Հայերեն   English   Русский  

«Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումը հռչակագիր է ընդունել


  
դիտումներ: 348

Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) նախաձեռնությամբ Ստեփանակերտում ընթացող «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» խորագրով ֆորումի շրջանակներում այսօր ընդունվել է հռչակագիր, որը պետք է կազմակերպի համահայկական ստորագրահավաք՝ ի պաշտպանություն Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ֆորումին ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ներկայացրել է ծավալված քննարկումներից և ելույթներից հետո ընտրված կազմկոմիտեի կազմը, որտեղ ընդգրկված են 15 անդամներ: Դրանցից 4-ը Սփյուռքից են, որոնք, ըստ էության, ներկայացնելու են հայահօծ համայնքները, 3-ը՝ Արցախից, 8-ը՝ Հայաստանից:

 «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» խորագրով ֆորում

Այնուհետև ֆորումի մասնակիցներին է ներկայացվել հռչակագրի նախագիծը, որտեղ մասնավորապես նշվում է, որ, հիմք ընդունելով 1990 թ.-ի օգոստոսի 23-ի Հայաստանի անկախության մասին հռչակագիրը և արձանագրելով Արցախի ինքնիշխանության հռչակման ու դրան հաջորդած գործընթացի օրինականությունն ու համապատասխանությունը միջազգային և ներպետական իրավական կառուցակարգերին, հարգելով Արցախի ժողովրդի սեփական իշխանությունները ձևավորելու անօտարելի իրավունքը, նկատի ունենալով, որ 1994 թ. մայիսի 12-ին Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կնքված հրադադարի մասին անժամկետ պայմանագրով եւ հրադադարի ռեժիմը ամրապնդելու եւ սահմանային միջադեպերը կարգավորելու վերաբերյալ 1994 թ. հուլիսին ստորագրված եռակողմ լրացուցիչ արձանագրությամբ ձեռք բերված համաձայնություններն ամրապնդելու անհրաժեշտությունը, բանակցային գործընթացի լիարժեքության եւ արդյունավետության ապահովման առումով ԼՂՀ լիիրավ մասնակցության անխուսափելիությունը, ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացը քաջալերելու, Ադրբեջանի կողմից Արցախի մեկուսացման քաղաքականությանը հակազդելու անհրաժեշտությունը, «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» խորագրով ֆորումը հանդես է գալիս ի պաշտպանություն այդպիսի դաշինքի ձեւավորման համահայկական ստորագրահավաք սկսելու նախաձեռնությամբ և կոչ է անում Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանության մարմիններին համապատասխան քայլեր ձեռնարկել հնարավորինս սեղմ ժամկետներում իրավապայմանագրային հարաբերությունների առկա բացը լրացնելու և երկու կողմերի միջեւ համապարփակ համագործակցության համաձայնագիր կնքելու ուղղությամբ։

 «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» խորագրով ֆորում

Հաջորդիվ ֆորումի մասնակիցներ Ալեքսանդր Մանասյանը, Ավետիք Չալաբյանը, Դավիթ Շահնազարյանը, Աշոտ Ղուլյանը, Արտակ Բեգլարյանը հանդես են եկել առաջարկներով և նկատառումներով, որոնք կքննարկվեն կազմկոմիտեի կողմից:

 «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» խորագրով ֆորում

Հռչակագիրն ընդունվել է ֆորումի մասնակիցների կողմից, սակայն վերջնական տարբերակը հանրությանը հասանելի կլինի ներկայացված առաջարկությունները և նկատառումները քննարկելուց հետո:

 «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» խորագրով ֆորում

Ֆորումի վերջում Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հանդես է եկել օրհնանքի խոսքով:

 «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» խորագրով ֆորում

Նա նշել է, որ այսօր բոլորը համախմբվել են` ձեռք ձեռքի տալու ու ևս մեկ քայլ առաջ տանելու արցախյան հիմնախնդիրը:

 «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» խորագրով ֆորում

Արցախի թեմի առաջնորդի խոսքով՝ սա համահայկական հարց է, և պետք է ջանք չխնայել այն վերջնակետին հասցնելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: