Հայերեն   English   Русский  

​Դատախազությունը կուսումնասիրի բնակարանների բաշխման գործընթացը


  
դիտումներ: 652

2 տարի առաջ ''Գյումրին առանց տնակների'' հիմնադրամում ներգրավվեցի կամավորական աշխատանքներ կատարելով, պարտականություն ունենալով կատարել մշտադիտարկման աշխատանք՝ շրջելով տնակային ավաններում ու մարդկանց պատմությանը ծանոթանալով:

Մհեր Խաչատրյան

Այս ժամանակ էր, որ հաճախակի լսում էր խոսակցություններ, թե այսինչը մի քանի բնակարան է ստացել և նման պատմություններ: Այս մասին պատմում է Մհեր Խաչատրյանը, ով հիմա''Գյումրին առանց տնակների'' հիմնադրամի գործադիր տնօրենն է: Ասում է՝ սկզբում, ինչպես շատերը, մտածել է, թե դա զուտ բամբասանք է, բայց երբ ավելի ու ավելի շատ են եղել պատմությունները, սկսել է հետաքրքրվել: Ուսումնասիրել է բնակարանների բաշխման գործընթացը, արդյունքում լսած պատմությունների բացահայտումներ են կատարվել:

Մհեր Խաչատրյանը հիմա արդեն դրանք քիչ-քիչ հրապարակային է դարձնում.
''1. Ա. Խաչատրյան 32/ա շենք բն. 14 (3 սենյակ, 5 անձ)
2. Մ. Խորենացի 8 շենք բն. 19 (3 սենյակ, 4 անձ)
3. Անի թաղ. 3-րդ փողոց 3 շենք բն. 41 (2 սենյակ, 3 անձ)
4. Արագած 1 թաղ. 4 շենք բն. 10 (3 սենյակ, 5անձ)
5. Տ. Ճարտարապետ 5/3 շենք բն. 7 (2 սենյակ, 5 անձ)
Այս հինգ բնակարաններին միավորողը 1988 թվականի երկրաշարժի հետևանքով փլված, Շիրակացի 4-րդ թաղամաս, 3 շենք, բն. 4 հասցեն է:
5 բնակարաններ միայն մեկ փլված հասցեի դիմաց'':

Հիմա արդեն բացահայտումների գործընթացն իրավական բնույթ է կրում. այս գործով Շիրակի մարզի դատախազությունն է սկսել հետաքրքրվել, փաստեր են տրամադրվել, կուսումնասիրվի ու հստակ կլինի, այդ ամենը կոռուպցիոն ռիսկեր են պարունակում, թե՞ եղել թյուրիմացություն:

բնակարանների բաշխման գործընթաց

- Օրինակ, իմ ուսումնասիրությունների արդյունքում, բացահայտվել է, որ փլված մեկ հասցեի դիմաց, տարբեր ժամանակահատվածներում տրամադրվել է 5-6 բնակարան, և այստեղ խնդիրը նրանում է, որ այդ բնակարանները տրամադրվել են իրար հետ կապ չունեցող մարդկանց, - ասում է Մհեր Խաչատրյանը: Եթե բնակարանները տրամադրվել են նախկինում մեկ հասցեում գրանցված քույրերի և եղբայրների ընտանիքներին, ապա, գոնե նրանց հայրանունները պետք է հույնը լինեին չէ՞, հարցնում է Մհեր Խաչատրյանը: Ըստ ուսումնասիրված փաստաթղթերի, նույն մարդը պետության կողմից, մի քանի տարում, 2-3 բնակարան է ստացել որպես փոխհատուցում.

- Միգուցե և տվյալ մարդը բնակարան չի ստացել, - ասում է Մհեր Խաչատրյանը, - ու՞մ են տրամադրվել այդ երկու բնակարանները, որոնք գրված են իր անվան դիմաց: Արդյո՞ք դա այն ժամանակների բնակբաշխման պատասխանատուների կողմից, որոնք պետական մարմիններ են եղել, թվի ուռճացման գործընթացչի եղել: Եթե նրանք ցուցակներում մեկից ավելի անգամ ներկայացրել են նույն մարդու անունը, հետևաբար այդտեղ կա բնակարանային քանակի պակաս, իսկ ու՞ր են գնացել այդ բնակարանների համար նախատեսված գումարները, թող պարզեն իրավապահ մարմինները:

Մհեր Խաչատարյանի ուսումնասիրությունները նաև բացահայտել են՝ բնակարանների քանդման մասին տված ակտերը չեն համապատասխանում իրականությանը:

- Տնակը փաստացի գոյություն ունի մինչ օրս, հաշվառված է տնակային ցուցակների մեջ, բայց կոնկրետ այսինչ թվականին տնակն ապամոնտաժված է փաստաթղթերով: Եղել է հանձնաժողով, որի անդամները ստորագրել են այդ քանդման ակտի տակ, հիմա նրանք պետք է պատասխանատվություն կրեն և բացատրեն, թե ինչպես է ստացվել: Այդպիսի բազմաթիվ դեպքեր կան, - մատնանշում է Մհեր Խաչատրյանը:
Այս ամենի մասին արդեն գրավոր դիմել է Շիրակի մարզի դատախազին՝ որպես պահանջատեր քաղաքացի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: