Հայերեն   English   Русский  

Երբ կապիտալ ապրանքների և արտադրական պաշարների ներկրման ծավալները մեծանում են, դա ուրախալի տնտեսական լուր է՝ ընդհանուր առմամբ


ֆբ գրառում


  
դիտումներ: 834

Երկու օր է, ակտիվ պտտվում է այն ցուցանիշը, թե 2018 թվականին հունվար-սեպտեմբերին դեպի Հայաստան կապիտալ ապրանքների ներկրումը կտրուկ ավելացել է:

Իհարկե՝ ցանկացած երկրի համար շատ կարևոր է նման ցուցանիշը, բայց միայն այս ցուցանիշը՝ առանց հավելյալ տեղեկությունների մի փոքր քիչ է միանգամից ոգևորվելու համար:

Տեսնում եմ, որ այս ցուցանիշից բխեցվում է նաև, թե արտադրության ոլորտում շոշափելի ներդրումներ են արվում, ինչը միանշանակ պնդել չի կարելի, քանի դեռ չկա բացվածքը, թե ի՞նչ կապիտալ ապրանքներ են ներկրվել, ո՞ր ոլորտների, ի՞նչ ու քանի՞ ձեռնարկությունների համար: Որովհետև եթե, օրինակ, բացվածքից պարզվի, որ հանքարդյունաբերական խոշոր ընկերություններից մեկն է ներկրել այդ ապրանքների առյուծի բաժինը, ապա այդ դեպքում հանքարդյունահանման ոլորտում, իհարկե էական ու շոշափելի աճ կգրանցվի, ու զուտ վիճակագրորեն էլ միգուցե դա նաև որոշակի դրական ազդեցություն ունենա տնտեսական աճի ցուցանիշի վրա, բայց արդյոք դա ուրախանալո՞ւ առիթ է, թե՞ մտածելու…

Նշվում է նաև, որ էականորեն ավելացել են արտադրական պաշարների ներկրման ծավալները, դա կարևոր է, որովհետև եթե կապիտալ ապրանքներ են ներկրվել, օրինակ նոր հաստոցներ, նոր հոսքագծեր, ու դրան զուգահեռ նաև արտադրական պաշարներ՝ ասենք այդ հոսքագծերի համար հումք, ապա դա շատ լավ է: Բայց կարող է, չէ՞, նույն հանքարդյունաբերական ընկերությունը, դինամիտի մեծ խմբաքանակ ներկրած լինել, որով պետք է պայթեցումներ կատարի ու իր տնօրինած հանքն ավելի ՛՛էֆեկտիվ՛՛շահագործի…

Կամ կարող է, չէ՞, այնպես պատահել, երբ ասենք, մի քանի տասնյակ ՀԷԿ-էր որոշել են արդիականանալ ու նոր գեներատորներ են ներկրել. Դրանից, իհարկե, արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալները կավելանան, բայց կարող են ավելանալ նաև ջրերի օգտագործման ծավալները, իսկ նոր աշխատատեղեր, հարց է՝ կբացվե՞ն, թե՞ ոչ: Ու սա լա՞վ է, թե՞ այստեղ էլ մտածելու տեղիք կա…

Մի խոսքով՝ շատ գլուխ չտանեմ. քանի դեռ բացվածքը չկա, թե այդ կապիտալ ապրանքները ի՞նչ են, ո՞ր ոլորտների համար են նախատեսված, արդյոք դրանցով նոր արտադրական հզորություննե՞ր են ստեղծվելու, թե՞ հին հզորություններն են արդիականացվելու, քանի՞ ձեռնարկություն է նման ապրանքներ ներկրել՝ մե՞կ, մի քանի՞, թե՞ մի քանի տասնյակ, ի՞նչ տնտեսական էֆեկտ դա կապահովի, քանի՞ նոր աշխատատեղեր կստեղծվեն, ո՞ր ոլորտները կզարգանան և այլ այսպիսի մանր-մունր հարցեր, դժվար է իրապես գնահատել այս ցուցանիշի իրական դրական նշանակությունը: Չնայած, կրկնեմ՝ երբ կապիտալ ապրանքների և արտադրական պաշարների ներկրման ծավալները մեծանում են, դա ուրախալի տնտեսական լուր է՝ ընդհանուր առմամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: