Հայերեն   English   Русский  

​Բալասանյանի հիմնադրամում չարաշահումներ են գտել


  
դիտումներ: 351

''Գյումրին առանց տնակների'' հիմնադրամի գործադիր տնօրենը նոր տարին սկսել է բացահայտումներով:

Մհեր Խաչատրյանը տոնական օրերն ավարտվելուց հետո սկսեց սոցիալական ցանցերում հրապարակել տվյալներ տարբեր տարիներին Գյումրիում տեղի ունեցած բնակարանների բաշխման գործընթացից:

Ankakh.com-ը անդրադարձել է հիմնադրամի գործադիր տնօրենի կողմից բացահայտված դեպքերին, թե ինչպես են բնակարանների բաշխման հանձնաժողովների գրանցած տվյալներն ու իրականությունը հակասում իրար: Այսօր էլ Մհեր Խաչատրյանը հայտարարում է շատ բնակիչներ են առաջարկել իրենց իսկ ունեցած փաստերը տրամադրել՝ այդ բացահայտումների գործընթացին աջակցելու համար:

Երբ ֆեյսբուքում 4-5 օր Խաչատրյանն անդրադառնում էր մեկ հասցեի պատմությանը, արձագանք է եղել Շիրակի մարզի դատախազությունից: Նրան հրավիրել են, զրուցել ու հայտնել, որ Խաչատրյանն իրենց ներկայացնի իր ունեցած փաստերը: Այդ ամենը կատարվել է, հիմա ոստիկանությունն է զբաղվում խնդրով:

Մհեր Խաչատրյանը նաև այլ չարաշահումների մասին է բարձրաձայնում, այս անգամ իր ղեկավարած կառույցում: ''Գյումրին առանց տնակների'' հիմնադրամը ստեղծվել է 2015 թվականին դեկտեմբերին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի նախաձեռնությամբ: Հիմնադրամի նպատակը Գյումրին տնակներից ազատելու գործընթացին նպաստելն է, նվիրատուներն էլ հիմնականում քաղաքապետարանի ենթակայության կառույցների աշխատակիցներն են, որոնք նվիրաբերում են իրենք ամենամսյա աշխատավարձի 1 տոկոսը, և քաղաքապետ Սամվել Բալասանյանը, որը նվիրում է իր ամբողջ աշխատավարձը: Նվիրատվություններ են կատարում նաև հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, տարբեր անհատներ, գումարներ են հավաքագրվում տարատեսակ բարեգործական միջոցառումներից: Մինչ օրս հիմնադրամը 29 բնակարան է տրամադրել անօթևաններին, որոնց մեջ ընդգրկված են նաև տարբեր կազմակերպությունների բարեգործությունը ևս: Բնակարաններն էլ տրամադրվում են սոցիալական հիմունքներով:

- Ես երբ դարձա տնօրեն, հետազոտելով հիմնադրամի գործունեությունը ի սկզբանե, ծանոթանալով նաև ֆինանսական գործընթացներին, մի քանի դեպքեր եմ բացահայտել, որ ֆինանսական հաշվետվությունների մեջ էլ կա՝ ֆինանսական չարաշահումներ նախկին տնօրենի կողմից: Այդ ամեն ինչի հիմքերն ու փաստերն իմ ձեռքի տակ կա. խոսքը վերաբերում է 2017թվականին, այդ ժամանակվա տնօրեն Ղարիբ Հարությունյանի կողմից հոգաբարձուների խորհրդի նիստին ներկայացվել է կեղծ հաշվետվություն ու այդտեղ ֆինանսական չարաշահումներ կան ծախսերի հետ կապված: Օրինակ, աշխատող չունեցած ժամանակահատվածում աշխատավարձի ձևակերպում, - ասում է Մհեր Խաչատրյանն ու հավելում՝ ուսումնասիրություններն ավարտված են, իսկ առաջիկայում տեղի կունենա հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որտեղ էլ հարցը կներկայացվի: Կստեղծվի նաև ներքին վերահսկողական հանձնախումբ և հիմնադրամի ներսում ուսումնասիրություններ կկատարվեն:

Ղարիբ Հարությունյանն այս ամենին ի պատասխան նշում է, հիմա ինքը նույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է, իսկ հիմնադրամի տնօրենը զբաղված է ինքնագործունեությամբ, քանի որ վերջինս բոլոր տվյալները հրապարակել է մամուլի ասուլիսում, որի մասին հոգաբարձուների խորհրդի անդամները տեղյակ չեն եղել:

- Այս ասուլիսն ուղղված է իմ անձի դեմ, ունի քաղաքական ենթատեքստ և մեզ համար հայտնի են այս երիտասարդին /նկատի ունի հիմնադրամի գործադիր տնօրեն Մհեր Խաչատրյանին, - հեղինակ/ ուղղորդողները: Որևէ հանձնում-ընդունում, իմ՝ որպես գործադիր տնօրեն և ներկայիս տնօրենի միջև տեղի չի ունեցել: Եվ ներկայիս տնօրենը չի տիրապետում որևէ պաշտոնական տեղեկատվության, - հայտարարու'մ է 'Գյումրին առանց տնակների''հիմնադրամի նախկին տնօրեն Ղարիբ Հարությունյանը: Նա նաև հայտարարել է՝ հիմնադրամի տնօրենը զրպարտել է իրեն և կոչ արել իրավապահ մարմիններին զբաղվել Մհեր Խաչատրյանի հայտարարությամբ:

Մհեր Խաչատրյանն ասում է՝ այն ինչ հրապարակել է, բոլոր փաստերն ունի, որոնք կտրամադրվեն իրավապահ մարմնին, իսկ ինչ վերաբերում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին ասուլիսի մասին տեղյակ չպահելուն, ապա նշում է՝ ըստ հիմնադրամի կանոնակարգի գործադիր տնօրենը պետք է ասուլիսով հանդես գա երկու ամիսը մեկ անգամ, իսկ հոգաբարձուների խորհրդի նիստ պարտավոր է հրապարակել գոնե տարին մեկ անգամ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: