Հայերեն   English   Русский  

​Թրամփը Կոնգրեսում պատմելու է արտերկրի պատերազմներում ԱՄՆ-ի մասնակցությանը վերջ դնելու ծրագրերի մասին


Հնարավոր է, որ Սպիտակ տան ղեկավարը կանդրադառնա նաև Վենեսուելայի ճգնաժամին


  
դիտումներ: 418

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսում «Երկրի դրության մասին» ճառի ընթացքում հայտնելու է արտերկրի զինված հակամարտություններին ԱՄՆ-ի մասնակցությանը վերջ դնելու մտադրության մասին: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին երեկ հայտնել է լրագրողներին ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչ:

«Նախագահը կխոսի արտերկրում անվերջանալի պատերազմներին վերջ դնելու մտադրության մասին»,- ասել է նա: Նրա խոսքով՝ նախագահը նաև «կանդրադառնա իր ելույթում Վենեսուելայի ճգնաժամին»: Նա չի ճշտել՝ խոսք կլինի արդյոք Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագրից (ՄՓՀՀՊ) ԱՄՆ-ի դուրս գալու թեմային, թե ոչ:

Առաջիկա ճառը միջազգային օրակարգի առումով գործնականում կկրկնի անցած տարվա երլույթը: Թրամփը կանդրադառնա, մասնավորապես, ուրիշ երկրների հետ ԱՄՆ-ի առևտրային գործարքներին, անօրինական միգրացիային, Չինաստանի հետ հարաբերություններին:

Դոնալդ Թրամփն ընդունել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հրավերը և ելույթ կունենա փետրվարի 5-ին ամենամյա «Երկրի դրության մասին» ուղերձով Կոնգրեսի երկու պալատներին: Սկզբում նախատեսվում էր, որ հանրապետական Թրամփը հանդես կգա այդ ճառով հունվարի 29-ին, սակայն դեմոկրատ Փելոսին մերժել է Կոնգրեսի պատերից ներս նրա ելույթ ունենալու իրավունքը ԱՄՆ կառավարության մի հատվածի աշխատանքների դադարեցման պատճառով: Բյուջետային ճգնաժամն առաջացել է Վաշինգտոնում այն պատճառով, որ իշխող Հանրապետական կուսակցությունը և ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունը չկարողացան փոխզիջման հասնել Մեքսիկայի հետ սահմանի հսկողության ամրապնդման համար միջոցներ հատկացնելու հարցում:

ԱՄՆ նախագահը ամենամյա ուղերձներն օգտագործում է, որպեսզի ներկայացնի երկրի իրավիճակի իր պատկերացումը և նշի ներքին և արտաքին քաղաքականությունների առաջնահերթ ուղղությունները: Իշխանության օրենսդիր ճյուղի առջև ամենամյա ուղերձով նախագահի հանդես գալու ավանդույթը սկզբնավորվել է 1790 թ. հունվարի 8-ին: Սկզբնավորողն առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնն էր, որ ելույթ ունեցավ այն ժամանակ Նյու Յորքում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: