Հայերեն   English   Русский  

​Հրաժեշտ է տալիս նաև Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոտ ժամանակներս կհայտարարի պաշտպանության նոր նախարարի անունը


  
դիտումներ: 330

ՏԱՍՍ-ը, հղում անելով Դոնալդ Թրամփի թվիթերյան էջին, հաղորդում է, որ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսը կլքի պաշտոնը փետրվարի վերջին:

«Գեներալ Ջիմ Մետիսը կազատվի պաշտոնից <...> փետրվարի վերջին՝ ծառայելով իմ վարչակազմում որպես պաշտպանության նախարար վերջին երկու տարին,- գրել է Թրամփը:- Ջիմի պաշտոնում եղած ժամանակ ահռելի առաջընթաց է եղել, հատկապես նոր մարտական տեխնիկայի ձեռքբերման հարցում»:

Հոկտեմբերի կեսին CBS հեռուստատեսության «60 րոպե» ծրագրին տված հարցազրույցում Թրամփը չբացառեց, որ Պենտագոնի ղեկավարը կարող է հեռանալ պաշտոնից: Նա ասաց, որ Մետիսին համարում է Դեմոկրատական կուսակցության կողմնակից, այդ պատճառով նա շուտով կարող է հեռանալ իր թիմից:

Ըստ Reuters գործակալության տվյալների, որը հղում է անում Սպիտակ տան բարձր ռանգի մի նեևրկայացուցչի, Պենտագոնի ղեկավարը հայտնել է ԱՄՆ նախագահին իր հրաժարականի մասին երեկ՝ դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Ըստ այդ տեղեկության՝ հանդիպման ընթացքում Մետիսի և Թրամփի միջև տարաձայնություններ են ծագել: «Նրանք տարբեր կարծիքներ են ունեցել մի քանի հարցերի շուրջ: Ես չգիտեմ՝ արդյոք դա հենց Սիրիան է եղել»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը: Նախագահի պաշտոնական աշխատանքային գրաֆիկում այդ հանդիպումը նախատեսված չի եղել:

Այն մասին, որ Մետիսը, նրա ենթակաները և ուրիշ պաշտոնատար անձինք վերջին օրերին ամենայն ջանք գործադրել են, որպեսզի նախագահին հետ պահեն Սիրիայից ամերիկյան զորքերը կարճ ժամկետում հանելու որոշումից, ավելի վաղ հայտնել էր The New York Times թերթը:

Reuters-ի մեկ այլ աղբյուր հաստատել է, որ Մետիսը դեմ է եղել զորքերը հանելուն: Ըստ գործակալության ունեցած տեղեկության՝ պաշտպանության նախարարի պաշտոնից Մետիսի հեռանալու նախաձեռնությունը Թրամփինը չէ, այսինքն՝ դա հարկադրված հրաժարական չէ:

ԱՄՆ Կոնգրեսի նոյեմբերի 6-ի միջանկյալ ընտրություններից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ ԱՄՆ առաջնորդը հաստատեց, որ ելնելով այդ ընտրությունների արդյունքներից՝ դիտարկում է վարչակազմում կադրային փոփոխությունների մի քանի տարբերակներ: Նա արդեն ազատել է Ջեֆ Սեշընսին արդարադատության նախարարի պաշտոնից, Միրա Ռիկարդելին՝ անվտանգության գծով իր օգնականի տեղակալի պաշտոնից: Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների տվյալների՝ նա պատրաստվում է նաև ազատել ներքին անվտանգության նախարար Քրիստեն Նիլսենին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: