Հայերեն   English   Русский  

Ֆրանսիացի նախկին նախարարը կարծում է, որ Մակրոնի հետ երկիրը քաոսի մատնվեց


  
դիտումներ: 631

Ֆրանսիան, Էմանուել Մակրոնին ընտրելով նախագահ, քաոս ստացավ ժողովրդավարության և ազատությունների պաշտպանության փոխարեն, ինչի մասին խոսվում էր նախընտրական քարոզարշավի ընթացքում: Այս մասին այսօր հայտարարել է Ֆրանսիայի տրանսպորտի նախկին նախարար, երկրի Ազգային ժողովի նախկին պատգամավոր (խորհրդարանի ստորին պալատի) Թյերրի Մարիանին:

« Ընտրությունների (նախագահական) երկրորդ փուլում մեզ ասում էին, որ պետք է քվեարկել Մակրոնի օգտին, որպեսզի պաշտպանենք մեր ժողովրդավարությունը և մեր ազատությունները: Մակրոնի հետ մեզ մոտ քաոս է և շուտով, հնարավոր է, վերադառնա արտակարգ դրության ռեժիմը»,- գրել է Մարիանին թվիթերի իր էջում:

Հիշեցնենք, որ «Դեղին ժիլետների» երեկվա բողոքի ցույցը Փարիզում, որոնք հանդես են գալիս, մասնավորապես, վառելիքի գների բարձրացման դեմ, ուղեկցվել են ցուցարարների ու ոստիկանության լուրջ բախումներով, ջարդերով և մեքենաների հրդեհումներով:

Անկարգությունների ընթացքում, որոնք ընդգրկեցին երեկ Ֆրանսիայի մայրաքաղաքը, բերման է ենթարկվել 412 մարդ, որոնցից 387-ը դեռ կիրակի առավոտյան մնում էր ճաղերի հետևում: Բախումների ընթացքում վիրավորվել է 133 մարդ, այդ թվում 23 իրավապահ:

Արգենտինայում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հանդես գալով մամլո ասուլիսում, խիստ դատապարտեց բռնությունը և ընդգծեց, որ դրա պատասխանատուները կբացահայտվեն և կկանգնեն դատարանի առջև:

Առաջին լայնածավալ ցույցը տեղի ունեցավ նոյեմբերի 17-ին, երկրորդը՝ անցյալ շաբաթ օրը: Սակայն Ֆրանսիայի որոշ քաղաքներում մարդիկ փողոց էին դուրս գալիս փաստորեն ամեն օր: «Դեղին ժիլետների» սկզբնական պահանջն էր բենզինի գնի նվազեցումը: Սակայն, ինչպես ասում են այդ շարժման մասնակիցները, իրենք ընդհանուր առմամբ հանդես են գալիս երկրում մտցվող նորանոր հարկերի դեմ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: