Հայերեն   English   Русский  

Արաբական երկրները դուրս են մնացել Սիրիայում ընթացող գործընթացներից․ արաբագետ


  
դիտումներ: 664

Միացյալ Արաբական Էմիրությունները վերաբացել է իր դեսպանատունը Սիրիայում, իսկ այդ երկրի ԱԳՆ ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել,

որ ներկայում Սիրիայի քաղաքականությունում զգալի չէ արաբական հետքը։ Քննարկվում է նաև Արաբական երկրների լիգայում Սիրիայի անդամակցության վերականգնման հնարավորությունը։ Սա այն պարագայում, երբ Պարսից ծոցի երկրները 2011-ին մեկնարկած հակամարտությունում սատարում էին Ասադի հակառակորդներին։

Սիրիայում տեղի ունեցող զարգացումների և արաբական աշխարհում ուժերի վերադասավորումների մասին «Անկախը» զրուցել է արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ։

- Պարո՛ն Պետրոսյան, Արաբական Միացյալ Էմիրությունները վերաբացել է իր դեսպանատունը Սիրիայում և մտահոգություն հայտնել, որ այդ երկրի քաղաքականությունում զգալի չէ արաբական հետքը։ Ի՞նչ է սա նշանակում։

- Սա սիրիական հակամարտության շրջանակներում ձևավորված իրավիճակի ուղղակի հետևանք է: Արաբական երկրները, հատկապես՝ այն երկրները, որոնք հակամարտության ընթացքում ունեցել են հակակառավարական դիրքորոշում, փաստացի դուրս են մնացել բուն Սիրիայի ներսում այսօր ստեղծված իրավիճակից և ընթացող գործընթացներից, քանի որ այն ուժերը, որոնց վրա խաղադրույք էին արել նախկինում այդ արաբական երկրները, այսօր որևէ դերակատարություն չունեն Սիրիայի տարածքում, կամ նրանց դերակատարությունն աննշան է։ Սա ներսիրիական զարգացումների համատեքստում։

Մյուս կողմից՝ տարածաշրջանային մրցակցության համատեքստում խնդիրը դիտարկելիս ակնհայտորեն պարզ է դառնում, որ ներկայում ստեղծված իրավիճակում արաբական երկրները, որոնք ի սկզբանե կարևոր դերակատարություն են ունեցել Սիրիայում իրավիճակի լարվածության հարցում, փաստացի դուրս են մնացել որպես գործընթացի վրա ուղղակի ազդեցություն ունեցող երկրներ՝ դիրքերը զիջելով իրենց տարածաշրջանային մրցակիցներին։ Խոսքը բնականաբար նախ Իրանի մասին է, որն ի սկզբանե ունեցել է սկզբունքային դիրքորոշում, և Թուրքիայի, որը հակամարտության որոշակի փուլում վերանայեց իր դիրքորոշումը և միջնորդավորված՝ ՌԴ և Իրանի միջոցով կապերը վերականգնեց սիրիական կառավարության հետ։ Սրանով է պայմանավորված, որ հատկապես վերջին կես տարվա ընթացքում արաբական աշխարհում նկատելի է Սիրիայի նկատմամբ դիրքորոշման, հռետորաբանության փոփոխություն։

Ի դեպ, ԱՄԷ-ի դեռևս միակ ներկայությունը մենք պետք է դիտենք ավելի լայն համատեքստում։ Արաբական Միացյալ Էմիրությունների միջոցով Դամասկոսում փաստացի ներկա են ծոցի արաբական երկրները, խոսքը Սաուդյան Արաբիայի, Բահրեյին մասին է, որոնք այդ գծի մեջ են եղել և ունեցել են հակակառավարական դիրքորոշում։

- 2011-ին, երբ սկսվեց հակամարտությունը, արաբական երկրները ցանկանում էին մեծացնել իրենց ազդեցությունը։ Ութ տարի անց կարո՞ղ ենք ասել, որ նրանք ամենից շատ կորցնողներից են։ Եվ արդյոք համակերպվե՞լ են Ասադի՝ իշխանության մնալու հեռանկարի հետ։

- Իհարկե, ճիշտ եք դիտարկում։ Փաստացի սիրիական հակամարտությանը ներգրավված բոլոր երեք տարածաշրջանային կողմերի (Իրան, Թուրքիա և արաբական երկրներ) մրցակցությունը Սիրիայում ավարտվում է Իրանի բացարձակ առավելությամբ, Թուրքիայի ներկայությամբ, որը կարողանում է որոշակի, իր համար կարևոր խնդիրներ լուծել հատկապես Սիրիայի հյուսիսում, և արաբական երկրների ակնհայտ պարտությամբ։ Հենց սրանով է հիմնավորվում, որ արաբական երկրները փորձում են իրենց հնարավորության տիրույթում գտնվող դիվանագիտական միջոցները ծառայեցնել այդ կորցրած դիրքերը վերականգնելուն։ Բնականաբար, ի սկզբանե ներգրավվելով հակամարտության մեջ և նպատակ ունենալով սիրիայում իրենց լոյալ կամ ավելի ձեռնտու վարչակարգ հաստատել՝ նրանք որդեգրեցին հակակառավարական դիրքորոշում՝ աջակցելով տարաբնույթ ընդդիմադիր քաղաքական և ռազմական կառույցներին, բայց հակամարտության ընթացքը ցույց տվեց, որ արաբական երկրները, չունենալով միասնական և հետևողական դիրքորոշում և առավել նպատակային քայլեր չիրականացնելով, կորցրեցին անգամ այն նախկին հնարավորությունները, որոնք ունեին մինչճգնաժամային Սիրիայում և որոնք որոշակի հնարավորություն էին ընձեռում Դամասկոսին ընդհանուր արաբական ուղեգծի մեջ պահելու հարցում։

- Հետպատերազմյան Սիրիայի նյութական վերականգնմանը մասնակցելը կարո՞ղ է միջոց լինել կորցրած դիրքերը վերականգնելու համար։

- Պարբերաբար տեղեկատվություն է շրջանառվում, որ որոշ արաբական երկրներ պատրաստակամություն են հայտնում աջակցելու Սիրիային հետճգնաժամային շրջանում։ Ես կարծում եմ, որ այս գործողությունները նաև միտված են դրան։ Փաստացի չունենալով հարաբերություններ Սիրիայի արաբական կառավարության հետ, մյուս կողմից հասկանալով, որ Սիրիայի հասարակության ընկալումներում արաբական երկրների հեղինակությունը խիստ նվազել է, փորձ է արվում այդ արաբական բարեկամությունը վերականգնել նաև այս եղանակով։ Թերևս սիրիական հակամարտության շրջանակներում ձևավորված իրողությունները պարզապես այլընտրանք չեն թողնում արաբական նշված երկրներին, քան առավել ակտիվ դերակատարում որդեգրելը և սիրիական կառավարության հետ հնարավոր շփումները վերականգնելը։

- Հակամարտությունը կարծես թե ավարտին է մոտենում։ Եթե ավելի լայն, աշխարհի մասշտաբով դիտարկենք, այս հակամարտության արդյունքում ով ինչ է շահել ու ինչ է կորցրել։

- Մի քիչ դժվար է նշել, որ ավարտին է մոտենում։ Պարզապես հակամարտության շրջանակներում արդեն բավականին տևական ժամանակ է՝ համարյա երկու տարի, ձևավորվել է որոշակի կայուն շրջափուլ։ Այսուհանդերձ, փաստել հակամարտության ավարտի կամ դրա մոտալուտ հանգուցալուծման մասին Սիրիայի տարածքում դեռ վաղ է, քանի որ հիմնական աշխարհաքաղաքական մրցակիցների միջև, որոնք այսօր նաև ուղղակի ներկայություն ունեն Սիրիայի տարածքում, շարունակվում են խորը տարաձայնությունները։ Իսկ սա նշանակում է, որ դեռևս բավականին վաղ է ակնկալել ներքին զինված հակամարտության փաստացի իրավական հանգուցալուծում։

Ինչ վերաբերում է հարցին, թե որ կողմերը հաջողեցին, տարբեր հարթություններում այս խնդիրը դիտարկելով՝ միանշանակ կարելի է փաստել, որ այսօր ուղղակիորեն ներգրավված բոլոր դերակատարները, այն է՝ ՌԴ-ն, ԻԻՀ-ն, Թուրքիան, ԱՄՆ-ն և նրա հետ համագործակցող եվրոպական մի շարք պետություններ, շահեկան դիրքում են, քանի որ ունեն ուղղակի ներկայություն Սիրիայի տարածքում, լուծում են որոշակի խնդիրներ։ Անգամ Իսրայելն է այսօր շահեկան դիրքերում ինչ-որ առումով, քանի որ իր համար կենսական մի շարք հարցեր է լուծել անվտանգության ոլորտում։ Հիմնական ակնհայտ ձախողվածները արաբական միապետություններն են, որոնք, ինչպես տեսնում ենք, փորձում են վերադարձնել իրենց կորցրածը, վերականգնել թուլացած դիրքերը և ազդեցություն հնարավորություն ունենալ արդեն հետճգնաժամային Սիրիայում կամ անգամ սիրիական հակամարտության վերջնական կարգավորման գործընթացում։

- ԶԼՄ-ներում հրապարակումներ եղան այն մասին, որ Իսրայելն ու Ռուսաստանը համաձայնության են եկել աշխատանքային խումբ ստեղծելու, որը կզբաղվի օտարերկրյա ներկայությունը Սիրիայից հեռացնելու հարցերով։ Իրատեսակա՞ն է սա ու ի՞նչ է սա նշանակում։

- Նման որևէ պայմանավորվածության իրացում հնարավոր կլինի միայն բացառապես սիրիական հակամարտության հանգուցալուծումից հետո։ Եվ այդ գործընթացը կհաջողվի բացառապես այն դեպքում, եթե դրանում սահմանվեն հավասար սկզբունքներ։ Այսինքն՝ որևէ կերպ չի կարող լինել ՌԴ-ի լայն ներկայություն, ինչպիսին այսօր կա, և մյուս կողմից՝ չի կարելի բացառել Իրանի կամ Թուրքիայի և կամ ԱՄՆ-ի ներկայությունը։ Հետճգնաժամային Սիրիայում նոր սահմանադրության, նոր ձևավորվելիք կառավարության հետ ձեռքբերվելիք պայմանավորվածությունների և միջազգային կառույցների վերահսկողությամբ և երաշխավորությամբ միայն հնարավոր կլինի նշված գործառույթի իրականացումը։ Իսկ Ձեր նշածը, կարծում եմ՝ առավելապես իսրայելական քարոզչական քաղաքականության արդյունք է, որի նպատակն է այժմ Սիրիայում նկատվող որոշ ռուս-իրանական տարաձայնություններն ավելի խորացնել։

- Քանի որ սիրիական հակամարտությունն աստիճանաբար ռազմական հարթությունից քաղաքական հարթութուն է տեղափոխվում, այդ առումով ի՞նչ հնարավոր կանխատեսումներ ունեք առաջիկայի համար։

- Երբ նշում եմ, որ վերջնական հանգուցալուծումը դեռ բավական հեռու է, նաև այս հանգամանքը նկատի ունեմ: Այսօր սիրիական հակամարտության կարգավորման երկու մրցակցային գործընթացներ կամ ձևաչափեր կան, մեկը Ժնևի ձևաչափն է, որը տևական ժամանակ որևէ ակտիվություն չի ցուցաբերել, և մյուսը, շատ ավելի սահմանափակ դերակատարների՝ հատկապես Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ, Աստանայի ձևաչափն է, որը փաստացի ամենաառարկայական ազդեցությունն ունեցավ վերջին երկու տարիներին Սիրայում ձևավորված իրավիճակի վրա։ Բայց քանի որ Աստանայի ձևաչափում արտաքին դերակատարների ներգրավվածությունը խիստ սահմանափակ է, հենց դա է պատճառը, որ այս ձևաչափը չի կարող ամբողջովին երաշխավորել սիրիական հակամարտության հանգուցալուծումը։ Այսինքն՝ միջազգային բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն Ժնևի կամ որևէ նոր ձևաչափի միջոցով սիրիական հակամարտության հանգուցալուծմանը։ Քանի դեռ մենք չենք տեսնում նման ջանքեր, նշանակում է, որ ձևաչափի հիմնական արտաքին դերակատարների միջև պահպանվում են խորը տարաձայնություններ։ Ի դեպ, նույն այդ Ժնևի ձևաչափը դեռ 2012-ին գործարկվել է ՌԴ-ի և ԱՄՆ-ի համագործակցության շնորհիվ, իսկ ներկայումս երկու երկրների միջև փաստացի չկա նման համագործակցություն ոչ միայն սիրիական հակամարտության, այլև բազմաթիվ խնդրահարույց իրավիճակներում, ինչն ավելի է խորացնում տարաձայնությունները, որոնք էլ իրենց հերթին սիրիական հակամարտության հանգուցալուծման առումով որևէ դրական հույսեր չեն ներշնչում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: