Հայերեն   English   Русский  

​Ամանորյա խոհեր ու մաղթանքներ թատրոնի զարմանահրաշ աշխարհից...


  
դիտումներ: 20357

2018 թվականն ինձ համար արժևորվեց «Թատերական ժամանակներ և ժամանակակից թատրոն» խորագրով: Թեմայի շրջանակներում ամիսներ շարունակ հյուրընկալվեցի տարբեր թատրոններում:

Ու թեև շարքը դեռ շարունակվելու է, բայց կցանկանայի 2018-ն ամփոփել արդեն իսկ այցելած թատրոնների գեղարվեստական ղեկավարների ամանորյա խոհերով ու մաղթանքներով:

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյան

-Ամանորը հետադարձ հայացք գցելու կարևոր առիթ է: Անկեղծ ասած, այս տոնն ինձ մի քիչ տխրեցնում է, երբ մտածում եմ՝ մշակութային ինչքան տխուր վիճակում ենք այսօր: Բայց հուսով եմ՝ մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն, ի վերջո, մշակույթի մարդ է, կշրջվի դեպի մեզ: Եթե մենք մշակույթի ոլորտում չհաղթենք, մնացած տեղերում ինչ-որ բան տեղից չի շարժվի: Մյուս կողմից էլ մենք անհամբեր ժողովուրդ ենք: Ուստի կուզեի, որ վստահելով սպասենք և հավատանք՝ 2019-ին մեր կյանքում կլինեն բազում դրական տեղաշարժեր: Ես հավատում եմ հրաշքների, գուցե դրա համար եմ ապրում այսքան երկար: Ես հավատում եմ նաև, որ մեզնից ամեն մեկն ունի իր Ձմեռ պապիկը: Այս տարի իմ Ձմեռ պապիկը երեք ամսական ծոռնիկս է:

Ուզում եմ, որ մարդիկ առողջ լինեն և կարողանան արժանավայել ապրել: Սրտանց շնորհավորում եմ Հայաստան աշխարհի բոլոր թատրոններին և դրանց անձնակազմերին, մարդկանց, որոնք լուռ, գլուխները կախ ներկայացումներ են ստեղծում: Տարեկան Հայաստանում բեմադրվում է մոտ 40-45 նոր ներկայացում: Սա ևս հաստատում է, որ մենք հոգևոր ժողովուրդ ենք և, ի վերջո՝ մի քիչ խենթ: Վստահ եմ՝ 2019-ը մեզ կուրախացնի բազմաթիվ հետաքրքիր ներկայացումներով:

Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Արմեն Խանդիկյան

-Զարմանալի է՝ ինչպես եմ այսքան տարիներ անց դեռ երեխայի պես սպասում Ամանորի գիշերվա հեքիաթին: Դրա համար երևի մինչ օրս մեր տանը տոնածառ եմ զարդարում և հավատում մեր իսկ ստեղծած հրաշքներին: Շատ կուզենայի՝ վերականգնեինք Ամանորը նշելու ազգային ավանդույթները, որոնք այնքան անհրաժեշտ մեր դժվարին օրերում: Այդ ժամանակ գուցե մարդիկ հասկանան, որ սեղանին կարմի՞ր, թե՞ սև խավիար դնելու հարցը բնավ կարևոր չէ տոնի ընթացքում:

Ինքս միշտ տանն եմ դիմավորում Ամանորը, որից հետո գալիս են ընկերներս և երկար նստում ենք ջերմ ու մտերմիկ մթնոլորտում՝ մոռանալով գործնական հանգամանքների հետ կապված ամեն բան:

2018-ին մեր թատրոնի ողջ անձնակազմը շատ լավ աշխատեց: 2019-ից էլ սպասելիքները բավական շատ են, մանավանդ նոր բեմադրությունների առումով: Սպասելիքներ ունեմ նաև նոր իշխանություններից: Եթե սպասելիքներս չիրականանան, նախ ավելի կմեծանան պահանջներս ինքս իմ հանդեպ, ապա՝ իշխանությունների: Բայց հավատում եմ՝ ամեն ինչ լավ է լինելու:

Շնորհավորում եմ մեր ժողովրդին գալիք Ամանորի և հատկապես Ս. Ծննդյան տոների կապակցությամբ: Ի վերջո, հունվարի վեցը շատ կարևոր օր է՝ մաքրվելու, մեղքերին թողություն ստանալու և ավելի լավը դառանալու համար: Բոլորիս երջանկություն եմ մաղթում և ամուր հավատք:

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյան

-Ամանորը համախմբում է ընտանիքը, և մարդիկ անկեղծ ու բարի մաղթանքներ են փոխանցում միմյանց: Դա հենց այն կախարդական պահն է, երբ բոլորի սիրտը միաժամանակ բաբախում է նույն հույսերով ու ցանկություններով՝ կապված մարդ արարածի երջանկության և արդարության հաղթանակի հետ: Այստեղ է, որ անիմաստ են դառնում ճոխ սեղանները. կարևորը սիրո ծեսի կայացումն է: Ես մեծամասամբ տոնը նշում եմ ընտանիքիս, այսօր արդեն թոռնիկներիս հետ, որոնց համար անգամ Ձմեռ պապիկ եմ դառնում:

Վերջին տարիներին իրադարձությունները խիստ արագ և անսպասելի զարգացումներով են հաջորդում միմյանց: Հուսանք՝ 2019-ին ամեն ինչ դեպի լավը կգնա, որ երկինքը խաղաղ կլինի, մեր ժողովուրդն այլևս հուսահատվելու առիթներ չի ունենա: Ես սպասելիքներ ունեմ իշխանության նոր ներկայացուցիչներից: Կարծում եմ՝ նրանք կկարողանան իրականացնել իրենց տեսիլքը: Իսկ մինչ այդ դժվար կլինի որևէ եզրակացության հանգել: Իհարկե, հուսադրող քայլեր կան, որոնց վրա էլ դեռ հիմնվում ենք: Որպես թատրոնի գեղարվեստական ղեկավար ևս մեծ են ակնկալիքներս, որովհետև մի քանի նոր ներկայացումներ ենք պլանավորել, և շատ շուտով պատրաստվում ենք բացել մեր երկրորդ փոքր բեմահարթակը:

Ես բոլորիս խաղաղություն եմ մաղթում և ամենօրյա երջանկություն: Թող այլևս չկորցնենք այն ժպիտը, որ ձեռք ենք բերել վերջին շրջանում և միմյանց հետ հաղորդակցվենք սիրով ու ջերմությամբ:

Երևանի պետական կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյան

-Ինչքան էլ զավեշտալի է մեր ժողովրդի՝ ամեն գնով, թեկուզ պարտքով, Ամանորը նշելու ցանկությունը, ես, մեկ է, սիրում եմ այդ ամենը: Գուցե հակասական է, բայց չէի ուզի, որ դա փոխվեր: Այստեղ ուղղակի պիտի օգնության գան կանայք և չափավորեն բոլոր ամանորյա ծախսերը: Այս տոնն օգնում է վերադառնալ մանկություն և այս տարիքում էլ շարունակել հավատալ հրաշքների: Այսօր արդեն թոռնիկիս հետ միասին եմ հավատում թե´ հրաշքների, թե´ Ձմեռ պապին:

Միշտ սպասում ես, որ եկող տարին անցնող տարվանից մի քիչ ավելի լավը կլինի: Այս տարի ևս լիահույս եմ: Նոր իշխանություններից ունեցած սպասումներին չեմ անդրադառնա, որովհետև այս տարիների ընթացքում շատ անգամ եմ ոգևորվել ու հիասթափվել: Կապրենք, կտեսնենք: Իսկ ահա թատրոնում ցանկանում եմ, որ պահպանվի ջերմ մթնոլորտը: Եվ եթե հանկարծ Ձմեռ պապիկը «որոշի» մի քիչ էլ բարելավել թատրոնի տեխնիկական վիճակը, վատ չէր լինի:

Մեր ժողովրդին սեր ու ջերմություն եմ մաղթում: Որքան էլ դա ծեծված ցանկություն լինի, առանց սիրո ոչինչ չի լինում այս կյանքում: Իսկ ջերմությունը ծնվում է մեկը մյուսի նկատմամբ ունեցած դրական վերաբերմունքից: Եթե կարողանանք պահպանել այդ ջերմությունը, ապա Հայաստանը կդառնա աշխարհի ամենատաք երկներից մեկը:

Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյան

-Մարդիկ անում են հնարավոր ամեն բան բոլոր լավագույն երազանքներն ու նպատակները տվյալ տարում հասցնելու համար: Իսկ Ամանորը կարևոր է չիրականացած սպասումներդ հաջորդ տարի տեղափոխելու առումով: Այն անհավատալիի իրականություն դառնալն է մեր կյանքում: Ես հավատում եմ հրաշքների թեկուզ միայն այն պատճառով, որ մնջախաղի արվեստի հրաշքի մեջ եմ ապրում: Մեր թատրոնն այսքան տարիներ այդ հրաշքի շնորհիվ է ապրել ու արարել: Հուսով եմ՝ 2019-ին վերջապես մեր սեփական տանը կլինենք՝ բազմապատկելով արարելու ձգտումները:

Ուրախ եմ, որ վերջին տարիներին աստիճանաբար կոտրվում է ժողովրդի միմյանց տուն գնալու և անվերջ ուտել-խմելու սովորույթը: Մարդիկ սկսել են մեկ ընդհանուր վայրում նշել տոնն ու վերջացնել: Պիտի կարողանանք գտնել մեր ոգեղենությունը՝ հասկանալով, որ Ամանորը սովորական օր է, իսկ ահա Ս. Ծննդյան տոնին տեղի է ունենում իսկական հրաշքը:

Երջանիկ են այն մարդիկ, որ մինչև Ձմեռ պապիկի տարիքին հասնելը պահպանում են այդ կերպարին հավատալու կարողությունը: Դա ուղղակի կերպար չէ, այլ հրաշքի ժամապահ, հավատքի պահապան:

Ես մաղթում եմ մեր օրերում կուտակված բացասական ապրումների լիցքաթափում և անցում դեպի հավասարակշռված ստեղծարար առօրյայի:

Խամաճիկների թատրոնի գեղարվեստական ղեկավար Աննա Էլբակյան

-Ամանորն անցած տարվա հաշվետվությունն է ինքս ինձ: Չնայած կյանքին նայում եմ մեծ պատկերով, չեմ բաղդատում տարիների, բայց Ամանորն ամեն դեպքում ամփոփում է և հետագա անելիքների պլանավորում: Առանձնահատուկ ապրումներ չեմ ունենում Ամանորին, սակայն ուրախանում եմ թոռնիկներիս և մեր թատրոն հաճախող փոքրիկների երջանկությամբ:

Մեծահասակներն ավելի պիտի Ս. Ծննդյանը սպասեն, որը ենթադրում է հոգևոր փոփոխություններ, անընդհատ նորոգում: Թե չէ ամբողջ տարին առանց այդ էլ կենտրոնացած ենք մեր ստամոքսի վրա, ու վաղուց ժամանակն է, որ դա չլինի ուրախության առիթ: Շատ կուզենայի՝ վերջապես կարողանանք ապրել ոչ միայն հացիվ, որ կարողանանք սիրել ու ներել միմյանց, ունենանք հոգևոր հավիտենական արժեքներ և դրանք վեր դասենք ամեն ինչից: Բոլորն ասում են՝ մարդիկ տխուր են, որովհետև հոգսաշատ կենցաղ ունեն, ո´չ, պարզապես մենք կենցաղը դարձրել ենք առաջնային:

Ես հավատում եմ հրաշքների և ապրում եմ դրանցով: Թոռնիկներս հավատում են Ձմեռ պապին: Թող այդ բարի պատրանքը նրանց ուղեկցի ողջ կյանքի ընթացքում:

Զգում եմ՝ 2019-ին շատ բաներ կգնան դեպի լավը, բայց և շատ բաներ բարդ կլինեն: Հուսով եմ՝ մարդիկ կհանդարտվեն և հաշվետու կլինեն իրենց քայլերի համար: Այս ժողովուրդը հոսանքով խելապատառ գնում է՝ առանց հասկանալու՝ ինչ է կատարվում, առանց հասցնելու արժևորել իր ունեցածը, առանց սրտի խորքը նայելու: Սպասում եմ, որ մեր մտավորականները վերջապես ազդեցություն կունենան մեր երկրի վրա: Ես և իմ մտերիմ ընկերները շատ դժվարությունների միջով ենք անցել և անցնում, բայց մեր լավ ու վատ լինելը երբեք չենք ակնկալել իշխանություններից, որովհետև ազատ ենք եղել՝ ինչպես այն ծաղրածուն, որ կարող է թագավորին առանց վախենալու ասել ճշմարտությունը, որովհետև դա է իր կոչումը: Եվ այսօր առաջին հերթին մեր հանապազօրյա հացի կարոտ ժողովրդի համար այս իշխանություններից ակնկալում ենք շունչ քաշելու, օտար հողերից վերադարձի, աշխատատեղերի բացման ժամանակներ:

Որպես Խամաճիկների թատրոնի գեղարվեստական ղեկավար երազում եմ՝ մեր թատրոնը մի քիչ մեծ տարածք ունենա, որ փոքրիկներն առավել հարմարավետ զգան իրենց: Թատրոնի անձնակազմին էլ մաղթում եմ ավելի մեծ վստահություն միմյանց հանդեպ, առողջություն և ֆինանսական կայունություն:

Ցանկանում եմ, որ հայ ժողովուրդը դառնա աստվածասեր, ներող, գոհացող, ինչպես իր գենն է: Մաղթում եմ վերադարձ մեր իրական էությանը:

«Մհեր Մկրտչյան» արտիստատական թատրոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյան

-Ամանորը գեղեցիկ սիմվոլ է, որի իմաստը գուցե ինքս էլ մինչև վերջ չեմ հասկանում, բայց երբեք էլ չեմ փորձել խորանալ, որ կյանքը շարունակի ունենալ այն թեթևությունը, որը միշտ ունեցել է: Որպես հայ մարդ բոլորի պես ամեն տարի դժգոհում եմ՝ ինչքան պիտի այս ամենը շարունակվի, բայց, մեկ է, մյուսների պես բուդն էլ եմ առնում և մյուսների պես էլ մասնակից եմ լինում ամանորյա ուտել-խմելուն:

Ես հրաշքների հավատում եմ, իսկ Ձմեռ պապու՝ ոչ: Որպես մարդ 2019-ից սպասում եմ ջերմություն, սեր, հաջողություն, իսկ որպես թատրոնի գեղարվեստական ղեկավար պիտի խոստովանեմ, որ ի տարբերություն թատրոնում լինելու սկզբնական շրջանի՝ այս տարի սկսեցի սիրել թատրոնը, իսկ եթե արդեն սիրում ես մի բան, ուրեմն պիտի փայփայես իրեն ու ամենալավը ցանկանաս:

Իմ սպասումները միշտ են դրական՝ անկախ իշխանություններից: Այս դեպքում պիտի սպասենք: Ինչ-որ հստակ պատկերացումներ դեռ չկան: Մեր կողմից խոստանում ենք ստեղծել լավ ներկայացումներ, որ հանդիսատեսը չկորցնի սերը թատրոնի հանդեպ:

Երևանի քաղաքապետարանի Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար

Դավիթ Հարությունյան

-Ես շատ սիրում եմ Ամանորը, երբ ողջ տիեզերքը լցվում է դրական էներգիայով, արարելու հավատով, կյանքը նոր էջից սկսելու հույսով: Այս ամենը մի տեսակ հեքիաթ է հիշեցնում: Կուզենայի՝ բոլոր գյուղերում ու քաղաքներում տոնը նշվեր երեկոյան զբոսանքներով, պուրակներում կազմակերպված համերգներով և այլ միջոցառումներով:

Ես Ամանորը նշում եմ տանը, ապա այցելում ենք մեր հարազատներին և հյուրեր ենք ընդունում: Մենք աղոթում ենք, որ երկրում առաջին հերթին խաղաղություն լինի, զինվորներին՝ բարի ծառայություն, երեխաներին՝ առողջություն, որ մեր ստեղծարար, տաղանդավոր ժողովուրդը հնարավորություն ունենա աշխատելու և մարդավայել ապրելու, որովհետև մենք դրան արժանի ենք: Ես շատ սպասելիքներ ունեմ այս նոր իշխանություններից, բայց և հասկանում եմ, որ նրանք դեռ նոր են ձևավորվում: Երբեմն զարմանում եմ՝ ինչպես է մեր հանրության մի զգալի մասը այդքան անհամբեր փոփոխություններ պահանջելու հարցում՝ մոռանալով՝ ինչերի միջով ենք անցել: Մեզ համախմբում է պետք, սեր ու հարգանք միմյանց նկատմամբ և տարիների տաժանակիր աշխատանք:

Որպես գեղարվեստական ղեկավար շատ հետաքրքիր ու ծավալուն ծրագրեր ունեմ եկող տարվա համար, մանավանդ որ պիտի տոնենք մեր թատրոնի 90-ամյակը: Ուզում եմ՝ 2019-ը թատրոնում լինի հետաքրքիր պրեմիերաների, նոր կադրերի համալրման, ստեղծագործական անսպասելի թռիչքների, նոր առաջարկների, նոր դժվարություններ հաղթահարման տարի:

Ես հավատում եմ հրաշքների, որովհետև դրանք ամեն օր են տեղի ունենում, պարզապես մենք ուշադիր չենք: Ինչ վերաբերում է Ձմեռ պապուն, ես՝ ոչ, բայց դուստրս հավատում է նրան, և ինչքան երկար հավատա, այնքան լավ: Ձմեռ պապը բոլորիս մանկության երազանքների կատարողն է: Դրա համար պետք չէ երբեմն այդքան ծաղրանքով մոտենալ այդ կերպարին: Մի՞թե հրաշք չէ տարին մեկ անգամ մի քանի րոպեով հայտնվող, նվերներ ու երջանկություն բաժանող այս կերպարի գոյությունը մեր կյանքում:

Ես երազում եմ, որ մեր հանրությունը, հատկապես միջին սերնդի ներկայացուցիչները չդադարեն հաճախել մշակութային օջախներ: Ուզում եմ՝ մեր ժառանգներին, մեր հրաշալի երիտասարդությանը ճիշտ ուղու վրա դնենք, կայացնենք որպես այս երկրի լավ քաղաքացիներ: Մաղթում եմ, որ լինենք արվեստասեր, կիրթ, հանդուրժող ու սիրառատ, որովհետև առանց դրա ահավոր դժվար է ապրել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: