Հայերեն   English   Русский  

​Դիտավորություն կամ կարճ միացում. այրվել են դպրոցի փաստաթղթերը, լուսանկարներ


  
դիտումներ: 451

Փետրվարի 11-ի լուսաբացին հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Սարատակ գյուղի միջնակարգ դպրոցում:

Սարատակ գյուղի միջնակարգ դպրոց

Ամբողջությամբ մոխրակույտի է վերածվել դպրոցի տնօրենի աշխատասենյակը՝ գույքով ու տեխնիկայով հանդերձ: Այնուհետ կրակը վերև է բարձրացել, այրվել են երկրորդ հարկի դասասենյակների մեկի պատուհանները, ապա տանիքի մի փոքր հատված: Կրակի բաժին են դարձել նաև աշխատասենյակում տեղադրված չհրկիզվող պահարանները:

Դպրոցի տնօրեն Էդվարդ Գրիգորյանն է նշում, այդ պահարաններում աշակերտների և մանկավարժների անձնական գործերն էին, դպրոցին վերաբերող փաստաթղթեր. ոչինչ փրկել չի հաջողվել:
Մրից ու մոխրից դպրոցը մաքրելու համար ժամանակ է հարկավոր, տնօրենն ասում է՝ դասերը կկարողանան կազմակերպել դպրոցի երկրորդ հարկում միայն, երկու հերթով: Դպրոցն ունի 194 աշակերտ:

Սարատակ գյուղի միջնակարգ դպրոց

Դպրոցում ջեռուցումն ապահովվում է հեղուկ վառլիքի միջոցով, դասարաններում վառարաններ են տեղադրված, նշում են, էլեկտրականությամբ դասարաններ չեն տաքացրել, որովհետև շենքը հին կառույց է, մալուխներն էլ երբևէ չեն թարմացվել: Դպրոցում վերջին դասապարապմունքն անցկացվել է ուրբաթ օրը, այնուհետ շաբաթ-կիրակի դպրոցը փակ է եղել:

Սարատակ գյուղի միջնակարգ դպրոց

Էդվարդ Գրիգորյանը նշում է՝ ինքը սովորություն ունի, աշխատասենյակից դուրս գալուց առաջ անջատում է ամեն ինչ, հետևաբար, իր աշխատասենյակում միացված որևէ համակարգ չի եղել, վառարանն էլ չի վառվել: Վարկածը, թե հրդեհի առաջացման պատճառ ամենայն հավանականության եղել է էլեկտրալարերի կարճ միացումը, տնօրենն այնքան էլ հակված չէ հավատալու, բայց հույսը կապել է հետաքննության հետ:

Էդվարդ Գրիգորյանը մի քանի ամիս է, ինչ Սարատակի դպրոցի տնօրեն է, դրանից առաջ այս դպրոցը նորից մամուլի ուշադրության կենտրոնում էր՝ դասադուլներ էին կազմակերպվում դեռ 2017 թվականից վերջերից սկսած, այստեղ ընդդիմանում էին ուրիշ գյուղից տնօրեն ունենալու դեմ, ասում էին՝ մեր դպրոցի տնօրենը մեր գյուղից է լինելու: Բայց դա էլ չեղավ, ներկայիս տնօրենը Գյումրիից է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: