Հայերեն   English   Русский  

ՈԱԱԿ նախաձեռնությունը․ ԿԳ նախարարը և բուհերի հոգաբարձուների խորհուրդների նախագահները Մատենադարանում քննարկել են բուհերի խնդիրները


  
դիտումներ: 972

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Մատենադարանում հանդիպում է ունեցել ՀՀ պետական բուհերի հոգաբարձուների խորհուրդների նախագահների հետ, որը կազմակերպել էր Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը /ՈԱԱԿ/՝ իր 10-ամյակի միջոցառումների շրջանակում:

Ողջունելով խորհուրդների նորընտիր նախագահներին՝ ԿԳ նախարարը նշել է, որ հանդիպման նպատակն է ապահովել բուհերի հոգաբարձուների խորհուրդների տեղեկացվածությունը միմյանց խնդիրներին և դրանց լուծման դրական փորձի կիրառելիությունն իրենց բուհերում:

«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բուհերի հոգաբարձուների խորհուրդների ձևավորման տրամաբանությունն ամբողջությամբ փոխվել է. եթե նախկինում դրանք քաղաքական ազդեցությունների գործիքներ էին, ապա այս անգամ մենք առավելագույնս փորձել ենք խուսափել դրանից, ինչը, կարծում եմ, դրական ազդեցություն կունենա բուհերում որոշումների կայացման որակի վրա և թույլ կտա ապահովել բուհերի ինքնավարությունը և ակադեմիական ազատությունները: Հոգաբարձուների խորհուրդները պետք է առավելագույնս արդյունավետ գործեն, այն է՝ չսահմանափակվեն միայն խորհուրդներում հաշվետվություններ լսելով և հաստատելով, այլ կիրառեն իրենց ունեցած բոլոր գործիքակազմերը և թափանցիկ դարձնեն բուհերի գործունեությունը: Հոգաբարձուների խորհուրդները պետք է չդառնան ռեկտորների որոշումները հաստատող մարմին և բացառեն շահերի բախումը»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով նաև բուհերի ֆինանսական օպտիմալացման հարցերին:

Նախարարի խոսքով՝ նախկինում որոշ բուհերում բյուջետային տողերը և աշխատատեղերը ուռճացվել են, հետևաբար խորհուրդները պետք է ուսումնասիրեն այդ խնդիրը և համապատասխան առաջարկներ անեն, որպեսզի դրա արդյունքում լրացուցիչ ֆինանսներ խնայվեն՝ դրանք ուղղելով այլ նպատակների իրականացմանը: Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև բուհերի հոգաբարձուների խորհուրդներում գործատուների ներգրավման անհրաժեշտությանը: «Երբ խորհուրդները ձևավորվեցին և հրապարակվեցին, բիզնեսի մի շարք առաջատարներ դիմեցին ինձ՝ նշելով, որ հետաքրքրված են այդ խորհուրդներում ընդգրկվելու հարցով: Մենք պետք է անենք առավելագույնը, որպեսզի տվյալ ոլորտի բիզնեսի ներկայացուցիչները ներգրավվեն այդ խորհուրդներում և առաջարկեն բուհերի զարգացման ուղղություններ, որպեսզի դրանց գործունեությունն ինչ-որ չափով համահունչ լինի աշխատաշուկային»,-նշել է նախարարը՝ ընդգծելով նաև բուհերին տրամադրվող պետպատվերի տեղերը պահանջարկ ունեցող մասնագիտություններին տրամադրելու և աշխատաշուկայում տեղի ունեցող փոփոխությունները հաշվի առնելու անհրաժեշտությունը:

ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանն իր խոսքում անդրադարձել է բուհերում գործող որակի ապահովման կենտրոնների գործունեության կարևորությանը և դրանք անկախ մարմիններ դարձնելու անհրաժեշտությանը:

ԿԳ քննարկում

Բուհերի հոգաբարձուների խորհուրդների նախագահները ողջունել են նման հանդիպում անցկացնելու նախաձեռնությունը՝ հույս հայտնելով, որ դրանք կկրեն շարունակական բնույթ: Իրենց ելույթներում նրանք բարձրացրել են մի շարք խնդիրներ, մասնավորապես, ընդգծել են, որ բուհերի կանոնադրություններում ռեկտորի ընտրության համար սահմանված են խիստ չափանիշներ, որոնք երբեմն դժվարացնում են այդ գործում համապատասխան մասնագետների և կառավարիչների ներգրավման հարցը: Նրանք անդրադարձել են նաև բուհերի գիտահետազոտական ենթակառուցվածքների բարելավման, ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման, ներդրումների ապահովման, բուհերի միջազգայնացման, ինչպես նաև բուհերում անձեռնամխելի ֆոնդերի ստեղծման հնարավորության հարցերին: Հոգաբարձուների խորհուրդների նախագահները բարձրացրել են նաև բուհերի մասնաճյուղերի և կարիերայի կենտրոնների գործունեության, ուսանողների և դասախոսների խնդիրների վերհանման, դասավանդման տեխնոլոգիաների փոփոխության, շրջանավարտների համար համապատասխան հարթակների ստեղծման և միջբուհական կապերի ամրապնդման անհրաժեշտության հարցերը:

Հանդիպման ավարտին նախարար Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին օգտակար և շահագրգիռ քննարկման համար և բոլորին մաղթել արդյունավետ աշխատանք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: