Հայերեն   English   Русский  

Չարաշահումները չբացահայտելու համար փոխե՞լ են աուդիտ իրականացնող կազմակերպությունը


  
դիտումներ: 411

՛՛Գյումրին առանց տնակների՛՛ հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Մհեր Խաչատրյանը նոր հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված հիմնադրամում կատարված չարաշահումների մասին:

Ապրիլի 10-ին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ներկայացվել են արտաքին աուդիտի արդյունքները, ըստ որի հիմնադրամում 2018 թվականին չարաշահումներ չեն հայտնաբերվել։

Մհեր Խաչատրյանը նշում է հենց այս պատճառով ստիպված է որոշ փակագծեր բացել.
՛՛Հիմնադրամի նախկին տնօրենի նկատմամբ դատախազությունը քրեական գործ է հարուցել իմ մատնանշած ենթադրյալ չարաշահումների շրջանակում։
Իսկ այժմ հակիրճ ամեն ինչ կներկայացնեմ ըստ հերթականության՝ թե ինչու ամեն ինչ այսպես ստացվեց։

1․ Երբ ընտրվեցի հիմնադրամի տնօրեն, նախքան ընդունում հանձնում կատարելը, սկսեցի ուսումնասիրել հիմնադրամի գործունեության մանրամասները։ Այդ ընթացքում կասկածներ առաջացան, որ եղել են չարաշահումներ։ Չշտապելով եզրակացություններ անել՝ պարզաբանումներ խնդրեցի թե նախկին տնօրենից, թե հոգաբարձուների խորհրդից, ովքեր, սակայն, ոչ միայն պարզաբանումներ չտվեցին, այլև սկսեցին ամեն կերպ խոչընդոտել իմ՝ նախկին գործունեության հետ կապված խնդիրների պարզաբանմանը:

2․Տարեվերջյան ասուլիսին այլ հարցերին զուգահեռ փոքր անդրադարձ ունեցա ենթադրյալ չարաշահումների թեմային՝ փորձելով այդ կերպ զգոնություն մտցնել հոգաբարձուների շրջանում, սակայն ասուլիսի ժամանակ դահլիճ ներխուժեց նախկին տնօրենն ու ինձ զրպարտանքի մեղադրանք ներկայացրեց։ Նրա գործողությունները ակամայից սրեցին հանրության ուշադրությունը ստեղծված իրավիճակի նկատմամբ։ Դրանից հետո նախկին տնօրենն ու նրա ընկերական շրջապատը, փորձեցին ինձ վարկաբեկել ու ներկայացնել իբր ինչ-որ մեկի քաղաքական պատվեր եմ կատարում՝ այդ ընթացքում իջնելով փողոցային մակարդակի, ամեն կերպ ջանացին իմ վրա ճնշում գործադրել։ Ասուլիսից հետո հոգաբարձուների խորհուրդն ինձ զրկեց խոսելու իրավունքից՝ այդ կերպ խոչընդոտելով ձեռքիս տակ եղած փաստերի հանրայնացմանը՝ մինչև ներքին աուդիտի եզրակացությունը։ Ես միառժամանակ լռեցի, սակայն, երբ ներքին աուդիտ ասվածը վերածվեց խայտառակ ծածկադմփոցի՝ առանց որևէ մասնագիտական մոտեցման և հայտարարվեց, որ չարաշահումներ չեն հայտնաբերվել, այլևս չունենալով այլընտրանք, հրապարակեցի ձեռքիս տակ ունեցած որոշ փաստեր։ Գիտեի, որ դրանից հետո ինձ հեռացնելու էին տնօրենի պաշտոնից։ Սակայն ես չէի կարող աչք փակել անօրինականության վրա՝ փոխարենը ստանալով տնօրենի բավական կլորիկ աշխատավարձ։

3․ Ինչպես գիտեք, մինչև ինձ հեռացնելը, աուդիտ անցկացնելու համար մրցույթ էր հայտարարվել և ընտրվել էր ՛՛Երևան աուդիտ՛՛ ընկերությունը։ Ինձ հեռացնելուց հետո հոգաբարձուների հենց առաջին գործը արտաքին աուդիտ անող կազմակերպության փոփոխությունն էր՝ արտաքին աուդիտը կրկին վստահեցին ենթադրյալ չարաշահումների ժամանակահատվածում գործած AVC կազմակերպությանը:

4. Կարճ ժամանակ անց, ինչպես և սպասելի էր, AVC ընկերությունը աուդիտի դրական եզրակացություն տվեց։

5․ Ու այժմ հենց սա է պատճառը, որ առաջ ընկնելով հայտարարում եմ․ ՛՛Գյումրին առանց տնակների՛՛ հիմնադրամի նախկին տնօրենի ենթադրյալ չարաշահումների գործով Շիրակի մարզի դատախազությունը, ունենալով բավարար փաստեր, հարուցել է քրեական գործ։

Հ․Գ․ Կրկին անգամ հայտարարում եմ․ ստեղծված խնդիրը ոչ միայն քաղաքական, այլև անձնական որևէ դրսևորում չունի։ Ես գործել և գործելու եմ իմ սկզբունքների համաձայն, արդարությունն ու օրինականությունը իմ համար անդավաճանելի սկզբունքներ են՛՛։

Հիշեցնենք, որ հիմնադրամում ներքին աուդիտ էր իրականացրել Շիրակի մարզպետի օգնականի կազմակերպությունը և որևէ չարաշահում չէր հայտնաբերել: Հիմնադրամում Մհեր Խաչատրյանից առաջ գործադիր տնօրեն էր Ղարիբ Հարությունյանը, ով Շիրակի մարզպետի ընկերն է:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: