Հայերեն   English   Русский  

«Մրից ելանք, մրջուրն ընկանք». ՀՅԴ-ն հանրահավաք է անցկացրել Ազատության հրապարակում


  
դիտումներ: 344

Այսօր՝ մայիսի 23-ին, Ազատության հրապարակում Հայ հեղափոխական դաշանկցություն կուսակցությունը անցկացրեց նախապես հայտարարած հանրահավաքը:

Հանրահավաքին մասնակցել են ՀՅԴ ներկայացուցիչներ՝ Գեղամ Մանուկյանը, Իշխան Սաղաթելյանը, Հրանտ Մարգարյանը, Արմեն Ռուստամյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավորներ, «Ադեկվադ» նախաձեռնության անդամներ, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Ռուբեն Սահակյանը և այլք:

Արմեն Ռուստամյանը դիմելով հավաքվածներին շնորահակալություն հայտնեց իրենց կազմակերպած հանրահավաքին մասնակցելու համար:

«Մենք եթե հանրահավաք ենք գումարում, ուրեմն նշանակում է երկրում մի բան էնպես չէ: Այս հանրահավաքը ունի հստակ առաքելություն: Նախ ահազանգ հնչեցնել իշխանություններին, որ այսպես շարունակել չի կարելի, մենք ընդհուպ մոտեցել ենք անշրջելիության կետին, այն կետին, որից հետո կորուստները անդառանալի են լինելու: Իշխանությունների վարած քաղաքականությունը ոչ միայն համահունչ չէ երկրի դիմագրաված մարտահրավերներին ու ժողովրդի սպասումներին, այլև գնալով առաջացնում է վտանգներ: Սա մի սպառնալիք է, որ այս ինքնագոհ ու ինքնահավան իշխանությունը չի զգում ու չի էլ պատրաստվում դրա դեմն առնել: Դրա համար եկել ենք ասելու՝ լրջացեք, դուրս եկեք ձեր ինքնասիրահարված ու էյֆորիկ վիճակից: Որ սթափվելու պահն է, ցույց են տալիս այս վարչախմբի իշխանավարման մեկամյա հետևանքները, դրանք շատ տխուր են: Այլևս ակնհայտ է, որ համաժողովրդական շարժումը, որի կողքին կանգնել ենք նաև մենք, վաղուց արդեն չունի իր սկզբնական թափն ու ընդգրկումը: Ինչպես և հաճախ է պատահել մարդկության պատմության ընթացքում, դա տեղի է ունենում այն պարզ պատճառով, որ շարժման առաջնորդը ժամանակի ընթացքում շարժումը սկսում է փոխարինել իրենով և հետզհետե ձեռք է բերում ժողովրդի անունից խոսելու բացառիկ իրավունք: Արդյունքում, առաջ-առաջ գոռալով՝ հետ-հետ ենք գնում, քանզի կրկին վերադառնում ենք միահեծան ու միանձնյա կառավարմանը, բայց այս անգամ իբրև թե ժողովրդի կամքով ու պահանջով: Արդեն ժողովրդի անունով պարբերաբար կարելի է տապալել սահմանադրական կարգը, շրջանցել օրենքներն ու կասեցնել ցանկացած պետական մարմնի լիազորություն: Սա մի ընթացք է, որը գուժում է ոչ ավելի, ոչ պակաս սահմանադրական պետության վերջի մասին: Հենց այս դեպքերի համար է ժողովրդական խոսքն ասում. «Մրից ելանք, մրջուրն ընկանք»:

Հանրահավաքի կազմակերպիչները նշել են, որ այսուհետ իշխանության ցանկացած սխալ գործողության դեղին քարտ են ցույց տալու ու այլևս չեն լռելու:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի մայիսի 20-ի հայտարարությունից և դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու գործողություններից հետո ՀՅԴ-ն հայտարարել էր, որ պատրաստվում է հանրահավաք անցկացնել՝ իշխանության անօրինական քայլերի դեմ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: