Հայերեն   English   Русский  

Նպատակը արևմտահայերենի պահպանությունն է․ Վիքիպեդիան այսուհետ հասանելի է նաև արևմտահայերենով


  
դիտումներ: 2544

Վիքիպեդիա առցանց հանրագիտարանն այսուհետ հասանելի է նաև արևմտահայերենով․ նոր հարթակը գործարկվել է ապրիլի 1-ից։ Արևմտահայերենով օն-լայն հանրագիտարանում արդեն իսկ 7500 հոդված կա։

Արևմտահայերեն Վիքիպեդիա նախագծի համակարգող Ազնիվ Ստեփանյանի խոսքով՝ հիմնական նպատակը արևմտահայերենի պահպանությանը նպաստելն է։ «Մեր նպատակն է, որ Արեւմտահայերէն Ուիքիփետիան, գիտելիքի ազատ հանրագիտարան ըլլալու կողքին, նաեւ կարեւոր դեր ու ներդրում ունենայ արեւմտահայերէնի առցանց զարգացման ուղղութեամբ։ Ինչպէս նաեւ համացանցը հարստացնէ մասնագիտական նոր բառերով ու եզրերով»,- ասում է նա։

Ստեփանյանը նշում է, որ ժամանակակից սերունդը ցանկացած ինֆորմացիայի համար դիմում է համացանցի օգնությանը, մինչդեռ արևմտահայերենով պաշարներ ինտերնետում շատ քիչ են հասանելի։

«Այսօր համացանցի վրայ արեւմտահայերէնը ունի շատ սահմանափակ ու պաշտօնական ներկայութիւն։ Եթէ փորձեցէք որոնել տարբեր բառեր, կը տեսնէք թէ ինչքան քիչ են այդ բառերուն մասին տեղեկութիւն փոխանցող արեւմտահայերէնով աղբիւրները։ Իսկ համացանցը այն տեղն է, ուր հիմա տեղի կ՛ունենայ ինչպէս կեանքի այլ երեւոյթներու, այդպէս ալ լեզուի մը գոյատեւումը»,- ասում է նա։

Նա մտահոգիչ է համարում փաստը, որ Սփյուռքի հայկական գաղթօջախներում սովորող երեխաները անհրաժեշտության դեպքում չեն կարող ինտերնետում գտնել նյութերը, որոնք իրենց անհրաժեշտ են առօրյա հանձնարարականները կատարելու կամ նոր գիտելիք ձեռք բերելու համար։

Ասում է՝ նպատակ են դրել գրականության և մասնագիտական տարբեր ոլորտների մասին բովանդակություն ապահովել, որպեսզի հնարավորինս լրացնեն առկա բացը։

Ստեփանյանը նշում է, որ արևմտահայերենով առցանց հանրագիտարանը ոչ միայն կնպաստի արևմտահայերենի պահպանությանը, այլ նաև լրացուցիչ հնարավորություն կլինի արևելահայերենով խոսողների համար, որոնք ուզում են նաև արևմտահայերենով տեքստեր կարդալ։

Արևմտահայերեն վիքիպեդիա ստեղծելու գաղափարը հղացել են «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության անդամները դեռ 2014-ին։ Ստեփանյանը նշում է, որ երկու գործոն են որոշիչ եղել։ Նախ՝ արևմտահայերենի՝ վտանգված լեզու լինելու հանգամանքը։ Եվ երկրորդը՝ Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմով պայմանավորված սիրիահայ հայրենադարձների մեծ հոսքը։

Ստեփանյանն ասում է, որ նոր հարթակ ստեղծելը տևական աշխատանք էր պահանջում․ Լեզվի համաշխարհային կոմիտեին (SIL International) պետք է հիմնավորեին, թե ինչ քերականական, ուղղագրական ու անգամ լեզվամտածողության տարբերություններ կան հայերենի երկու ճյուղերի միջև, որ Վիքիպեդիայում երկրորդ հարթակ ստեղծելու անհրաժեշտություն է առաջացել։

Ստեփանյանն ասում է, որ հայերենը միակ լեզուն չէ, որը Վիքիպեդիայում երկու հարթակ ունի։ Երկու հարթակ ունի նաև արաբերենը՝ բուն արաբերեն և եգիպտական արաբերեն, ադրբեջաներենը՝ լատինատառ և արաբատառ տարբերակներով, բելառուսերենը և այլն։

Արևմտահայերեն Վիքիպեդիայի ստեղծման աշխատանքներին ֆինանսական աջակցություն է ցուցաբերել «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը։

Ստեփանյանն ասում է, որ անցած տարիների ընթացքում ոչ միայն հարթակի ստեղծման ուղղությամբ են աշխատել, այլ զուգահեռաբար նաև դասընթացներ ու վերապատրաստումներ են իրականացրել Սփյուռքի մի շարք հայկական համայնքներում՝ հանրագիտարանի բովանդակություն ապահովելու նպատակով։ Ասում է, որ ներկայում վիքիակումբներ են գործում Բեյրութում, Հալեպում, Ստամբուլում, իսկ վերջին ակումբը Հունաստանի հայկական համայնքում է բացվել։ Նշում է՝ քանի որ երիտասարդ սերունդը սիրում է աշխատել նոր տեխնոլոգիաներով, սփյուռքահայ աշակերտներն ուրախությամբ են միանում Արևմտահայերեն Վիքիպեդիան բովանդակությամբ հարստացնելու աշխատանքներին։

«Անցնող տարիներու ընթացքին Հայաստանի թէ Սփիւռքի տարբեր երկիրներու մէջ կազմակերպուած դասընթացքներուն միջոցով, նախաձեռնութիւնը իր ուշադրութիւնը կեդրոնացուց Արեւմտահայերէն Ուիքիփետիայի խմբագիրներ պատրաստելու աշխատանքին։ Այսօր նախաձեռնութեան խմբագիրներու ցանկը կը կազմէ աւելի աշխուժ կամաւորներու, որոնք հանրագիտարանային յօդուածներ գրելու ու Ուիքիփետիայի հարթակին տիրապետելու իրենց հմտութիւնները կը ծառայեցնեն նոր յօդուածներ գրելու ու արեւմտահայերէնին ներկայութիւնը համացանծի վրայ ամրապնդելու համար,- ասում է նա և հավելում,- Արեւմտահայերէն Ուիքիփետիայի խմբագիրները Սփիւռքէն եւ Հայաստանէն տարբեր մարդիկ են, նշենք որ կամաւորներ են, որոնք կը սիրեն իրենց լեզուն ու կ՛աշխատին, որ ան շարունակէ կենդանի մնալ մեր մէջ։ Մեր խմբագիրներուն մէջ կան հայկական դպրոցներու աշակերտներ, ուսուցիչներ, ազատ անհատներ, որոնք առանձին կամ միասին իրենց նախաընտրած նիւթերով կը գրեն ու կը հրատարակեն յօդուածներ»։

Ստեփանյանը նաև հույս է հայտնում, որ առաջիկայում նախաձեռնությանը կմիանան արևմտահայերենին լավ տիրապետող բոլոր անձինք, մասնագետները և նրանցից յուրաքանչյուրն իր ներդրումը կունենա արևմտահայերենով բովանդակություն ստեղծելու գործում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: