Հայերեն   English   Русский  

Ապրիլի 24...


  
դիտումներ: 187

1914 թվականին սկսված Առաջին համաշխարհային պատերազմի շղարշի ներքո Օսմանյան կայսրության ղեկավարությունը սկսեց իրականացնել օսմանահպատակ հայերի տեղահանության և բնաջնջման ծրագիրը:

Այն փաստացի շարունակվել է մինչև 1923 թվականը: Ամեն տարի ապրիլի 24-ին աշխարհի բազմաթիվ երկրներում ոգեկոչման արարողություններ են տեղի ունենում՝ 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակի համար:

Այս օրը պատահական չի ընտրվել: 1915 թվականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին և աքսորվեցին 2345 հայ մտավորականներ՝ բանաստեղծներ, երգահաններ, քաղաքական գործիչներ, ինչով էլ կարելի է ասել սկիզբ դրվեց Հայոց ցեղասպանությանը:

Ապրիլի 15-ին Թալեաթի, էնվեր փաշայի ու Նազըմի ստորագրությամբ տեղական իշխանություններին է ուղարկվում հայերի համատարած բռնագաղթի ու ջարդերի կազմակերպման հրաման, որտեղ նշված Էր․

«Իսլամ և թուրք ժողովուրդը ներկայացնող կառավարությունը և «Միություն և առաջադիմություն» կոմիտեն, միացած ուժերով, ինչ որ ալ պատահի, որևէ հաշտության սեղանի վրա, որևէ ձևով հայկական հարցի մը դրվելը կանխելու համար, օգտվելով պատերազմին մեզ բերած սա անկախութենեն, որոշեցինք վերջնական հաշվեհարդարի ենթարկել զայն, բնաջնջելով անհարազատ այդ տարրը, քշելով զանոնք դեպի Արաբիո անապատները, համաձայն տրված մեր գաղտնի հրահանգին Արդ, կառավարությունն ու Իթթիհաթի մեծ կոմիտեն կոչ կընենք ձեզ և ձեր հայրենասիրության և կհրամայենք, որ ձեր բոլոր տրամադրելի ուժերով աջակցիք «Միության և առաջադիմության» տեղական մարմիններու, որոնք 24 ապրիլի արևածագեն սկսյալ, գաղտնի ծրագրի մը համաձայն, գործադրության պիտի դնեն այս հրամանը։Որևէ պաշտոնատար ու անհատ, որ կհակառակի այս սրբազան ու հայրենասիրական գործին ու չի տրամադրվիրերեն հանձնված պարտականության և որևէ ձևով այս կամ այն հայը պաշտպանելու կամ պահելու փորձ կընե, հայրենիքին և կրոնքին թշնամի կնկատվի և ըստ այնմ ալ կպատժվի»:

Խորհրդային Հայստանում ցեղասպանության զոհերի հիշատակի օրն առաջին անգամ պետական մակարդակով նշվել է 1965-ի ապրիլի 24-ին՝ Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցին։ Երևանում տեղի է ունեցել բազմահազարանոց ցույց՝ Թուրքիայի կառավարող շրջանների հրեշավոր ոճրագործության դեմ բողոքի և պատմական արդարությունը վերականգնելու պահանջի կարգախոսներով, որը շարունակվում է մինչ օրս: Իսկ արդեն 1988նոյեմբերի 22-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը ընդունել է 1915-ի Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրենք, որով ապրիլի 24-ը հայտարարվել է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր և համարվել ոչ աշխատանքային օր։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: