Հայերեն   English   Русский  

Որո՞նք են վերաքննիչ դատարանի լիազորությունները


  
դիտումներ: 1851

Նախ պետք է նշել, որ վերաքննիչ դատարանի կարգավիճակին, կազմին և տեղաբաշխմանն առնչվող հարաբերությունները կարգավորված են ՀՀ դատական օրենսգրքի 39-49 հոդվածներով:



Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի հիման վրա իր իրավասության սահմաններում վերանայում է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների և վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը: Վերաքննիչ դատարանը միջանկյալ դատական ակտերը վերանայում է օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում: Իսկ միջանկյալ են համարվում գործն ըստ էության չլուծող դատական ակտերը, օրինակ` գործի վարույթի կասեցման, գործի վարույթի հետաձգման մասին որոշումները և այլն:

Դատական ակտը վերանայվում է վերաքննիչ բողոքի հիմքերի ու հիմնավորումների սահմաններում: Հարկ է նշել, որ այս դրույթն էապես տարբերվում է նախկին օրենսդրությամբ ամրագրված այն դրույթից, որի համաձայն` վերաքննիչ դատարանը կաշկանդված չէր վերաքննիչ բողոքների փաստարկներով և կարող էր գործը քննել լրիվ ծավալով:

Վերաքննիչ դատարանի դատական ակտերն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:

Վերաքննիչ դատարանի լիազորություններն ամրագրված են ՀՀ դատական օրենսգրքի 48 հոդվածով, համաձայն որի` գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը`

1) մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով oրինական ուժի մեջ: Այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, սակայն դատարանի կայացրած գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա վերաքննիչ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը,

2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատականակտը: Բեկանված մասով գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասով դատական ակտը մնում է oրինական ուժի մեջ,

3) քաղաքացիական հայցի մասով ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և հաստատում կողմերի հաշտության համաձայնությունը,

4) մասնակիորեն բեկանում և փոփոխում է ստորադաս դատարանի ակտը, եթե ստորադաս դատարանի հաստատած փաստական հանգամանքները, իսկ քրեական գործերով նաև քրեական վերաքննիչ դատարանին նոր ներկայացված ապացույցների հիման վրա նրա հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից,

5) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում հայցն ամբողջովին կամ դրա մի մասը:

Միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով oրինական ուժի մեջ, կամ կայացնում է նոր դատական ակտ, որն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:

Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: