Հայերեն   English   Русский  

Մշակույթը պահպանման կարիք ունի


  
դիտումներ: 1876

Ապրիլի 15-ը աշխարհի շատ երկրներում նշվում է որպես մշակույթի միջազգային օր: Այս օրը սահմանվել է ի պատիվ 1935 թվականի ապրիլի 15-ին ընդունված «Պատմական հուշարձանների ու գեղարվեստական և գիտական հաստատությունների պահպանման մասին» դաշնագրի:

Մշակույթի միջազգային օրը տարբեր երկրներում կազմակերպվում են մի շարք մշակութային միջոցառումներ: Հայաստանն էլ անմասն չի մնում:

Մեր երկրում այս օրը ևս մեկ առիթ է քննարկելու և բարձրաձայնելու համար ոլորտի բացթողումներն ու ակնկալիքները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մշակութային գործիչները ներկայացրին, թե որոնք են մշակույթին նետված մարտահրավերները և որքանով է այն պահպանվում մեզանում: Ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը անդրադառնալով մշակույթի կարևորությանը՝ նշեց, որ ոչ միայն պետք է ռազմադաշտում հաղթանակներ գրանցել, այլև մշակույթում:

«Մեր հարևան երկներն իրենց ունեցած կամ չունեցած մշակութային ժառանգությունը հանրահռչակում են, փորձում են այն տարածել ամբողջ աշխարհում, բայց մենք մեր հազարամյակների պատմություն ունեցող մշակույթին բավարար ուշադրություն չենք դարձնում: Երկրի մշակութային քաղաքականության մեջ գերակա շահ պետք է լինի եղածը պահապանելը, արդիականցնելը, նոր տեխնոլոգիաներ ու հնարավորություններ ներդնելը: Առանց այն էլ մշակութային օջախները՝ թանգարաններ, գրադարաններ, արխիվներ, ունեն մի շարք խնդիրներ՝ կապված ֆինանսավորման, տեղի և այլնի հետ»,-ասում է Սվետլանա Պողոսյանը:

«Փարոս» կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Ալավերդյանը անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավվածությանը մշակույթի տարբեր բնագավառներում՝ նշում է, որ այսօր մեծ դժվարությունն է անգամ մշակութային հաստատություններ այցելելը, քանի որ շենքային պայմանները հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար:

«Արտասահմանյան զարգացած երկրներում, երբ ցանկանում ես գնալ թատրոն, թանգարան, պատկերասրահ կամ այլ մշակութային հաստատություն չես հարցնում արդյոք ունեն հարմարեցված պայմաններ, քանի որ այնտեղ միանշանակ է, որ ունեն, իսկ մեր երկրում բավականին տխուր պատկեր է, անգամ թեքահարթակներ չկան սայլակով տեղաշարժման համար: Մի քանի հաստատություններում՝ Սարյանի թանգարանում, Էրեբունու թանգարանում, Օպերայի և բալետի ազգային թատրոնում մասնակի ապահովված են այդ պայմանները, սակայն անգամ այդ մասնակի ապահովվածությունը լուրջ խնդիրներ է առաջացնում հաշմանդամություն ունեցող անձանց համար»,-ասում է Արմնե Ալավերդյանը:

Ըստ Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեսատական ղեկավար Ժիրայր Դադասյանի՝ երբ սկսում ենք քննադատել նախորդ իշխանություններին, պետք է նայենք, թե ինչ են իրենցից հետո թողել նրանք, և ի՞նչ են անում ներկայիս իշխանությունները: Ժիրայր Դադասյանը փաստում է, որ արդեն 45 տարի անմխիթար պայմաններում գտնվող Մնջախաղի պետական թատրոնի շենքի ոդիսկանաը դեռ չի գտել իր լուծումը: Նախորդ իշխանությունների օրոք եղել է ծրագիր նոր շենք կառուցելու, որը սակայն հեղափոխությունից հետո չիրականացվեց: Ըստ նրա՝ կես տարի առաջ նոր իշխանությունները խոստացել են տրամադրել տարածք թատրոնի գործունեության համար, սակայն մինչ օրս ոչ մի քայլ չի արվել:

Բանախոսներն ասում են, որ պետք է ստեղծվի մի կառույց, որն անմիջապես կզբաղվի մշակութային ոլորտի խնդիրներով, և Կառավարության այն որոշումը, որ Մշակույթի նախարարությունը պետք է միացնել Կրթության և գիտության նախարարությանը, մշակույթի շատ գործիչների համար անընդունելի է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: