Հայերեն   English   Русский  

Կալանավորվել է Ծաղկաձորի նախկին քաղաքապետ Գարուն Միրզոյանի 19-ամյա որդին


  
դիտումներ: 708

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է բժշկական փաստաթղթեր կեղծելու

եւ օգտագործելու ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու դեպք, հաղորդում է Shamshyan.com-ը:

Այդ առթիվ 2019թ. մայիսի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը) եւ 376-րդ հոդվածի 1-ին մասով (Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ) ՀՀ ՊՆ Աբովյանի ՌՈ բաժնում հարուցվել է քրեական գործ:

Վերջինիս շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով նույն օրը ձերբակալվել է ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի՝ 2000 թվականին ծնված մի բնակիչ: Մայիսի 20-ին քրեական գործով մինչդատական քրեական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից քրեական գործը վերցվել է հետաքննության մարմնից եւ հանձնվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնին` նախաքննություն կատարելու նպատակով, որը նույն օրն ընդունվել է վարույթ:

Ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա մայիսի 20-ին. Երեւանի կայազորի զինվորական դատախազի տեղակալի կողմից որոշում է կայացվել Գ.Ա.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ այն բանի համար, որ 2016թ. կցագրված լինելով Կոտայքի զինկոմիսարիատում՝ քննությամբ չպարզված ժամանակում եւ հանգամանքներում, դեռեւս ինքնությունը չպարզված անձից օգտագործելու նպատակով ձեռք է բերել մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա կատարելու վերաբերյալ հետազոտման կեղծված ակտի պատճենը, որում առկա է եղել իր առողջական վիճակին ակնհայտորեն չհամապատասխանող ախտորոշումներով եզրակացություն:

Ապա, հաստատապես իմանալով, որ այն հանդիսանում է կեղծ փաստաթուղթ, նախ ներկայացրել է զինկոմիսարիատ, այնուհետեւ կենտրոնական բժշկական հանձնաժողովին եւ փաստաթղթեր կեղծելու ճանապարհով ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի՝ հաշվառվել պահեստազորում՝ այդ կերպ խուսափելով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից: Գործով մինչդատական քրեական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ցուցում է տրվել Գ.Ա.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք առաջադրելու եւ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան դիմելու մասին:

Դատախազի ցուցումի պահանջների կատարման շրջանակներում մայիսի 21-ին Գ.Ա.-ին նշված հոդվածով առաջադրվել է մեղադրանք: Նույն օրը քննիչի կողմից միջնորդություն է հարուցվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նրա նկատմամբ 2 ամիս ժամկետով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը բավարարվել է: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են մեծածավալ օպերատիվ, քննչական եւ այլ դատավարական գործողություններ ինչպես գործի լրիվ հանգամանքները բացահայտելու, այնպես էլ հանցանք կատարած մյուս անձանց ինքնությունները պարզելու ուղղությամբ:

Աղբյուրի փոխանցմամբ, կալանավորվածը Ծաղկաձորի նախկին քաղաքապետ Գարուն Միրզոյանի տղան է՝ 19-ամյա Վարդան Միրզոյանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: