Հայերեն   English   Русский  

Որտե՞ղ է թաքնված շան գլուխը. վարորդները բողոքում են գազի գնի բարձրացման դեմ


  
դիտումներ: 221

Մայիսի մեկից Կառավարության որոշման համաձայն Հայաստանի բոլոր գազալցակայաններում գազը վաճառվում է կիլոգրամով:

Չնայած օրենքը ուժի մեջ մտցնելուց առաջ պատկան մարմիններից վստահեցնում էին, որ գնային քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվելու, սակայն մայիսի մեկից հետո վարորդները բողոքում են գազի գնի բարձրացման դեմ: Օրեր առաջ Վանաձորում վարորդները բողոքի ակցիա են իրականացրել, իսկ արդեն այսօր՝ մայիսի 10-ին Արմավիրի մարզի ուղևորափոխադրողները գործադուլ էին հայտարարել՝ պահանջելով հստակ պատասխան տալ, թե ինչու է թանկացել գազի գինը: Ցուցարար վարորդները հայտարարել էին, որ պատրաստվում են փակել Արմավիրի միջպետական ճանապարհները: Սակայն նրանց Արմավիրի ոստիկանությունից հայտնել էին, որ մարզպետ՝ Համբարձում Մաթևոսյանը պատրաստ է հանդիպել և քննարկել ստեղծված իրավիճակը:

Բողոքի ակցիայի մասնակիցներին միացել էին նաև «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանն ու լիգայի ներկայացուցիչները:

«Կամ մենք՝ վարորդներս շառ ենք անում ու հենց այնպես ենք դուրս եկել բողոքի ակցիայի, կամ պետական մարմիններն են շառ անում, կամ էլ խաբում են գազալցակայանները: Աշխատող մարդը երբեք հենց այնպես չի բողոքի: Հավաքված վարորդները ուզում են հասկանալ, թե շան գլուխը որտեղ է թաքնված: 20 տարի մենք գազի գնից չենք բողոքել: Բայց մայիսի 1-ից սկսած մենք վճարում ենք նույն գումարը, բայց քիչ գազ ենք ստանում: Ամսի 7-ին մենք հանդիպել ենք Արմավիրի վարորդների հետ, մեզ միացել են նաև Էջմիածնի վարորդները: Կփորձենք այսօր հանդիպել առաջին մարզպետի հետ ու ստեղծված իրավիճակի ամբողջ տեղեկությունը կհասցնենք մինչև վարչապետին»,-ասում է «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

Չնայած մարզպետը խոստացել էր Արմավիրի ավտոկայանում հանդիպել ցուցարար վարորդներին, սակայն նշանակված ժամին մարզպետարանի աշխատակիցը մոտեցավ վարորդներին ու ասաց, որ մարզպետը չի կարող գալ, փոխարենը առաջարկեց, որ վարորդները գնան մարզպետարան:

Արմավիրի մարզպետարանում բողոքի ակցիայի մասնակիցները հանդիպելով մարզպետին՝ խնդրեցին նրան պարզաբանել, թե ինչու են իրենք նման իրավիճակում հայտնվել:

«Այս հարցին բազմիցս անդրադարձել եմ ու նորից եմ ասում՝ շատ ուրախ կլինեի, եթե մարզպետարանը ունենար լիազորություններ ձեր խնդրին լուծում տալու համար, բայց մենք նույնիսկ չունենք տրանսպորտի համար բաժին, որը կարողանա համակարգել նույնիսկ ներմարզային երթուղին: Հիմա մենք առաջարկում ենք ձեզանից մի քանիսը, որ ավելի լավ են տիրապետում խնդրին, մեր մասնագետի հետ գրավոր ձևով կազմեն և ներկայացնեն վարորդների պահանջները, որ քննարկենք մարզպետարանում և պատասխանենք ձեզ»,-ասաց մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:

Վարորդներն իրենց առաջարկությունները և ստորագրությունների թերթիկը հանձնեցին մարզպետարանի աշխատակցին, բայց միևնույն ժամանակ խոստացան, որ եթե երկու օրվա ընթացքում իրենք բավարարող պատասխան չստանան, կրկին բողոքի ակցի են իրականացնելու:

Տեսանյութերը կարող եք դիտել Ankakh-ի ավելի վաղ ներկայացրած նյութերում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: