Հայերեն   English   Русский  

Ընտրում ես ոչ միայն դու, ընտրում են նաև քեզ


  
դիտումներ: 659

Դեռ փոքր հասակից մեզ սովորեցնում են, որ չկան միայն իրավունքներ և միայն պարտականություններ, այդ երկուսը փոխկապակցված են։ Բայց արի ու տես, որ հայկական իրականությունում որոշ դեպքերում կարող է այդպես լինել՝ մեր տնտեսության առանձնահատկությունն է՝ իրավունքները միայն գործատուներինն են, պարտականությունները՝ աշխատողներինը։ Ու ոչինչ, որ կա աշխատանքային օրենսդրություն, որն այլ բան է ենթադրում, այն միայն թղթի վրա գոյություն ունի, իրականությունը բոլորովին այլ է։

Եվ խնդիրներն այնքան շատ են, որ մեկ նյութում բոլոր թեմաներին անդրադառնալը բարդ կլինի։ Փորձենք առանձնացնել մի քանի հիմնական խնդիրները։ Դրանցից մեկն էլ հաղորդակցության տարրական հմտությունների բացակայությունն է։

Հարգանքը կամ փոխադարձ է, կամ չկա

Ուսանողական տարիներից ապագա մասնագետ երիտասարդին, մասնագիտական կարողություններից ու հմտություններից զատ, սովորեցնում են, թե ինչպես է պետք ինքնակենսագրություն կազմել, ինչպես նամակ գրել գործատուին, ինչպես ներկայանալ աշխատանքային հարցազրույցին և այլն։ Բայց արի ու տես, որ նույնը գործատուին ոչ ոք չի սովորեցնում։ Մինչդեռ գրագիտությունն անհրաժեշտ է ոչ միայն աշխատողին, այլ նաև գործատուին։

Վստահաբար կարելի է պնդել, որ մերօրյա գործատուներն ունեն տարրական հաղորդակցման հմտությունների պակաս։ Կասեք, որ փոքր կազմակերպություններ են, չունեն մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ, ուստի և սիրողական մակարդակի գործ են անում։ Պատասխանը մեկն է՝ բոլորովին էլ այդպես չէ։ Դիտարկված հայտարարությունների գերակշիռ մասում կոնտակտային էլեկտրոնային փոստը պարունակում է HR բառը։ Սրանից կարելի է ենթադրել, որ նոր աշխատակիցների հավաքագրմամբ զբաղվում է դրա համար պատասխանատու առնվազն մեկ մարդ, եթե ոչ մի ողջ բաժին ու վարչություն։ Այդ մեկ մարդը՝ աշխատակազմի ղեկավարը կամ HR մենեջերը, ինչպես պաշտոնն անվանում են ժամանակակից տերմինաբանությամբ, իրավունք չունի նման անփույթ կերպով աշխատել։ Ի՞նչ նկատի ունեմ անփույթ ասելով։

Նախ, գործատուին աշխատանքի համար դիմելը նման է օվկիանոսի կենտրոնում շշի մեջ դրված նամակը ջուրը նետելուն՝ երբեք չգիտես, թե այն կհասնի արդյոք որևէ մեկին։ Մինչդեռ ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս պատասխանի ավտոմատ համակարգ միացնել՝ բոլոր դիմողներին ուղարկելով ստանդարտ մեկ գրություն։ Օրինակ՝ «Շնորհակալություն մեզ դիմելու/մեր կազմակերպությունն ընտրելու/ համար։ Մենք կդիտարկենք Ձեր թեկնածությունը տվյալ հաստիքի համար։ Եթե X ժամանակահատվածում մեզանից նամակ կամ հեռախոսազանգ չստանաք, նշանակում է՝ ընտրության առաջին փուլը չեք հաղթահարել»։ Եթե շատ բարեկիրթ կազմակերպություն եք, կարող եք նաև նշել, որ անգամ առաջին փուլը չհաղթարահելու դեպքում մասնագետի տվյալները կպահպանեք Ձեր պոտենցիալ կադրերի բազայում։

Բայց արի ու տես, որ մերօրյա աշխատակազմի հավաքագրման պատասխանատուները չեն կարողանում կամ էլ ալարում են այս երեք նախադասությունը մեկ անգամ շարադրել ու հանձնել համակարգին․ նրանց քիչ է հուզում հարգանքը աշխատողի կամ պոտենցիալ աշխատողի, մասնագետի հանդեպ։ Բնականաբար, այս պարագայում նման կազմակերպությունները չեն էլ կարող ակնկալել, որ աշխատողը հարգանք կունենա իրենց նկատմամբ։ Այս կյանքում ամեն ինչ փոխադարձ է։

Ընտրում ես ոչ միայն դու, ընտրում են նաև քեզ

Գործատուների սիրած հարցերից են՝ «Ինչո՞ւ հենց քեզ պետք է ընտրենք», «Ի՞նչ ներդրում կարող ես ունենալ մեր կազմակերպությունում»։ Բայց այս հարցերը գործատուները մոռանում են երբեմն էլ իրենք իրենց տալ։ Հարգելի գործատու, ինչո՞ւ պետք է լավագույն մասնագետը հենց քեզ ընտրի և ի՞նչ ես տալու այդ լավագույն մասնագետին նրա ներդրման դիմաց։ Վարձատրությունը քիչ է մարդուն մոտիվացված պահելու համար, նաև այլ գործոններ են անհրաժեշտ։ Իսկ եթե դիտարկենք աշխատավարձը մեր իրականությունում, առավել պարզ կդառնա, որ այն դեմոտիվացիայի, ոչ թե մոտիվացիայի աղբյուր է։ Հետևաբար մտածեք, թե ինչ կարող եք առաջարկել Ձեր աշխատողին՝ նախքան նրանից ներդրում և արդյունք ակնկալելը։

Գծուծը միշտ կրկնակի է վճարում

Նախ, փորձենք հասկանալ, թե ինչ է աշխատանքը։ Է․ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարան»-ում բառի բացատրությունը հետևյալն է․ «մտավոր ու ֆիզիկական լարում պահանջող մարդկային նպատակադիր գործողություն, գործ, զբաղմունք»։ Վարձատրության մասին խոսք չկա։ Դիտարկենք «գործ» բառի բացատրությունը՝ պաշտոն, զբաղմունք, մասնագիտություն, վարձու աշխատանք։ Սա, արդեն, որոշակի վարձատրություն ենթադրում է։

Ինչպիսին է աշխատանք բառի բացատրությունն անգլերենում․ ըստ Օքսֆորդի բառարանի, job /աշխատանք/ բառի բացատրությունը հետևյալն է՝ մշտական վճարովի աշխատանք; զբաղմունք, որի համար սովորաբար վճարում են։

Պատահականություն է, թե ոչ, բայց լեզվամտածողությունն արտահայտում է իրողությունը՝ հայաստանյան գործատուների կարծիքով աշխատողը պետք է ապահովի մտավոր և ֆիզիկական լարում, բայց փոխարենը ոչինչ չակնկալի․ չէ՞ որ աշխատանք բառի բացատրությունն էլ վարձատրություն չի ենթադրում։

Ամփոփենք հարյուրավոր աշխատանքի հայտարարությունների ուսումնասիրությունների արդյունքները։ Տեսե՞լ եք, թե ինչ է ակնկալում գործատուն իր պոտենցիալ աշխատողից։ Հիմնական պահանջները հետևյալն են՝ անկախ մասնագիտությունից և աշխատանքի բնույթից․ բարձրագույն կրթություն (անհասկանալի է, թե ինչու պետք է բանվորը, վաճառողը, գործավարը ունենա բարձրագույն կրթություն), հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն՝ թե գրավոր, թե բանավոր, պատասխանատվության բարձր զգացում, աշխատասիրություն, նվիրվածություն աշխատանքին, թիմային աշխատանքի ունակություն, սթրեսադիմացկունություն, վերլուծական միտք։ Այսքանից բացի պոտենցիալ աշխատողը, անկախ սեռից, պետք է լինի բարետես, լինի առավելագույնը 30-35 տարեկան, բայց ունենա առնվազն 5-10 տարվա մասնագիտական փորձ։ Կարդում ես գործատուի պահանջները ու մտածում՝ եթե այսքան պահանջներ է ներկայացնում, ուրեմն վարձատրությունն էլ պետք է լինի համապատասխան։ Բայց հայտարարությունում, բնականաբար, վարձատրության մասին խոսք չկա։ Հեռախոսազանգով, բնականաբար, աշխատանքի պայմանների ու վարձատրության մասին ոչ մի խոսք։ Այդ ինֆորմացիան հասանելի է միայն ընտրյալներին։ Ուղարկում ես CV-ն և սպասում։ Եվ ահա, երբ հայտնվում ես ընտրյալների ցանկում, անցնում հարցազրույցի մի քանի փուլ, դրանից հետո միայն իմանում ես, որ վարձատրությունն այնպիսին է, որ ավելի սազական է կոչել ոչ թե աշխատավարձ, այլ ողորմություն։ Հարգելի գործատուներ, ձեզ իսկապե՞ս թվում է, որ մարդը 4-6 տարի բարձրագույն կրթություն է ձեռք բերել, շարունակ կատարելագործել իր մասնագիտական հմտությունները, 10 տարվա փորձ կուտակել ու երազել, թե երբ պետք է գա ու ձեզ մոտ շաբաթը 6 օր, օրական 8-10 ժամ աշխատել ասենք 100 հազար դրամի դիմաց։ Իրո՞ք հավատում եք դրան։ Եվ ի՞նչ եք կարծում, նման վարձատրության դիմաց իսկապե՞ս որակյալ աշխատանք պետք է ստանաք։ Բնականաբար՝ ոչ, ստանալու եք այնքան, որքան վճարել եք։ Արդյունքում միշտ դժգոհելու եք, որ գործերը լավը չեն, մի լավ մասնագետ չկա, չնայած կա թափուր աշխատատեղ և այդպես շարունակ։ Հարգելի գործատուներ, ժողովրդական խոսքը, թե գծուծը կրկնակի է վճարում, ձեզ էլ է վերաբերում։ Երբ էժան աշխատուժ եք փնտրում, իմացեք, որ արդյունքն էլ է համապատասխան լինելու՝ անկախ նրանից, մարդն ունի բարձրագույն, թե միջին մասնագիտական կրթություն, անգլերենով ազատ շաղակրատում է, թե ոչ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: