Հայերեն   English   Русский  

​«9» թվանշանով ավարտվող տարիները ցնցումներ են բերում, և ինչպես երևում է, 2019-ին մեզ թեժ տարի է սպասում. Guardian


  
դիտումներ: 14972

Անցած տարի շատերն անդրադարձան «8» թվանշանով վերջացող տարեթվերին՝ եզրակացնելով, որ դրանք բախտորոշ են դառնում հայերիս համար:

Հիշեցին 1918-ը, երբ դարեր անց վերջապես վերականգնեցինք մեր անկախությունը, 1988-ը, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, 1998-ի իշխանափոխությունը, 2008-ի մարտի 1-ը, և համարեցին նույնիսկ, որ 2018-ի իշխանափոխությունը հենց այս օրինաչափության հաստատումն էր:

Բրիտանական Guardian-նն էլ դեկտեմբերի 30-ին հրապարակել է իր մեկնաբան Լարրի Էլիոտի հոդվածը, որում նա գրում է, որ «9» թվանշանով վերջացող տարիները հաճախ շատ հագեցած են լինում իրադարձութուններով, ընդ որում դրանք կտրուկ փոխում են պատմության ընթացքը:

Հեղինակը հիշեցնում է 1789 թվականը՝ ֆրանսիական հեղափոխության տարին, 1939 թվականը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը: 1979 թ. հեղափոխություն տեղի ունեցավ Իրանում, նույն թվականին Մեծ Բրիտանիայում իշխանության եկավ Մարգարետ Թետչերը: Տասը տարի անց Բեռլինի պատի անկումն ազդարարեց կոմունիզմի վախճանը Եվրոպայում: 2009 թ. ամբողջ աշխարհում կենտրոնական բանկերը ստիպված եղան արտակարգ միջոցներ ձեռնարկել, որպեսզի չափազանց լուրջ ռեցեսիան չվերածվի երկրորդ «Մեծ դեպրեսիայի» (առաջինը սկսվեց 1929 թ. սեպտեմբերին Ուոլ սթրիթի ճգնաժամից հետո):

2019-ը նույնպես կարող է հարուստ լինել իրադարձություններով: 2018-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի հետ առևտրային պատերազմի առաջին կրակոցներն արեց: 2019 թ. առաջին ամիսները վճռական կլինեն. կա՛մ ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերություններում առաջացած լարվածությունը կհանգուցալուծվի, կա՛մ առևտրային հակամարտության նոր փուլ կսկսվի, որը կարող է հանգեցնել գլոբալ տնտեսկան ճգնաժամի:

Guardian-ը գրում է, որ դժվար չէ գուշակել, թե ինչ կարող է սպասել մեզ. ֆոնդային շուկաների ճգնաժամ, առևտրային պատերազմ, տոկոսադրույքների բարձրացում ԱՄՆ-ում, ինչը կհանգեցնի լուրջ դժվարությունների վարկային մեծ պարտքեր ունեցող զարգացած երկրներում, նավթի գնի կտրուկ աճ Սաուդյան Արաբիայի կամ Իրանի քաղաքական անկայունության պատճառով:

Բայց գալիք տարվա ինչպիսի՞ իրադարձություններ է դժվար գուշակել:

Ահա դրանցից երեքը. Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների հետագա վատթարացում, մասշտաբային կիբեռհարձակում, որը կաթվածահար կանի շուկաները, ինչպես նաև անսովոր արտակարգ եղանակային պայմաններ կլիմայի փոփոխության հետևանքով:

«Մեզ սպասում է թեժ 2019 թվականը՝ ուղիղ և փոխաբերական իմաստով»,- գրում է Լարրի Էլիոտը Guardian-ում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: