Հայերեն   English   Русский  

«Միլիոնէն մէկը. ցեղասպանութեան ականատես զէյթունցի պատանիի մը հուշերը» գրքի շնորհանդեսը


  
դիտումներ: 6926

Ս.թ. մայիսի 22-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ «Միլիոնէն մէկը. ցեղասպանութեան ականատես զէյթունցի պատանիի մը հուշերը» գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակվել է «Զարթոնք» օրաթերթի կողմից, դկտ. Անդրանիկ Դագեսյանի խմբագրությամբ: Այն «Զարթօնք» մատենաշարի առաջին գիրքն է:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» տնօրենը, ով իր խոսքում կարևորեց նման հուշագրերի հրատարակումը: Հարություն Մարությանը ներկայացրեց գրքի հրատարակման պատմությունը և հույս հայտնեց, որ լիբանանյան գործընկերների հետ համագործակցության շնորհիվ հնարավոր կլինի տպագրել պատմագիտական մեծ արժեք ներկայացնող մի շարք անտիպ հուշագրություններ, որոնք պահվում են ՀՑԹԻ արխիվային հավաքածուում:

«Յուրաքանչյուր հուշագրություն գաղտնիքներ է պարունակում թե´ ընթերցողների, թե´ հետազոտողների համար: Ամեն մի հուշագրություն նորություն է բերում և հյուլեավելացնում Հայոց ցեղասպանության պատմությանը: Ինչքան էլ մենք ուսումնասիրում ենք այդ պատմությունը, տեսում ենք, որ կան բազմաթիվ չբացահայտված էջեր, և այդ էջերի զգալի մասը ոչ թե արխիվներում է, այլ հենց մարդկանց հուշագրություններում: Մարդիկ, ովքեր տեսել են ցեղասպանությունը, զգացել են այն իրենց կաշվի վրա և կյանքի որոշակի փուլում որոշել են այդ ամենը թղթին հանձնել»,- նշեց «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը:

Գրքի շնորհանդեսին ելույթ ունեցավ նաև «Զարթօնք» օրաթերթի խմբագիր Սևակ Հակոբյանը, ով իր երախտագիտությունը հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին միջոցառումը կազմակերպելու ու իրենց թիմին աջակցելու համար: Պարոն Հակոբյանը նաև ՀՑԹԻ արխիվին հանձնեց «Միլիոնէն մէկը» ձեռագիր հուշագրության բնօրինակի եզակի օրինակը՝ թվով երեք տետրակ՝ գրված ցեղասպանությունից մազապուրծ պատանու ձեռքով: Զարթոնքի խմբագիրը նաև պատվեց թերթի ամենատարեց ընթերցողներից մեկին, ում հանձնվեց օրաթերթի առաջին համարի պատճենով պատրաստված սալաքար:

«Գրքի հերոսի` Հարություն Գալայճյանի անունն ընդամենը մի քանի ամիս առաջ ոչ ոք չէր էլ լսել: Նա ծնվել է Զեյթունում, ականատես է եղել Հայոց ցեղասպանությանն ու հետագայում մահացել Բրազիլիայում:Հավանաբար, նրա անմիջական շրջանակից բացի ոչ ոք նրա մասին չգիտեր, բայց գրքի շնորհիվ նա քաջածանոթ դարձավ մեր հազարավոր ընթերցողներին: Սա է «Զարթոնք» մատենաշարի թաքուննպատակը»,-շեշտեց Սևակ Հակոբյանը:

Միջոցառմանը որպես հիմնական բանախոս ելույթ ունեցավ բանասեր, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաշխատող, Հայոց ցեղասպանության հուշագրությունների,վավերագրերի և մամուլի բաժնի վարիչ պարոն Միհրան Մինասյանը: Վերջինս՝ բարձր գնահատելով «Միլիոնէն մէկը» գրքի հրատարակությունն ու կատարված խմբագրական աշխատանքն, իր խոսքում հիմնականում անդրադարձավ Հայոց ցեղասպանությունը վերապրածների ու հուշագրությունների հանրայնացման ու տպագրման խիստ անհրաժեշտությանը:

«Այս հուշագրությունները, նույնիսկ ամենահամեստ շարադրանքով գրվածները, կարևոր են Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրության համար: Յուրաքանչյուր հուշագրության մեջ կարելի է հանդիպել առաջին հայացքից անկարևոր մի տեղեկության՝ անուն, թվական, դեպք, որը պարզվի, որ հետազոտողը փնտրել է տարիներ շարունակ: Բացի դրանից յուրաքանչյուր հուշագրություն ունի բազմաթիվ շերտեր, որոնք հավասարապես կարևոր են և´ պատմաբանի, և´ գրողի, և´ հոգեբանի, և´ սոցիոլոգի, և´ ազգագրագետի, և´ տնտեսագետի համար:

Այս պահի դրությամբ աշխարհի տարբեր գրադարաններում հաշվվում է մոտավորապես 1000 տպագիր հատոր-հուշագրություն, իսկ տարբեր արխիվներում ու մասնավոր հավաքածուներում պահվող անտիպ հուշերի մասին նույնիսկ դժվար է ասել, քանի որ գրեթե ամեն օր հայտնվում են նոր ձեռագրեր, որոնք ընտանիքները հանձնում են թանգարանին:

Կարծում եմ՝ նախ և առաջ, կարելի է մշակված հարցաշարով եղած անտիպ հուշերի ծանոթագրություն կազմել, որն արդեն մեծ աջակցություն կլինի հետազոտողի համար, ով կհասկանա որտե՞ղ և ի՞նչ փնտրել
»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: