Հայերեն   English   Русский  

Ջրային ռեսուրսների հիմնախնդիրները Հայաստանում


  
դիտումներ: 244

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած հերթական քննարկման թեման Հայաստանի ջրային ռեսուրսների հիմնախնդիրներն են:

Հիմնախնդիրներ, որոնք սպառնում են ազգային անվտանգությանը: «Ջրային ռեսուրսների պահպանությունը ազգային անվտանգության հարց է»,- ըստ Նախաձեռնության ղեկավար Գևորգ Թադևոսյանի այս տեսանկյունից պետք է քննարկվեն ոլորտի հիմնախնդիրները.«Ազգային անվտանգության հարց է թե՛ջրային ռեսուրսների պահպանումը, թե՛ մաքրումը, թե՛ վերականգնումը, կուտակումը պահպանումը»:

Յուրի Ջավադյան

Մեր կառավարությունը ջրային ռեսուրսների պահպանման ու կառավարման մի քանի մարտահրավերների առաջ է կանգնել։ Դրանցից գլխավորներին անդրադարձավ Հայ ջրնախագիծ ինտիտուտի տնօրեն, Սևանա լճի հիմնահարցերի՝ վարչապետին առընթեր հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը. «Մարտահրավերներից մեկը հոսող ջրային ռեսուրսների ամբարումն ու պահպանումն է մեր սահմաններում։ Մեր հանրապետությունով հոսող 7, 300մլրդ խմ ջրային ռեսուրսների միայն 2,3 մլրդ խմ ենք մենք օգտագործում, մնացած5 մլրդ խմ հոսում է մեր սահմաններից դուրս: Այդ առումով կարևորվում է մոտակա տարիներիներին ջրամբարաշինության տեմպերի արագացումն ու ընդլայնումը։ Մոտակա երկու տարում Սևանի շրջանում նախատեսվում է չորս փոքր ու միջին դոնոր ջրամբարների կառուցել։ Դրանց շնորհիվ ոռոգման սեզոնին Սևանից հավելյալ ջրառ կառարելու անհրաժեշտություն չի լինի և հնարավոր կլինի Սևանի մակարդակի բարձրացում ապահովել»։

Բայց առավել հրատապ է Սևանա լճի ջրի մաքրումը: Պետք է սկսի գործել Սևանի մասին օրենքը, որի համաձայն ոչ մի օբյեկտ չպետք է շահագործվի առանց ջրամաքրման կայանի: Արդեն յոթ կայաններ «Քիմմաստեր»ընկերության հետ արդեն տեղադրվել են ու գործընթացը շարունակվում է:«Քիմմաստեր» ընկերությունը կեղտաջրերի կենսաբանական մաքրում իրականացնելու փորձ ու մասնագիտական բավարար պատրաստվածություն ունեցող մասնագետներ ունի: Այդ փորձը թույլ է տալիս ընկերությանը կազմակերպել նաև Մարտունի, Գավառ, Վարդենիս քաղաքների մեխանիկական մաքրման կայաններից արտահոսող ջրերի կենսաբանական մաքրում կատարել, որ Սևանա լիճ թափվի իսկապես մաքուր ջուր:

Մանվել Գաբրիելյան

«Քիմմաստեր» ընկերության ղեկավար Մանվել Գաբրիելյանը նշում է. «Թթվածինը Սևանա ջրի լճում հասել է մի սահմանակետի, որ եթե աղտոտումը նույն տեմպով շարունակվի, լիճը կվերածվի ճահիճի»:

Բայց Սևանի ազգային պարկի փոխտնօրեն Արայիկ Հունանյանը ավելի հրատապ է համարում համայնքների կոյուղացումը, քանի որ լճի հիմնական աղտոտողները շրջակա մոտ 75 համայնքներն են, որտեղից գետերը կեղտաջրերը բերում թափում են լիճ:

Այն, որ լիճը ճգնաժամի մեջ է հաստատում է նաև Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի սուզորդ Վահե Մելքոնյանը յուրաքանչյուր սուզումի ժամանակ է համոզվում, թե տարեցտարի ինչպես է վատթարանում Սևանա լճի վիճակը, պղտորվում այնքան, որ նկարահանումներ անել չի լինում. «Մեր Կենտրոնի հիմնադիր Ստեփան Կոջայանը կապեր ունի Ֆրանսիայում այն մասնագետների հետ, ովքեր ժամանակին փրկեցինֆրանսիականԱնսի լիճը, որը Սևանի նման էկոլոգիական ճգնաժամի առաջ էր կանգնել: Ստեփան Կոջայանի միջոցով կարելի է համագործակցել ֆրանսիացի մասնագետների հետ՝ նրանց փորձը օգտագործելու համար»:

«Ջինջ» ընկերության տնօրեն Էդուարդ Մեսրոպյանը ներկաների ուշադրությունը հրավիրում է մեր երկրում ջրահեռացման համակարգերի բարձիթողի վիճակի վրա հատկապես մարզերում: «Դա բացասական է ազդում ոչ միայն Սևանա լճի վրա: Այն հորերը, որոնք փորվում են կեղտաջրերի համար, անմիջապես կեղտոտումեն մեր ստորգետնա ջրավազանը:Ու չի բացառվում որ մի օր մենք աղտոտված ջուր ենք ունենալու նաև այնտեղ»:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Իգոր Սարգսյանը կարևորում է նման քննարկումների կազմակերպումը, որովհետև դրանք բացի խնդիրները վերհանելուց, նաև նպաստում են հանրային գիտակցության բարձրացմանը: Բացի այդ տարբեր մասնագետների դիտարկումների և ուսումնասիրությունների մեկտեղումը խնդիրների համատեղ և արդյունավետ լուծման լծակներ էտալիս:Այսօր նա առաջնահերթություն է համարում Սևանա լճի պահպանումը՝ որպես քաղցրահամ ջրի ամբար: Երկրորդ հիմնախնդիրը, ըստ Իգոր Սարգսյանի Արարատյան դաշտավայրի արտեզյան ջրավազանների անխնա օգտագործումն է: Այստեղից տարեկան 1.5 մլրդ խմ քաղցրահամ ջուր է սպառվում:

Թեև «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած քննարկման թեման Հայաստանի ջրային ռեսուրսների հիմնախնդիրներն էին ու բարձրաձայնվեցին ինչպես արտեզյան ջրերի շահագործման, այնպես էլ ոռոգման ցանցում մեծ կորուստների, ցամաքող և կոյուղու վերածված Սևջրի, աղտոտվող Հրազդան գետի, Երևանյան լճի խնդիրները, Սևանա լճին ավելի շատ անդրադարձ եղավ:«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմկոմիտեի անդամ Կարեն Խաչիկյանի առաջարկությամբ հաջորդ քննարկումը կնվիրվի Սևանա լճի փրկության, մասնագիտական ու պետական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ կվերհանվեն ու կառաջարկվեն լուծումներ կապված կոնկրետ Սևանա լճի հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: