Հայերեն   English   Русский  

Հայտնի դարձան «Սեզար» կինոմրցանակի հաղթողները


​Լավագույն ֆիլմ համարվեց Կսավյե Լեգրանի «Խնամակալություն» դրաման, իսկ պատվավոր մրցանակը ստացավ Ռոբերտ Ռեդֆորդը


  
դիտումներ: 452

44-րդ «Սեզար» մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել անցած գիշեր Ֆրանսիայի մայրաքաղաքի «Պլեյել» համերգասրահում:

Լավագույն ֆիլմ է համարվել ռեժիսոր Կսավյե Լեգրանի «Խնամակալություն» (Jusqu'a la garde) դրաման, որը առաջադրված էր 10 անվանակարգերում:

Լեգրանը մրցանակ ստացավ նաև լավագույն սցենարի համար: Լավագույն դերասանուհի ճանաչվեց Լեա Դրյուկերը, որ խաղացել է «Խնամակալություն» ֆիլմի դերերից մեկը: Ժյուրին լավագույն դերասան է ճանաչել Ալեքս Լուտցին «Գի» ֆիլմում խաղացած դերի համար:

Լավագույն ռեժիսորական աշխատանքի մրցանակն էլ ստացել է Ժակ Օդիյարը «Սիստերս եղբայրներ» ֆիլմի համար:

Ֆիլիպ Կատրինը, որ խաղացել է «Մեծ բաղնիք» (Le Grand Bain) ֆիլմում, համարվեց երկրորդ պլանի լավագույն դերասան, իսկ երկրորդ պլանի լավագույն դերասանուհու մրցանակը շնորհվեց Կարին Վիարին «Խուտուտ» (Les chatouilles) ֆիլմում խաղացած դերի համար:

Լավագույն արտասահմանյան ֆիլմի մրցանակը շնորհվել է ճապոնացի Հիրոկաձու Կորեեդիի «Խանութի գողեր» ժապավենին: Հանդիսատեսի համակրանքի մրցանակը ստացել է Օլիվյե Բարրուի «Ընտրությունների օրը ֆրանսիական ձևով» ֆիլմը:

Սեզար-2

Պատվավոր մրցանակը շնորհվել է ամերիկացի դերասան Ռոբերտ Ռեդֆորդին, որը ավարտեց իր դերասանական գործունեությունն անցած տարի: Արձանիկը հանձնել է բրիտանացի դերասանուհի, արարողության նախագահ Քրիստին Սքոթ Թոմասը, որը Ռեդֆորդին անվանել է մեծ ֆրանսիացի և ամերիկացի դերասան:

«Ես սիրում եմ Փարիզը: Ես եկել եմ այստեղ, երբ դեռ 18 տարեկան երիտասարդ էի: Ես փող չունեի, ինձ միայն հույսն էր առաջ տանում»,- ասել է դերասանը, երբ նրան են հանձնել մրցանակը:

Ռոբերտ Ռեդֆորդը նշանավոր դերասան է, ռեժիսոր և իրավապաշտպան: Նրա ֆիլմագրությունում ավելի քան 70 կինոնկար է թվարկվում: 2018 թ. նա պատվավոր «Ոսկե առյուծ» ստացավ Վենետիկի կինոփառատոնում համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար, բացի այդ «Օսկարի» մրցանակակիր է դարձյալ իր ունեցած ավանդի համար: Ռեդֆորդն իր կարիերայի ավարտի մասին հայտնել է 2018 թ. «Ծերունին և զենքը» ֆիլմի նկարահանումներից հետո:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: