Հայերեն   English   Русский  

Հանրային խորհրդի գիտության, կրթության հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրվել Աիդա Թոփուզյանը


  
դիտումներ: 1999

Հանրային խորհուրդը դիմել էր ՀՀ վարչապետին՝ առաջարկելով նոր ձևավորվող Հանրային խորհրդի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և

սպորտի հարցերի հանձնաժողովից առանձնացնել գիտությունն ու կրթությունը՝ ստեղծելով նոր հանձնաժողով։ Վարչապետի որոշմամբ փոփոխությունը հաստատվել է, և ձևավորվել է Հանրային խորհրդի Գիտության, կրթության հարցերի հանձնաժողով, որի կազմում ընդգրկած է 123 անդամ։

Ս․թ․ փետրվարի 14-ին տեղի է ունեցել Գիտության, կրթության հարցերի հանձնաժողովի նիստ, որի ընթացքում գաղտնի քվեարկության միջոցով ընտրվել է հանձնաժողովի նախագահ։ Առաջադրված 5 թեկնածուներից առավելագույն ձայներ հավաքել է մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի վարիչ, Կանանց հանրապետական խորհրդի նախագահ Աիդա Թոփուզյանը։

Վերջինս իր ելույթում անդրադարձել է կրթության և գիտության ոլորտի խնդիրներին, մասնավորապես շեշտել հանրակրթության ոլորտում լուրջ բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը՝ այս հարցում կարևորելով Հանրային խորհրդի դերակատարումը։

Աիդա Թոփուզյան

Նիստը նախագահել են Հանրային խորհրդի անդամներ Հարություն Մեսրոբյանը, Բաբկեն Պիպոյանը, Էդուարդ Ղազարյանը, Անահիտ Բախշյանը և Արմեն Տեր-Տաճատյանը։

Նշենք, որ ՀԽ Գիտության, կրթության հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրությամբ ավարտվում է Հանրային խորհրդի 15 հանձնաժողովների ձևավորման գործընթացը։ Համաձայն «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի՝ վարչապետի առաջարկով կառավարությունը կնշանակի խորհրդի նախագահ, և Հանրային խորհուրդը կհամարվի կազմավորված, որի մասին վարչապետը գրավոր հայտարարություն կտարածի։ Հայաստանի Հանրապետության՝ Սահմանադրությամբ ամրագրված նոր Հանրային խորհուրդն այդպիսով կվերսկսի գործունեությունը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: