գալ տարբեր լսարաններում, մեծ մասամբ՝ հասարակական գործունեություն ծավալող կանանց: Ընդ որում, նրանց իսկ պահանջով, քանի որ նրանց էլ, ինչպես տիկին Աննա Հակոբյանին, շատ-շատ էր ոգևորում երախտավոր կանանց փորձը, նրանք թևեր էին առնում այս պատմություններից, ինչպես Լեռնա Էքմեքչիօղլուն է ասում, վարակվում էին նրանց օրինակներով:

Իհարկե, միանգամայն ողջունելի է պատմության դասագրքերում հայ կանանց ավանդը ներկայացնելու նախաձեռնությունը, սակայն ցանկալի է, որ դա կատարվի ոչ միայն ոգևորությամբ, այլև գիտական տարբեր շրջանակների հետ համագործակցությամբ (մանավանդ՝ տեղի) և նյութի համակողմանի իմացությամբ:

Վերջապես, եթե տիկին Աննա Հակոբյանն այդքան հրապուրված է այս գործով և պատրաստ է օժանդակել հիշյալ տիկնանց ուսումնասիրություններին, ապա գուցե ձեռք մեկնի նաև տեղի՞ մասնագետներին: Համենայն դեպս, խնդրո առարկա գրքի ընթոցողներն ու հեղինակի ունկնդիրներն արդեն քանի տարի պահանջում են շարունակել պատմությունը և հասցնել մինչև անցյալ դարի վերջը, սակայն դրա համար գոնե նվազագույն ֆինանսական աջակցություն է պետք, որն առայժմ չի գտնվում:

Անահիտ Հարությունյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: