Հայերեն   English   Русский  

Դպրոցական առարկա՞, թե՞ իրավունքների խախտում


  
դիտումներ: 1102

Գևորգ Ղազարյանը Հայաստանում այն եզակի մարդկանցից է, ովքեր հեթանոս զրադաշտական կրոնի հետևորդներ են:

Նա ասում է, որ մարդկանց առաջին արձագանքը զարմանքն է լինում, երբ իմանում են իր կրոնական պատկանելիության մասին, բայց հետո սկսում են ժպտալ ու հարցնել՝ իսկապե՞ս քրիստոնյա չէ:

«Կյանքում եկավ մի շրջան, երբ հասկացա, որ կյանքի ու աշխարհի արարման բացատրությունները զրադաշտական կրոնում ավելի են ինձ գոհացնում, քան քրիստոնեական գաղափարախոսության մեջ: Ընտրություն կատարելիս օգտվել եմ կրոնի ազատության իմ իրավունքից»,- ասում է Գևորգը:

Մտքի, խղճի և կրոնի ազատությունը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է: Պետությունը ունի պարտավորություն՝ պաշտպանել յուրաքանչուր անձի մտքի, խղճի և կրոնի ազատությունը անհանդուրժողական և խտրական վերաբերմունքից: Մտքի, խղճի և կրոնի ազատությունը ամրագրված է ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 18-րդ հոդվածում, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածում: Այն ամրագրված է նաև ՀՀ Սահմանադրության 41-րդ հոդվածում: Սակայն այսօր ՀՀ քաղաքացիների մի մասը կարծում է, որ չի պահպանվում իրենց այս իրավունքը: Որպես ապացույց մատնանշում են դպրոցներում պարտադիր առարկա դասվանդվող «Հայոց եկեղեցու պատմություն»-ը: 2003 թվականից սկսած այս առարկան մտել է դպրոցական առարկաների ցանկի մեջ և մի շարք դժգոհությունների պատճառ դարձել:

Իրավապաշտպան Ստեփան Դանիելյանն ասում է, որ այս առարկան չի համապատասխանում ՀՀ Սամանադրությամբ ամրագրված իրավունքներին և Հայսատանի ստանձնած միջազգային պարտավորություններին: Իրավապաշտպանը նշում է, որ մոնիտորինգների արդյունքում պարզ է դառնում, որ «Հայոց եկեղեցու պատմության» դասագիրքը ներկայացնում է աղճատված պատմություն, և բացի այդ այս առարկան խախտում է ըստ օրենքի հանրակրթական դպրոցի աշխարհիկ բնույթը:

Դասագրքի թերությունների մասին խոսեց նաև Գևորգ Ղազարյանը:

«Չնայած ես հեթանոս զրադաշտ եմ, բայց ուսումնասիրել եմ դասագիրքը: Այնտեղ միայն քրիստոնեական ուսմունքի քարոզ է: Ներկայացված է միայն եկեղեցու ու դրա պատմության դրական էջերը: Չկա ոչ մի խոսք եկեղեցու սխալների կամ դավաճան հոգևորականների մասին: Ես դպրոցում չեմ սովորել այս առարկան, քանի որ այն դպրոցական ծրագրի մեջ է մտել իմ ավարտելուց հետո, սակայն ես չեմ ցանկանա, որ իմ երեխաները դպրոցում ուսումնասիրեն այս դասագիրքը»:

Սոֆյա Առաքելյանը տարիներ շարունակ դպրոցում դասավանդում է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան: Կարծում է, որ այն շատ գիտելիքներ է տալիս աշակերտներին, բայց ասում է նաև, որ խախտվում են երեխաների իրավունքները:

««Հայոց եկեղեցու պատմություն» դասագիրքը ներառում է Հին և նոր կտակարանները, եկեղեցական տոներն ու ավանդույթները, հայ Առաքելական եկեղեցու պատմությունը: Հաճախ ենք խնդրի առաջ կանգնում, քանի որ նույն դասարանում սովորում են և´ հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ, և´ աթեիստներ, և´ այլ կրոն դավանող երեխաներ: Դժվար է այս բոլոր երեխաներին ապացուցել և բացատրել նույն քրիստոնեական կանոնները»,- ասում է Սոֆյա Առաքելյանը:

Հենց այս խնդիրների և երեխաների իրավունքների պաշտպանության համար լուծում է առաջարկում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը: Այստեղ պատրաստվում են առաջիկայում քննարկել առարկան կամընտրական դարձնելու հարցը, որը հնարավորություն կտա այլադավան երեխաներին «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի փոխարեն մեկ այլ առարկա սովորել:

Սակայն այս տարբերակը անընդունելի է Հայ Առաքելական եկեղեցու համար: Տեր Շահան քահանան կարծում է, որ «Հայոց եկեղեցու պատմություն»-ը նույնքան կարևոր առարկա է, որքան «Հայոց պատմությունը»:

«Մենք աշխարհում առաջին քրիստոնյա ազգն ենք, որի զավակները իրենց ազգի պատմությունն իմանալու հետ մեկտեղ պետք է սովորեն նաև մեր եկեղեցու պատմությունը: Ճիշտ չէ, որ երեխան ընտրի՝ ուզու՞մ է այս առարկան սովորել, թե՞ ոչ: Եթե մեր պապերը ընդունել են այս կրոնը և պատմություն են կերտել դարեր շարունակ, ապա մենք ոչինչ ենք այդ շղթայում և իրավունք չունենք կտրել պատմության թելը»,- ասում է Տեր Շահանը:

Կրթության և գիտության նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դպրոցներում դասավանդվող ոչ մի պարտադիր առարկա չի հակասում Սահմանադրությանը: Իսկ մեր այն հարցին, թե արդյոք «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան չի հակասում ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքին, մամուլի քարտուղարը չպատասխանեց՝ ասելով, որ այս թեման իր իրավասության սահմաններում չէ:

Ամիսներ առաջ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդելու-չդասավանդելու մասին խոսել էր Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Այս առարկան մեր քաղաքացիների մի մասի համար խնդրահարույց է, մի մասի համար ոչ: Հանրակրթական դպրոցների առարկաների ցանկում առաջին մեկ տարվա ընթացքում փոփոխություն չի լինելու, հետևաբար նաև փոփոխություն չի լինելու «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի շրջանակներում: Բայց մենք բոլոր շահագրգիռ կողմերի հետ քննարկում ենք անցկացնելու, որովհետև կարծում ենք, որ երկու կողմերի համար կկարողանանք խելամիտ լուծումներ գտնել»,- ասել է նախարարը:

Հայտարարությունից անցել է մի քանի ամիս, բայց դեռ քննարկումներ տեղի չեն ունեցել: Այս ընթացքում խնդրով մտահոգվածները շարունակում են բարձրաձայնել իրենց հարցերը, իսկ աշակերտները շարունակում են դպրոցներում սովորել այդ առարկան:

Լիանա Եղիազարյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: