Հայերեն   English   Русский  

​Չկա փողոց, չկա ՃՈ նշան. երթևեկությունը Գյումրիում վտանգված է


  
դիտումներ: 183

Գյումրու փողոցներում բացակայում են ճանապարհային նշաններն ու գծանշումները, ինչն էլ խոչընդոտում է ՃՈ աշխատանքին և անվտանգ երթևեկությանը:

Սա արձանագրում են ճանապարհային ոստիկանները Շիրակի մարզպետարանի հանրային հաշվետվողականության հարթակի քննարկման ժամանակ, ինչին դահլիճում ներկաները արձագանքում են՝ բայց Գյումրին փողոցներ էլ չունի:

Փողոցաշինական մեծածավալ աշխատանքները նոր խնդիրներ են բերել, բնակիչները բարձրաձայնում են՝ մայթն ու փողոցը չի տարբերում, փողոցներում էլ փորված հողն է կուտակված, որը վթարների պատճառ է դառնում: Գծանշումներ չկան, ճանապարհային ոստիկաններն էլ քաղաքում հաճախ չեն հանդիպում, որ և երթևեկությունն ապահովեն, և հետիոտների անվտանգությունը:

ՀՀ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանը նկատում է՝ ՃՈ-ն Շիրակի մարզը սպասարկում է 44 ոստիկանով: Կադրային խնդիր ունեն և չեն կարող բոլոր փողոցներում ու խաչմերուկներում կարգախումբ ունենալ: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ Աշոտ Գրիգորյանն էլ նշում է.

- Մենք ունենք կանգառներ, որտեղ բացակայում են ՛՛կանգառ՛՛ նշանները: Եթե ճանապարհային ոստիկանը կանգնեցնում է մեքենան, որը կայանված է կանգառ կոչվող տարածքում, հարցն արդեն խնդրահարույց է դառնում. վարորդը հանգիստ կարող է հակադարձել՝ որտեղ է ձեր ՛՛կանգառ՛՛ նշանը, որ ես էլ խախտում եմ կատարել:

Ճանապարհային նշանների, և առավել քան տեսանկարահանող սարքերի բացակայությունը կենտրոնական ճանապարհներին ու հրապարակներում նաև վազանցների ու մանևրելու ազատություն է տալիս:
Գյումրիում մեկ ուրիշ խնդիր էլ կա, որն արդեն հիվանդություն է դառնում՝ մեքենաները կայանում են մայթերին: Այս խնդիրն ավելի սուր է նորակառույց Ռուսթավելի փողոցում, որը նաև զբոսաշրջիկների սիրելի վայրն է: Այստեղ տների մեծ մասը բակ չունի, փողոցն էլ նեղ է, բնակիչը ստիպված է լինում իր մեքենան կայանել մայթին:

- Ամեն օր այնտեղից մեքենա ենք բերում տուգանային: Բայց ինչ է ստացվում՝ մարդու տուն իրավունք չունեն հյուրեր գալու, որովհետև իր բնակարանը մայթի վրա է և բակ չունի, - փորձեց խնդիրը ներկայացնել Վաչե Մալաքյանը: Այստեղ ՃՈ հրամանատարի խոսքը կտրելով տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանը նկատեց՝ նախ պետք է Գյումրիում մայթ գտնել, հետո նոր մտածել մայթի վրա կայանել-չկայանելու մասին:

- Քաղաքի փողոցներով անցնելիս դուք հեչ չեք տեսնու՞մ փողոցի մեջտեղի հողաթումբը: ՃՈ-ի գործառույթն է նաև ապահովել երթևեկության անվտանգությունը: Արդյո՞ք դա արձանագրել եք, և որևէ մեկը դրա համար պատասխանատվություն կրե՞լ է: Շատ դպրոցներ, մանկապարտեզներ զրկված են ճանապարհային նշանների կահավորման տարրական պայմաններից, - ասում է Կարեն Պետրոսյանը:
Վաչե Մալաքյանը հակադարձում է՝ ճանապարհային նշանները, գծանշանները, ճանապարհների շահագործումը, փոսերը վերացնելը դրված է Գյումրու քաղաքապետարանի վրա.

- Եթե հողաթումբը ճանապարհին հայտնվել է շինարարական կազմակերպության մեղքով՝ ենթարկում ենք վարչական պատասխանատվության: Թվերով չեմ հիշում, բայց անցած տարի վարչական վարույթներ եղել են:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: