Հայերեն   English   Русский  

«Նա խոստացել է, որ իմ երեխան կապրի կարգին, օրինական երկրում».Անահիտ Հարությունյան


ֆբ գրառում


  
դիտումներ: 945

Ստյոպա Սաֆարյան, մայիսի 22-ին պատասխան գրառում ես արել Վարդուհի Իշխանյանի մի ակնարկին,

որում տրվել ես 1996 թ. նախագահական ընտրությունների հիշողություններին, ավելի ստույգ՝ Նոր Նորքի 2-րդ զանգվածի տեղամասերից մեկում քո՝ որպես հանձնաժողովի ղեկավարի դերի և կատարած աշխատանքի մանրամասն նկարագրությանը: Եվ քանի որ քո նկարագրած դեպքերի ակնատեսն ու մասնակիցն եմ եղել, չեմ կարող չարձագանքել:

Բայց մինչ այդ անդրադառնամ քո շատ հետաքրքիր նախաբանին:

«Իրականում, իմ սկզբունքներից մեկն է որևէ կերպ չարձագանքել որևէ նախագահի կամ քաղաքական գործչի տիկնոջ կամ նրա գործունեությանը, եթե անգամ դա հանրությունը քննարկում է: Դա չեմ արել ո՛չ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի, ո՛չ Բելա Քոչարյանի, ո՛չ Ռիտա Սարգսյանի, ոչ Աննա Հակոբյանի, ո՛չ էլ կանեմ տիկին Վարդուհու դեպքում»:

Սրանից կարելի է ենթադրել, որ մեծահոգաբար անձեռնմխելիություն ես շնորհել կանանց՝ զերծ պահելով նրանց քո քննադատական սուր նետերից: Գովելի է: Բայց ինչպե՞ս համատեղել այս հավաստիացումը քո երկու օր առաջ արած հայտարարությանը դատավոր կանանց հասցեին, որ սեքսիզմի աննախադեպ օրինակ է: Բառացի մեջբերում եմ քո հայտարարությունը, որ տարածվեց լրատվամիջոցների մեծ մասում.

«Դատական իշխանությունը ձևավորվել է նախկին իշխանությունների օրոք՝ 98 թվականից սկսած երեք այսպես կոչված ռեֆորմների արդյունքում: Դատավորներ են նշանակվել իրենց ընտանիքի անդամները, իրենց սիրուհիները, իրենց հավատարմություն տվածները, կաշառք տվածները»:

Այս հայտարարությունից հստակ երևում է, որ «նախկին ռեժիմ» ասվածը քեզ համար սկսվում է 1998 թվականից, մինչ այդ ուրեմն ի՞նչ էր, նախկին ռեժիմ չէ՞ր, ներկա՞ էր: Երկրորդ՝ այն 54 կին դատավորները՝ բոլորը, որոնց մեծ մասը, բնական է, տուն-տեղ, ամուսին, երեխաներ ու թոռներ ունեն, քո թեթև ձեռքով սիրուհիներ դարձան: Եթե սա ասեր որևէ անբան բամբասասեր, որոնցով ողողված է ֆեյսբուքը, և որոնք ջանասիրաբար նյութեր են տեղադրում ներկայիս իշխանավորների սեռական կողմնորոշման մասին, ես չէի զարմանա, բայց ի՞նչ մտածեմ, երբ ասում է իրեն արդարության ջատագով համարող քաղաքագետն ու հասարակական գործիչը: Եվ դեռ վրդովվում է, որ Հանրային խորհրդի նիստի մասին հաղորդագրության մեջ հատուկ չեն մեջբերում նաև իր արտահայտած կարծիքը: Այսպիսի հայտարարությունից հետո ի՞նչ արժեն քո արտահայտած մնացած կարծիքները:

Անցնեմ քո գրառման բուն նյութին, որ վերաբերում է 1996 թվականի նախագահական ընտրություններին, ավելի ստույգ՝ Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի ընտրատեղամասերից մեկի (մանկապարտեզի) իրադարձություններին:

Քո գրառման տակ ընկերներիցդ մեկը՝ Քրիստինե Մկրտչյան անունով, գրել էր. «Պարոն Սաֆարյան, այդ ինչ վիտամիններ եք ընդունում, որ 1996 թ. ընտրությունները այսքան մանրամասն հիշում եք, մեզ էլ ասեք»:

Ես, որ այդ տեղամասում եղել եմ Վազգեն Մանուկյանի վստահված անձը և ներկա եմ եղել ընտրությունների օրվա ողջ ընթացքին, վիտամիններ չեմ ընդունում և, իհարկե, շատ բան մոռացել եմ, բայց ոչ այն աստիճանի, որ մոռանայի քո նշած այն փաստը, թե հանձնաժողովի՝ Վազգեն Մանուկյանի կողմնակից 7 անձ լքել է հանձնաժողովը և վախեցած փախել տեղամասից: Այդպիսի փաստը հնարավոր չէ մոռանալ:

Գրում ես, թե դու լրիվ չեզոք մարդ ես եղել, շատ պատահաբար ես հայտնվել այդ հանձնաժողովում և դեպքերի բերումով ես դարձել հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար, նույնիսկ քշել ես տեղամասից «Հանրապետություն» բլոկի ներկայացուցիչներ Իշխան Զաքարյանին և Մարտին Հովհաննիսյանին, որոնք պարտադրել են Վազգեն Մանուկյանի կողմնակցին կեղծել ընտրությունները: Դու քաջաբար քշել ես նրանց, իսկ Վազգեն Մանուկյանի կողմնակիցները վախեցել ու փախե՞լ են:

Գրում ես. «Մի քիչ էլ որ խորանան, կպարզեն, թե ո՞վ ինձ, որպես հանձնաժողովի նախագահի պաշտոնակատարի, հրավիրեց մանկապարտեզի տնօրենի սենյակ, ի՞նչ պահանջեց, ի՞նչ մերժում ստացավ, և ինչպե՞ս եղավ, որ Վազգեն Մանուկյանը հաղթեց իմ ընտրատեղամասում, որտեղ իր 8 ներկայացուցիչները վախից փախել էին (անկեղծ, չեմ մեղադրում, երեխեքը չէին պատկերացնի, թե ի՞նչ և ո՞ւմ որջն են եկել), և հանձնաժողովում մնացել էին բացառապես այն ժամանակվա իշխող Հանրապետություն բլոկի ներկայացուցիչները, իսկ ես իմ կամքից անկախ՝ հանգամանքների բերումով հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար: …Տիկին Վարդուհուն ջերմորեն հիշեցնում եմ, որ իմ այդ զրուցակիցը, որը պահանջում էր, որ մենք «ցուցանիշ ապահովենք, որովհետև ինքը պատասխանատու է 2-րդ զանգվածի համար» և իր ամուսինը՝ Վազգեն Մանուկյանը մինչև 2018 թ. Թավշյա հեղափոխությունը, միգուցե նաև այժմ՝ նույն քաղաքական թիմում են»:

Ծիծաղելի է, Ստյոպա, 2-րդ զանգվածի պատասխանատուն դու էիր, դու պատասխանատու էիր, որ այդ տեղամասում հաղթի Լևոն Տեր-Պետրոսյանը, և պետք է ասեմ, որ այդ առումով շատ լավ էիր աշխատում, ինչո՞ւ ես հիմա քեզ այդպես հեռացնում «Հանրապետություն» բլոկից: Եվ ինչո՞ւ չես ասում այն մարդու անունը, որ իբրև թե պարտադրել է քեզ կեղծումներ անել ի վնաս Վազգեն Մանուկյանի և հիմա նրա հետ նույն թիմում է:

Ես հիշում եմ քո ջղային վիճակը, երբ պնդեցի, որ պիտի ստորագրեմ բոլոր քվեաթերթիկների դարձերեսներին, որպեսզի դրսից բերված և արկղ նետված քվեաթերթիկները երևան: Երկար վիճաբանությունից հետո միայն թույլ տվեցիք դնել իմ ստորագրությունները, և երբ անհամբեր սպասում էիք մինչև վերջացնեմ դա, դու մի պահ չդիմացար ու հարցրիր ինձ. «Հետաքրքիր է՝ Վազգեն Մանուկյանն ի՞նչ պաշտոն է խոստացել քեզ, որ այդպես չարչարվում ես»: Պատասխանեցի. «Նա խոստացել է, որ իմ երեխան կապրի կարգին, օրինական երկրում»: Չե՞ս հիշում դա: Չե՞ս հիշում, թե ինչպես նյարդերդ չէին դիմանում, երբ քվեաթերթիկներն արկղից հանելիս ամեն անգամ հնչում էր Վազգեն Մանուկյան անունը: Ի վերջո չդիմացար, և ասացիր. «Ախպոր պես, էդ անունը էլ մի ասեք, ուղղակի սուսուփուս դրեք իր քվեաթերթիկների վրա»: Չե՞ս հիշում:

Բայց դու միանգամայն իրավացի ես, երբ ասում ես, որ Վազգեն Մանուկյանի քվեները իմ շնորհիվ չէ, որ պահպանվել են: Այդ ո՞ր վստահված անձն է կարողացել, բացի խախտումներն արձանագրելուց, ազդել քվեարկության ընթացքի վրա:

Այդ ընտրատեղամասում Վազգեն Մանուկյանի քվեները պահպանվեցին հանձնաժողովի անդամ մի կնոջ շնորհիվ, որը կարծեմ թաղապետարանից էր: Ափսոս, շատ ափսոս, որ նրա անունը մոռացել եմ: Նա էր նստելու այն արկղի մոտ, որում նետվելու էին քվեաթերթիկները: Իսկ այդ ժամանակ ընտրակեղծիքների ամենատարածված ձևերը լցոնումներն էին ու այսպես կոչված «կարուսելը»: Նա մոտեցավ ինձ և ասաց. «Մի անհանգստացիր, ես արկղից չեմ հեռանա, ոչ մի րոպե, նույնիսկ զուգարան չեմ գնա և չեմ թողնի, որ դրսից բերված քվեաթերթիկ գցեն»: Այդպես էլ արեց: Այ, այդ կինն էր, որ որևէ քաղաքական ուժի հետ առնչություն չուներ, որևէ մեկի կողմնակիցը չէր, պարզապես քաղաքացի էր, արդարության կողմնակից, որ իրեն վիճակված պարտականությունը բառի բուն իմաստով հերոսաբար արեց:

Հետագա տարիներին, սիրելի Ստյոպա, հատկապես քո ասած «նախկին ռեժիմի» ժամանակ մենք բազմիցս հանդիպել ենք և եղել ենք բարիկադների նույն կողմում, այն ժամանակ դու անձնվեր պայքարում էիր անօրինականությունների դեմ: Բայց հիմա տեսնում եմ, որ մնացել ես այն 96-ի ընտրությունների ընտրատեղամասում՝ մանկապարտեզում, երբ հարցնում էիր ինձ, թե ինչ պաշտոն են խոստացել, որ այդպես ջանասիրաբար պայքարում եմ:






Մեկնաբանություններ - 1

Ստյոպա Սաֆարյան     28.05.2019 Բաց նամակ 1996թ, նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի վստահված անձ տիկին Անահիտ Հարությունյանին

Հարգելի տիկին Հարությունյան,

Ամենևին անակնկալի չեմ եկել, որ որոշել եք արձագանքել Վազգեն Մանուկյանի տիկնոջը՝ հարգարժան Վարդուհի Իշխանյանին իմ գրած պատասխանին, որն իր հերթին պատասխան էր տիկնին Իշխանյանի կողմից իր ֆեյսբուքայն պատին՝ ֆեյք օգտատիրոջ զրպարտագրին: Ես արտակարգ հասկացել էի, որ տիկին Իշխանյանի մեջ մինչև այժմ կա անհանդուրժողականություն բոլոր նրանց հանդեպ, ովքեր մասնակից են եղել 1996թ. նախագահական ընտրություններում ընտրակեղծարարության: Նոմալ է, մարդկային է: Չափազանց լավ զգում էի, որ նրան ինչ-որ մեկը թունավորել է գոնե իմ և իմ "դերակատարման" մասով: Ու վստահ էի, որ այդ հեքիաթը նրանց պատմողներից մեկը դուք եք եղել:

Չգիտեմ, թե ինչու եք դա արել, մանավանդ, որ Վազգեն Մանուկյանը այն ընտրատեղաասում, որտեղ մենք միասին ենք եղել, հաղթել է Լևոն Տեր-Պետրոսյանին 60/40 տոկոս հարաբերակցությամբ, դուք կամ որևէ մեկը այդ տեղամասի վրա որևէ բողոք չի գրել: Մտածում եմ, որ ուղղակի փորձել եք Մանուկյանների ընտանիքի մոտ հերոսական մի բալլադ ներկայացնել, թե ինչպես բոլոր կեղծարարները փորձում էին կեղծել ընտրությունները, իսկ դուք մեն-մենակ՝ կանգնել եք ընտրակեղեծարարության մեքենայի դիմաց և խիզախել եք՝ պահելով ընտրատեղամասի արդյունքները: Դրա կարիքը չգիտեմ, թե որքանով ունեիք, իսկ այժմ հասկանում եմ, որ արձագանքել եք, որովհետև տիկին Վարդուհուն իմ գրածն ու նրան Ձեր պատմածը բացարձակ տարբեր բաներ են ու հիմա հավանաբար արդարանալու կարիքն ունենք, ու շարունակում եք պատմել բաներ, որոնք չեն եղել.... Երբեք չեն եղել....

Քանի որ վկայակոչել եք իմ ֆենոմանեալ հիշողությունը, ապա ասեմ, որ այո, այն գենետիկա է: Հայրս անգիր, առանց որև թղոից օգտվելու գիտեր ողջ Նոյեմբերյանի ավտոմեքենաների համարներն ու հեռախոսահամարները, անցյալից պատմում էր ֆենոմենալ մանրամասներ, որի համար զրուցակիցները սարսափում ու ապշում էին: Հավանաբար բնությունը մի փոքր էլ մեզ է փոխանցել գեներով: Այնպես որ՝ չզարմանաք, որ հիմա այլ մանրամասներ էլ պատմեմ, քանի որ հիշողությունս շատ լավն է:

Թերևս ձեր հորինածից միայն ճիշտ է այն, որ դուք այնտեղ եք եղել: Ինձ վերագրվող հարցերն ու խոսքերը միայն զարմանք ու ծիծաղ առաջացրեցին: Մի շատ պարզ պատճառով, 1996թ. ես քաղաքական որևէ համակրանք չեմ ունեցելլ ավելին՝ եթե որևէ մեկն ինձ ասեր, որ ես քաղաքականության մեջ եմ լինելու, մի կուշտ կծիծաղեի: Ես սեյսմոլոգիայից գիտական թեզ էի գրում ու իմ ողջ աշխարհը բնական տարերքներն էին, երկրաշարժերն ու հրաբուխները (հենց դրա պատճառով դեմ էի գնացել բոլոր ծնողական հորդորներին, անգամ իմ ներսում բնատուր հումանիտար որակներին ու ընտրել գեոֆիզիկա մասնագիտությունը): Իհարկե, գիտեի, որ Վազգեն Մանուկյանը կամ Լևոն Տեր-Պետրոսյանը Ղարաբաղ կոմիտեի անդամներ են եղել, որովհետև 88-ից հիացած ու զմայլված էի անկախացման այդ շարժումով, բայց հավատացնում եմ, քաղաքականությանը որևէ կերպ չէի հետևում, հեռուստացույց չէի նայում, թերթեր չէի կարդում: Այնպես որ՝ այդ տարիներին որևէ ընդգծված վերաբերմունք ոչ Տեր-Պետրոսյանի, ոչ Մանուկյանի կամ մեկ այլ թեկնածուի նկատմամբ չունեի, որ ինչ-որ մեկի թայֆայում ներառվեի: Ու անհնար է ինձ վերագրել ռեակցիաներ կամ հարցեր, ձեր հորինած՝ թունոտ արձագանքներ, քանի որ ոչ մի նման վերաբերմունքի պատճառ չեմ էլ ունեցել....

Դա իմ կյանքում առաջին ընտրություններն էին, որոնց մասնակցում էի, և հանձնաժողովում ինձ առաջադրել էին, որովհետև Հանրապետություն բլոկը այդքան մարդկային ռռեսուրս չէր ունեցել ու ծանոթի-ծանոթի-ծանոթի սկզբունքով փեսայիս էին դիմել, ու ես զուտ հետաքրքրությունից դրդված որոշել էի տեսնել, թե այդ ինչ բան են ընտրությունները... Ի սեր Աստծո, մի փորձեք ոչ հրապարակավ, ոչ էլ որևէ անկյունում ներկայացնել, թե ես որևէ քաղաքական թիմի պատկանել եմ: Այո, հետագայում, 98-ի պալատական հեղաշրջման շրջանում անդամակցել եմ ՀՀՇ-ին (քանի որ իմ նման բազում մարդի, որոնք ընտրությունների արդյունքները պահել էին տեղամասերում շատ պայծառ մարդիկ էին ու մենք ընկերացանք, նրանց մի մասը այժմ էլ ինձ ընկեր են), երբ Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀՀՇ-ն այլևս ընդդիմություն էին.... Հետևաբար, խնդրում եմ մի ներկայացրեք, թե ես 96թ. շահագրգռված եմ եղել որևէ մեկի հաղթանակի հարցում ու "սրտնեղել եմ" որևէ մեկի քվեների առատությունից: Դա ինձ ամենևին չէր էլ հետաքրքրում ու ես մինչև կեսօր գրեթե ճեմում էի Հ1ից ինձ նման հանձնաժողովում պատահականորեն հայտնված մեկ այլ ռեժիսյորի հետ, մինչև կեսօրին պարզ կդառնար, որ հանձնաժողովի 8 անդամների, ներառյալ՝ նախագահի վրա ճնշում է գործադրվել ու նրանք անվերադարձ հեռացել են տեղամասից... Վատ է, որ չեք հիշում:

Ավելին ասեմ, այդ 8 պայծառ երիտասարդներին հանձնաժողովներում առաջադրել էր Նոր Նորքի 2-րդ զանգվածում ապրող Կարեն անունով մի երիտասարդ, որը հավակնում էր նախագահական ընտրություններից հետո որպես ընդդիմադիր թեկնածու մասնակցել Նոր Նորք համայնքի ավագանու հաջորդելիք ընտրություններին: Հիմնականում ժողինստիտուտից նշանակված այդ 8 ուսանողները նրա ընկերներն էին, հանձնաժողովի նախագահը տղա էր, իսկ քարտուղարը նրա համակուրսեցի մի աղջիկ: Մենք մինչև հանձնաժողովի նիստը բոլորով հանդիպել էինք Մոլդովական փողոցի վրա գտնվող նրա տանը, այդ երկուսն առաջադրվել էին նշված պաշտոններում, ինձ էլ, որպես բարձրագույն լավ կրթություն ունեցող երիտասարդ առաջարկվել էր առաջադրել նախագահի տեղակալ, քանի որ ավելի հարմար թեկնածու չկար, մանավանդ որ տեղակալը նախատեսված էր միայն ֆորս-մաժորային իրավիճակների համար, որն էլ պատահեց մեր ընտրատեղամասում...

Եւ ահա, դուք եկել էիք մի հանձնաժողով, որտեղ ոչ մեկ կեղծելու ցանկություն չուներ, նման հանձնարարություն չուներ ի սկզբանե, մինչև որ 2-րդ և 3-րդ զանգվածերի հայտնի պատասխանատունները՝ այն ժամանակ ԱԺ պատգամավորներ Հանրապետություն խմբակցությունից, եկել էին տեղամաս ու հանձնաժողովի նախագահին "բացատրել", թե նա ինչ պետք է անի, ինչից հետո երիտասարդները ահաբեկված հեռացել էին, անգամ մեզ հրաժեշտ չտալով, որովհետև նրանց կամ մեզանից որևէ մեկին կանխավ չէր ասվել, թե "բան պետք է արվի".... Ու ահա դրանից իմ կամքից անկախ հանձնաժողովի ննջող ու ձանձրացող փոխնախագահից դարձա պաշտոնակատար՝ ընտրատեղամասից դուրս հրավիրելով 2 ԱԺ պատգամավորին, որովհետև նրանք իրավունք չունեին մուտք գործել ԸՕ համաձայն.... Վատ է, որ դա չեք "հիշում":

Թույլ տվեք ձեզ հիշեցնել նաև այլ բաներ, որոնք էլի վատ եք հիշում կամ այդպես եք ցույց տալիս.. ԱԺՄ-ից հանձնաժողովի անդամ էր ոչ թե թաղապատերանից ինչ-որ կին /շատ զարմանալի է, որ թաղապետարանում աշխատող երկար, թափված վարսերով այդ տիկնոջը, ով իրականում ձեր հակառակ ճամբարից էր, թաղապետ Մինասյանի Մկրտիչի թիմից հիշում եք որպես "ընտրությունների օրինականությունը պահած մեկի" /, այլ թաղապետարանի հետ կապ չունեցող, Մերգելյան իսնտիտուտի գիտաշխատող Սեդա Մանուկյանը, ում հետ դրանից հետո երկար ընկերություն ենք արել թե՛ ընտրությունների ժամանակ, թե՛ Նոր Նորքի տարածքում, որի բնակիչ էինք թե ես, թե նա: Ու հավատացեք, հետագա ընտրություններում, երբ նա իմ հետ միասին եղել է հանձնաժողովում՝ 1998 նախագահական, 1999 խորհրդարանական, 2003 նախագահական, մեր ու այլ ազնիվ քաղաքացիների տանդեմի պայմաններում ոչ մի ընտրություն այդ տեղամասերում չի կեղծվել:

Ու եթե Վազգեն Մանուկյանին նվիրված այդ կինը գեթ մեկ կասկած ունենար, որ ընտրություններն են կեղծվել, ապա ոչ միայն թշնամի կլինեինք, այլ հետագայում չէինք էլ բարևի միմյանց: Ավելին, տիկին Սեդան ինձ հետ կաներ այն, ինչ արեց 1998թ. նախագահական ընտրությունների ժամանակ, երբ նույն 2-րդ մասիվի "պատասխանատու", բայց արդեն պալատական հեղաշրջման ընթացքում երկրապահացած ու ճամբարափոխված պատգամավորի առաջադրած հանձնաժողովի կին անդամի երեսին սկսեց հարվածել ընտրամատյաններով այն բանից հետո, երբ վերջինս փորձեց ազատ՝ բացակա ընտրողների տողերում անձնագրային համալրումներ անել....

Դեհ, իհարկե, չեք հիշի ՀԿԿ-ից տիկին Կիմային, ով կարծեք թե արդեն մահացել է, ու շատ շատերի չեք հիշի: Ձեռք չի տալիս հիշել.... Որովհետև Մանուկյանների ընտանիքին դուք այլ բան եք պատմել, ձեր հերոսության մասին պատմել՝ որպես "ընտրակեղծարարների" դեմ Ավարայրի մի նոր ճակատամարտի Վարդան Մամիկոնյան... Ու ձեր հորինած զրպարտությունը ֆեյքերով գրում եք, տարածում, կեղծելով իմ կենսագրությունը՝ թե որ թվականին եմ ՀՀՇ անդամ դարձել, ինչու և ինչից դժգոհ դուրս եկել, դեհ 1996թ. ընտրությունների մասին էլ չասեմ, որտեղ մեր տեղամասում Վազգեն Մանուկյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի ձայները բաշխվել են 60/40 հարաբերակցությամբ...

Ու այս ամենը արել եմ ոչ ամենևին Վազգեն Մանուկյանի համար, նրանք ինձ շնորհակալություն ասելու կարիքը չունեն, որովհետև դա միայնակ չեմ արել, որովհետև ինձ համարել եմ ու համարում եմ ՀՀ քաղաքացի, իմ պարտքն եմ համարել ու համարում ՀՀ օրենքների դաշտում, ու ի տարբերություն ձեզ՝ ինձանից հերոս կերտելու ցանկություն չունեմ,

Իսկ եթե դա միտումնավոր չեք արել ու անում, ուրեմն հիշողության կորուստ ունեք կամ այլ բան... Դա դուք կիմանաք:

Վերջինը, կանանց, կին դատավորների ու պաշտոնյաների մասին ձեր ու իմ ասածի ծայրահեղ հակառակ լինելու մասին: Այստեղ էլ սխալ եք ընկալել իրականությունը. ես իմ սուր քննադատություններում չեմ խնայում սխալ անող կին պաշտոնյաներին, քաղաքական գործիչներին, ինչպես որ չեմ խնայում տղամարդ պաշտոնյաներին: Պարզապես ես չեմ անդրադառնում քաղաքական գործիչների կանանց: Դրանք տարբեր բաներ են: Չեմ հասկանում, թե ինչու է իրականության ձեր ընկալումն այսքան խեղված ու և՛ անցյալի, և՛ ներկայի հարցում, անգամէ գրված տեքստերը կարդալիս ու մեկնաբանելիս...

Ու կրկնելու եմ, որ 2008թ. Ժառանգություն կուսակցություն այցելած նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի առջև ինքս եմ բարձրացրել այս հարցը՝ հետաքրքվելով, թե արդյոք ընտրվելու դեպքում նա նաև կպատժի այն մարդկանց, որոնք ճամբարափոխվելով բոլոր ընտրություններում եղել են ընտրակեղծարար մեքենայի մաս, բայց չեն պատժվել...

Ձեր գիտության համար, 1996թ. սեպտեմբերի 25-ի առավոտյան, երբ լույս աշխարհ էր գալիս քրոջս երկորդ բալիկը ու նա գտնվում էր հիվանդանոցում, ԱԺ-ի վրա հայտնի գրոհի ու հաջորդած ձերբակալությունների հորձանուտում ոստիկանություն բերման էր ենթարկվել փեսաս՝ իր 1 տարեկանը չբոլորած որդու հետ, երբ նրանք սնունդ էին տարել հիվանդանոցում բալիկին սպասող քրոջս... Իհարկե նրան ազատ արձակեցին, որովհետև փողոցային անբարո կնոջ միջոցով արված շառը հերքվեց, ու դրանից հետո, երբ բալիկը ծնվեց, ու քույրս իմացավ եղելությունը, ցրել տվեց ողջ Սպանդարիանի ոստիկանության բաժինը, որի պետը ծնկաչոք աղաչում էր քրոջս հետ կանգնել բողոքից, քանի որ տուն, երեխա է պահում... Միևնույնն է, 1 տարեկան երեխային բաժին բերման ենթարկած ոստիկանության բաժանմունքի կազմն ամբողջությամբ փոխվեց... Ի դեպ, քանի որ "լավ չեք հիշում", ասեմ, որ Սեդա Սաֆարյանի ամուսինը՝ ազատամարտիկ փեսաս էլ այդ հանձնաժողովում ու ձայները պահողներից, ու բաժնից դուրս եկած լուրերի համաձայն, նրան մեկուսացնելու փորձը պատասխանն էր նրա, որ ես, որպես իմ կամքից անկախ հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար դարձած երիտասարդ, մանկապարտեժի վարիչ սենյակում մերժել էի "ցուցանիշներ ապահովել", ու հանուն արդարության, իմ թիկունքը հենց նա էր....

Իսկ թե այսքանից հետո ինչու եք ուզում ինձ դարձնել 1996թ. նախագահական ընտրությունների ժամանակ 2-րդ մասիվի "պատասխանատուն" ու նրբորեն շրջանցում եք այն անձին, ով, համաձայն ԶԼՄ-ների, այս օրերին Ն.Փաշինյանին "ձեռնոց նետող" Ռ.Քոչարյանի հետ հանդիպողներից է եղել, ով և դուք միգուցե այժմ նույն ճամբարում եք միասին, դա թողնում եմ Ձեր և ընթերցողի խղճին: Միայն թե, այսուհետ թույլ չեմ տալու, որ կին թե տղամարդ, զրպարտությամբ զբաղվեն, "զոհ" ձևանան: Իսկ թե Մանուկյանների ընտանիքը ինչ եզրահանգում կկատարի ձեր պատմած ստի ու իմ պատմած եղելության կապակցութամ, ամենևին մատի և մատանու արանքում տեղավորվելու ցանկություն չունեմ:

Աստված ձեզ հետ՝

Հարգանքներով՝
Ստեփան Սաֆարյան
28 մայիսի, 2019թ.

Հուսով եմ, կայքը կհրապարակի նաև իմ այս պատասխանը:
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: