Հայերեն   English   Русский  

Խտրական ճանաչում. ինչպես է «ցեղասպանություն» բառն օգտագործվում քաղաքական նպատակներով


Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը որպես ցեղասպանություն ճանաչեց 1930-ական թթ. ԽՍՀՄ-ում տեղի ունեցած զանգվածային սովամահությունը:


  
դիտումներ: 675

«Ձգտելով ամեն գնով լուծել կտրուկ աճող արդյունաբերական կենտրոններին պարենով մատակարարելու հարցը՝ ԽՍՀՄ և միութենական հանրապետությունների ղեկավարությունը կիրառել է բռնի միջոցներ հացամթերման համար, ինչը զգալիորեն խորացրել է 1932 թ. անբերքատվության ծանր հետևանքները»,- ասվում է ՌԴ Պետդումայի 2008 թ. հայտարարությունում զանգվածային սովամահության պատճառների մասին:

ԱՄՆ-ում այդ իրադարձությունները ճանաչել են «ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն»: Թե ինչու է Վաշինգտոնը սովը ցեղասպանություն անվանում և ինչ հանցագործություններ են եղել մարդկության դեմ, ԱՄՆ-ն չի շտապում խոստովանել:

Ցեղասպանություն հասկացությունը

Համաշխարհային պատմությունը մարդկանց զանգվածային ոչնչացման բազմաթիվ դեպքեր գիտի՝ ռասայական, ազգային կամ կրոնական հատկանիշով, սկսած Ավստրալիայի աբորիգենների զանգվածային սպանություններից բրիտանական զորքերի կողմից մինչև չինացիների ձեռքով Ջունգարական խանության գրեթե մեկ միլիոն բնակչության ոչնչացումը:

Այդ իրադարձությունները ցեղասպանություն չէին անվանում, նման հասկացություն գոյություն չուներ: Եզրույթն առաջին անգամ օգտագործել է հրեական ծագումով իրավաբան Ռաֆայել Լեմկինը: 1900 թ. արդի Բելառուսի տարածքում ծնված Լեմկինը հրեական ջարդերի ականատեսն է եղել և ուսումնասիրել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հարցը՝ 1948 թ. հասնելով ՄԱԿ-ում «ցեղասպանություն» եզրույթի պաշտոնական ճանաչմանը:

Միջազգային կազմակերպության համապատասխան կոնվենցիայում տրված է հետևյալ սահմանումը. գործողություններ, որոնք կատարվում են որևէ ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական խումբը՝ որպես այդպիսին լրիվ կամ մասնակի ոչնչացնելու մտադրությամբ:

«Հոլոդոմոր»

Ուկրաինացի բնակչության զանգվածային մահվան փաստը (սովն ավելի քան 7 միլիոն խորհրդային քաղաքացիների կյանք խլեց, այդ թվում ՌԽՖՍՀ-ում, Բելառուսական և Ղազախական ԽՍՀ-ներում) խորհրդային իշխանության ճակատագրական քաղաքականության հետևանքով չի հերքում աշխարհի և ոչ մի երկիր:

Սակայն բուն Ուկրաինայում, մի շարք եվրոպական և նախկին խորհրդային երկրներում (այդ թվում Վրաստանում, Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում), հիմա արդեն ԱՄՆ-ում այդ դեպքերը ճանաչվել են «ցեղասպանություն»: Ելնելով ընդունված սահմանումից՝ այդ երկրների կառավարությունները զանգվածային սովամահությունը համարում են ուկրաինացի ժողովրդի ոչնչացում՝ դիտավորյալ ծրագրված Մոսկվայում: Ընդ որում, մյուս խորհրդային հանրապետությունների, այդ թվում և հենց ՌԽՖՍՀ-ի քաղաքացիների զոհվելու մասին բանաձևերում լռում են:

ԱՄՆ Կոնգրեսի Վերին պալատը 2018 թ. հոկտեմբերի 3-ին «հոլոդոմորը» ճանաչել է ցեղասպանություն, իսկ Ստորին պալատը՝ դեկտեմբերի 11-ին: Ներկայացուցիչների պալատի թիվ 931 բանաձևում հաստատվում է, որ «բռնապետ Իոսիֆ Ստալինը հրամայել է փակել Ուկրաինայի սահմանները, որպեսզի կանխի որևէ մեկի խուսափումը մարդու ստեղծած (արհեստական) սովից»:

Օրինաշարը 2018 թ. հուլիսի 8-ին Ներկայացուցիչների պալատում ներկայացվել է ուկրաինական կոկուսի՝ գաղափարակիցների հավաքի համանախագահների (Սանդեր Լևին, Էնդի Հարրիս, Մարսի Կապտուր և Բրայան Ֆիթցպատրիկ) կողմից: Սանդեր Լևինը Մարինա Պորոշենկոյի (Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի տիկին) հետ 2015 թ. նոյեմբերի 7-ին ներկա է եղել Վաշինգտոնում հոլոդոմորի զոհերի հուշարձանի բացմանը և ակտիվ առաջ է մղում ԱՄՆ Կոնգրեսում Կիևի շահերը:

Պարզվեց՝ Վաշինգտոնի քաղաքական քայլը ճիշտ ժամանակին էր: ԱՄՆ-ն «հոլոդոմորը» ցեղասպանություն ճանաչեց Մոսկվայի և Կիևի դեգրադացվող հարաբերությունների, Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և գործընկերության պայմանագրի նորոգումից հրաժարվելու և Կերչի նեղուցի միջադեպի խորապատկերում:

ՌԴ-ի դիրքորոշումը «ուկրաինացիների ցեղասպանության» վերաբերյալ հրապարակվել է նոյեմբերի 24-ին: «Այդ ողբերգական իրադարձությունները բացառապես որպես «ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն» ներկայացնելու փորձերը որևէ աղերս չունեն թե՛ արդարության վերականգնման, թե՛ պատմական փաստերի հետ, դրանք քաղաքականացված և հակագիտական բնույթ ունեն»,- ասվում է ՌԴ ՆԳՆ-ի հաղորդագրությունում: Ըստ Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության տեսակետի՝ 1930-ական թթ, աղետը «ռուսների, ուկրաինացիների, ղազախների և երկրի այլ ժողովուրդների ընդհանուր ողբերգությունն էր»:

Ուշագրավ է, որ ռուսականին նման դիրորոշում են հայտնել նաև Մեծ Բրիտանիայում: Կիևը հետագայում ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ Լոնդոնը հրաժարվել է զանգվածային սովը որպես «ցեղասպանություն» մեկնաբանելուց:

Խտրական մոտեցում

Ամերիկյան նախագահներն իրենց նախընտրական քարոզչության ընթացքում մեկ անգամ չէ, որ խոստացել են ճանաչել 1914-1918 թթ. հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: Նախագահներն իրենց խոստումները խախտել են: Սպիտակ տունը դա վտանգավոր է համարել Ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի հետ բարեկամական հարաբերությունները պահպանելու տեսանկյունից: Այսուհանդերձ այն ընդունվել է ավելի քան 30 երկրներում, այդ թվում Գերմանիայում, Իտալիայում, Կանադայում, Ռուսաստանում և Ֆրանսիայում:

Իսկ Վաշինգտոնը ամերիկյան աշխարհամասի բնիկների հալածանքների և զանգվածային ոչնչացման համար պաշտոնապես ներողություն է հայցել միայն 2009 թվականին: Ամերիկյան օրենսդիրները Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդի անունից ներողություն են խնդրել հնդկացիների նկատմամբ «դաժանության և անտարբերության» համար:

Այսուհանդերձ ԱՄՆ Կոնգրեսում չարագործությունների որոշակի օրինակներ չեն բերել: Ասենք, թե ինչպես են միտումնավոր ու Վաշինգտոնի կողմից պաշտոնապես խրախուսվելով ոչնչացրել բիզոններին, որոնց որսը Մեծ հարթավայրերի տնտեսության հիմնաքարն էր, կամ պարգևատրման համակարգի ներդրումը տեղաբնիկ բնակչության ներկայացուցչի սպանության դեպքում:

ՏԱՍՍ, Ալեքսանդր Մոսեսով





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: