Հայերեն   English   Русский  

​Դոնալդ Թրամփի վեց իրավական գլխացավանքները


  
դիտումներ: 1657

Դոնալդ Թրամփի նկատմամբ քննությունները ընտրությունների նախաշեմին լռության դիմաց վճարումների և Ռուսաստանի հետ նախընտրական քարոզարշավի հնարավոր կապերի մասին պարբերաբար հայտնվում են թերթերի վերնագրերում: Սակայն դրանով նրա իրավական անախորժությունները չեն սպառվում:

Թրամփի նկատմամբ քննությունների ցանկը Նյու Յորքում և Վաշինգտոնում մեծանում է, և դրանցից յուրաքանչյուրը կարող է գլխացավանք դառնալ նախագահի համար:

Նախագահաի հետ կապված ուրիշ ի՞նչ դեպքեր են հայտնվել հանրության ուշադրության կիզակետում և ի՞նչ հետևանք կարող են դրանք ունենալ:

1. Փողեր նախագահի երդմնակալության համար

Անցած շաբաթ Wall Street Journal թերթը հաղորդեց, որ 2017 թ. Թրամփի երդմնակալությամբ զբաղվող կոմիտեի նկատմամբ դաշնային քրեական նախաքննություն է սկսվել:

Կոմիտեն ռեկորդային նվիրատվություններ էր ստացել՝ ընդհանուր 107 մլն դոլար: Դրանից 14 մլն-ը հատկացրել էին ներդրումային ընկերությունների աշխատակիցները, իսկ գրեթե 10 մլն-ը նվիրել էին անշարժ գույքի ոլորտի հետ կապված անձինք:

Երդմնակալության միջոցառումների համար հավաքված ընդհանուր գումարը գրեթե երկու անգամ գերազանցում էր նախորդ ռեկորդը, որ սահմանել էր Բարաք Օբաման 2009 թ.:

Նախաքննությունը կպարզի, թե ինչպես են ծախսվել երդմնակալության փողերը, և թե չեն փորձել արդյոք նվիրաբերողները մուտք գործել նոր վարչակազմ:

ProPublica կազմակերպության զեկույցում բերվում է երդմնակալության կազմակերպիչներից մեկի խոսքը, որը պատմում է, որ Թրամփին պատկանող հյուրանոցը Վաշինգտոնում (Trump International Hotel) բարձրացրել է համարների, սնունդի և հյուրանոցային ծառայությունների գները երդմնակալության կոմիտեի անդամների համար, ինչը կարող է հարկային օրենքի խախատում լինել:

Այդ գործով զբաղվում է Հարավային Մանհեթենի դատախազությունը, որը մասնակցում է նաև Թրամփի նախկին իրավաբան Մայքլ Կոենի նկատմամբ նախաքննությանը:

Ըստ WSJ-ի տեղեկատվության՝ նոր քննությունը մասամբ սկսվել է այն հանցանշանի հիման վրա, որը ապրիլին բացահայտել էին ՀԴԲ-ի գործակալները Կոենի գրասենյակը խուզարկելիս:

Հետևանքները նախագահի համար: Սպիտակ տան մամլո քարտուղար Սառա Սանդերսը ի պատասխան Wall Street Journal-ի՝ հոդվածը մեկնաբանելու խնդրանքին հայտարարել է, որ նախագահը և առաջին տիկինն այստեղ կապ չունեն: Հնարավոր է՝ այդպես էլ կա, բայց նրա որոշ մոտ բարեկամներ և գործընկերներ, ի թիվս որոնց նախագահի դուստր Իվանկա Թրամփը, ակտիվ մասնակցություն են ունեցել երդմնակալության նախապատրաստմանը:

2. Արտասահմանյան միջամտությունները

Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի նախաքննության գլխավոր նպատակն է բացահայտել որևէ կապ Ռուսաստանի և Թրամփի նախագահական քարոզարշավի միջև, սակայն համաձայն ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունների՝ նախաքննությունն այժմ չի սահմանափակվում Ռուսաստանի հետ կապով, այլ ընդգրկում է նաև ուրիշ երկրներ:

Daily Beast-ի հոդվածում ասվում է, որ հատուկ դատախազի նախաքննության երկրորդ փուլը կմեկնարկի 2019 թ. սկզբին, դրա բաղկացուցիչ մասը կդառնան դատական հայցեր և հնարավոր մեղադրական եզրակացություններ, որոնք ցույց կտան Թրամփի նախընտրական քարոզարշավի կապերը Սաուդյան Արաբիայի, Իսրայելի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ:

New York Times-ը դա կապում է երդմնակալության միջոցառումների նախաքննության հետ և նշում է, որ Դաշնային քննիչները Նյու Յորքում պարզում են, թե արդյոք որևէ արտասահմանցի չի՞ փոխանցել անօրինական միջոցներ երդմնակալության նախապատրաստմամբ զբաղվող կոմիտեին:

Նաև, համաձայն հաղորդումների, Մյուլլերի թիմը ստուգում է Թրամփի թիմին, որպեսզի պարզի՝ 2016 թ. նախընտրական քարոզարշավի ընթացքում չի՞ ստացել նա ֆինանսական օգնություն ուրիշ երկրներից: Դարձյալ մատնանշվում են Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն, նաև Քաթարը:

Նախագահը Մյուլլերի նախաքննությունն անվանել է «վհուկների որս» և ամենայն հավանականությամբ կտրականապես կառարկի նախաքննության ծավալի ընդլայնմանը:

Հետևանքները նախագահի համար: Թրամփը նախագահի պաշտոնում ամեն կերպ խրախուսում է Սաուդյան Արաբիային: Ստանձնելով երկրի ղեկավարի պաշտոնը՝ նա պաշտոնական այցով առաջին հերթին մեկնեց այդ երկիր, նրա կողմը բռնեց Քաթարի հետ վեճում և լրագրող Ջամալ Հաշոգգիի սպանությունից հետո մեծ ավյունով պաշտպանեց Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամմեդ իբն Սալման ալ-Սաուդին:

3. Թրամփի հյուրանոցը

Նախագահ ընտրվելուց հետո Թրամփը հայտարարեց, որ իր բոլոր ընկերությունները արտասահմանյան կառավարություններից ստացված եկամուտները կփոխանցեն ամերիկյան գանձապետարանին:

Մարտ ամսին Trump Organization ընկերությունը փոխանցել է 151 հազար 470 դոլար՝ ստացված 2017 թ. արտասահմանյան կառավարություններից, սակայն որևէ լրացուցիչ տեղեկություն չի հետևել:

Դա արվեց, որպեսզի չխախտվի ԱՄՆ սահմանադրության այն կետը, որն արգելում է պետծառայողներին նվերներ կամ պարգևներ ընդունել օտար պետություններից կամ նրանց ներկայացուցիչներից:

Թեև նախագահի փաստաբաններն ասում են, որ նման նվիրատվությունները պարտադիր չեն, Թրամփն այնուամենայնիվ խոստացավ փոխանցել այդ միջոցները, որպեսզի բացառի որևէ շեղող գործոն և այդպիսով անի ավելին, քան պահանջում է սահմանադրությունը:

Սակայն հունիսին Կոլումբիայի մարզի և Մերիլենդի նահանգի դատախազները դատական հայց ներկայացրին Թրամփի դեմ՝ հայտարարելով, որ նախագահը շարունակում է շահույթ ստանալ օտարերկրյա կառավարություններից, որոնք իջևանում են նրա հյուրանոցներում, մասնավորապես՝ Վաշինգտոնի նրա անունը կրող հյուրանոցում, որը գտնվում է Սպիտակ տնից ոչ հեռու:

Նման մի հայց արդեն մերժված էր, իսկ երրորդ հայցը, որը ներկայացրել են դեմոկրատ կոնգրեսմենները, այժմ անցնում է անհրաժեշտ փուլերը դատական համակարգում: Ահա և այն ամենը, ինչ վերաբերում է շեղող գործոններին:

Կոլումբիայի և Մերիլենդի դատախազների ներկայացրած հայցից հետո Թրամփի փաստաբանները փորձում էին այն շրջափակել: Դա կարող է առաջին նախադեպը դառնալ պետծառայողներին մատուցվող նվերների մասին սահմանադրական կետի հարցով դատական որոշումների շարքում:

Սակայն անցած շաբաթ այն դատավորը, որի վարույթում է գործը, թույլ տվեց Կոլումբիայի մարզի և Մերիլենդի նահանգի դատախազներին 30 որոշումներ գրել Trump Organization-ի և նրա հետ կապված կազմակերպությունների գործառությունների վերաբերյալ տեղեկությունները դատարանին ներկայացնելու մասին: Հանցանշանների հավաքումը կտևի մինչև 2019 թ. օգոստոսը:

Հետևանքները նախագահի համար: Այդ գործը կարող է ռումբ դառնալ՝ ժամացույցի մեխանիզմով, որը կարող է վեր հանել նախագահի բիզնես կայսրության անախորժ մանրամասներ հենց այն ժամանակ, երբ նա կպատրաստվի վերընտրություններին:

4. Թրամփի հիմնադրամը

Բացի նախագահի և նրա բիզնես շահերի շարունակվող նախաքննությունից, Նյու Յորքի նահանգի քննիչները ստուգում են նրա բարեգործական հիմնադրամները:

Նյու Յորքի գլխավոր դատախազ Բարբարա Անդերվուդը պնդում է, որ Թրամփի հիմնադրամը, ըստ էության, ծառայեցվել է նախագահի քաղաքական և բիզնես շահերին, ինչը նահանգի օրենքների խախտում է, որոնք կարգավորում են հարկման չենթարկվող բարեգործական կազմակերպությունների կարգավիճակը:

Նախագահն իր հերթին այդ նախաքննությունն անվանեց «Նյու Յորքի նվաստ դեմոկրատների» գործունեություն և գովաբանեց իր բարեգործական հիմնադրամը ավելի քան 19 մլն դոլար նվիրաբերելու համար:

Թրամփի փաստաբանները փորձում էին հասնել գործի կարճման, սակայն նոյեմբերի վերջին Նյու Յորքի դատավորը որոշեց, որ մեղադրանքները բավարար չափով հաստատում են այն պնդումը, որ Թրամփը միտումնավոր օգտագործել է հիմնադրամի միջոցները սեփական կարիքների համար, թեև իմացել է, որ դա կարող է չհամապատասխանել հիմնադրամի շահերին:

2016 թ. քարոզարշավի ժամանակ Washington Post-ի թղթակից Դևիդ Ֆարենթոլդը մանրամասն պատմել է, թե ինչպես Թրամփը իր բարեգործական հիմնադրամի միջոցները, որի հիմնական նվիրատուները եղել են Թրամփի բարեկամներն ու գործընկերները, օգտագործել է դատական հայցերի և նվիրատվությունների կարգավորման համար, որոնք կապահովեին իրեն մեծ աջակցություն նախագահական ընտրություններին մասնակցելու համար:

Հետևանքները նախագահի համար: Նյու Յորքի նահանգը ցանկանում է Թրամփից 3 մլն դոլար ստանալ վնասի հատուցման և ուրիշ պարտքային պատժամիջոցների համար, ինչպես նաև 10 տարով արգելել նրան ղեկավարելու որևէ ոչ առևտրային կազմակերպություն Նյու Յորքի նահանգում: Նրա զավակների՝ Էրիկի, Իվանկայի և Դոնալդ կրտսերի համար այդ արգելքը կարող է սահմանափակվել մեկ տարով:

5. Վարձ լռության համար

Նախորդ չորս կետերը՝ կապված հնարավոր իրավական ռիսկերի հետ, նույնիսկ չնչին չափով չհարուցեցին այն ուշադրությունը, որը ուղեկցում է հաջորդ երկու կետերին:

Անցած չորեքշաբթի նախագահի անձնական փաստաբան Մայքլ Կոենը պատմեց, որ օգնել է կազմակերպելու երկու կնոջ վճարելու գործը, որոնք նախընտրական քարոզարշավի ժամանակ կարող էին պատմել Թրամփի հետ իրենց սեռական կապի մասին:

Նյու Յորքի դաշնային դատախազների հետ իր գործարքի շրջանակներում նա իրեն մեղավոր ճանաչեց նախընտրական քարոզարշավի ժամանակ ֆինանսական հանցագործունների մեջ:

Դատական փաստաթղթերում և ցուցմունքներում նա հայտարարեց, որ գործել է հանուն Թրամփի շահերի: Նախագահը դա կտրականապես ժխտում է:

Հետևանքները նախագահի համար: Թրամփին անմիջականորեն կապում են նախընտրական քարոզարշավի ժամանակ կատարված ֆինանսական խախտումների հետ: Դա մեղադրանքներից մեկն է, որոնց պատճառով Թրամփի անձնական փաստաբանը բանտարկության ժամկետ է ստացել: National Enquirer թաբլոիտը, որը դեպքերից մեկում հանդես է եկել որպես միջնորդ փողը փոխանցելիս, հաստատում է Կոենի պատմածը: Դա կարող է լուրջ հետևանքներ ունենալ:

6. Ռուսական միջամտությունը

Այս ընթացքում անշեղորեն շարունակվում է Ռոբերտ Մյուլլերի նախաքննությունը 2016 թ, նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության և Թրամփի ընկերության հետ նրա հնարավոր կապերի կապակցությամբ:

Կոենն օգնել է նաև այս քննությանը: Վերջերս նա հայտարարեց, որ Մոսկվայում բազմամիլիոնանոց նախագծի կառուցման բանակցությունները շարունակվում էին նաև նախընտրական քարոզարշավի ժամանակ և ընդգրկում էին շփումները ռուսական պաշտոնատար անձանց հետ:

Հատուկ դատախազի գրասենյակը դատական փաստաթղթերում՝ կապվածԹրամփի նախկին խորհրդական Մայքլ Ֆլիննի դատավաճռի հետ, նաև ուշադրության է առել նախկինում չհիշատակված քրեական քննությունները և շարունակել է Ռուսաստանի հետ կապերի ակտիվ որոնումները:

Նախագահ Թրամփը նախկինի պես պնդում է, որ որևէ պայմանավորվածություն Ռուսաստանի հետ չի եղել, և խուսափել է քննությունից,՝ անվանելով այն դեմոկրատների գաղտնի դավադրություն:

Հետևանքները նախագահի համար: Բազմաթիվ մարդիկ, որոնք ներգրավված են եղել Թրամփի նախընտրական քարողարշավում, կապեր են ունեցել ռուսաստանցիների հետ այն նույն ժամանակ, երբ ռուսական կառավարությունը մեղադրվում էր Թրամփի թեկնածությանն աջակցելունպատակով սանձազերծված կիբեռպատերազմներին մասնակցելու մեջ: Եղե՞լ է դավադրություն: Եթե այո, ապա մասնակցե՞լ է դրան Թրամփը: Սրանք հիմնարար հարցեր են, որոնց պատասխանները գտնելու համար էլ վարձվել է Մյուլլերը:

Էնթոնի Զուրկեր, ԲիԲիՍի, Վաշինգտոն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: