Հայերեն   English   Русский  

Վաշինգտոնը կդրսեւորի՞ հետեւողականություն


  
դիտումներ: 1291

Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի դեսպանի կատարած հայտարարությունը թե՛ պատմական եւ թե՛ քաղաքական ու իրավական տվյալներով կարելի է հակափաստարկել: Բնականաբար նաեւ շատ համոզիչ ձեւերով պարզել, թե ինչու այդ մասին քննարկումներ չկան հայկական դաշտում, երբ հատկապես իսպառ բացակայում են քննարկումները Բաքվում՝ անցյալին վերադարձը բացառելու եւ Արցախի ժողովրդի կամարտահայտության փաստի հետ հաշվի նստելու առումով, որի համար զարմանք չի հայտնում ամերիկյացի դիվանագետը:

Այժմ առանց իրավաքաղաքական կամ պատմաքաղաքական հակափաստարկների վրա կենտրոնանալու, նկատենք, որ ամերիկացի դիվանագետը նման տեսություն է հայտնում իր պաշտոնաթողության առիթով: Դեսպան Միլզը բավական ժամանակ ուներ իր պաշտոնավարության ընթացքում իր համոզումով այդ անխուսափելիության մասին խոսելու:

Ամերիկացի պաշտոնաթող դիվանագետը հիմնականում հակասություն է դրսեւորում իր գերատեսչության` պաշտոնական Վաշինգտոնի հետ ընդհանրապես: Ամերիկացի դեսպանը ներկայացնում է մի պետություն, որը ներգրավվել է արցախյան հակամարտության խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծման համար միջնորդական առաքելության միջազգայնորեն ընդունված եւ հաստատված ձեւաչափում, իբրեւ համանախագահող պետություն: Ուրեմն հատկապես, ռուս, ֆրանսիացի եւ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնատարները արցախյան հակամարտության մասին խոսելու ընթացքում դիվանագիտական խախտում չպետք է կատարեն իրենց ներկայացրած երկրի օգտագործած բառապաշարից, եզրաբանությունից, հարցերի մոտեցման եղանակից, ասելաձեւերից: Պրոֆեսիոնալ դիվանագետները ծայրագույն նրբություն են ցուցաբերում նման զգայուն խնդիրների դեպքում շեշտադրումների, ներկայացված հայեցակարգերի կետերի առաջնահերթությունների` պահելու համար ներդաշնակությունը ոչ միայն իրենց պետության պաշտոնական տեսակետներին, այլ նաեւ այս դեպքում համանախագահությունը ստանձնած մյուս երկրներին միջեւ։

Իսկ այս առումներով օրինաչափ եւ ոչ անպայման իրավաչափ պիտի նկատվեր, եթե դեսպան Միլզը խոսեր ոչ թե «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձեւի, այլ փոխզիջումային սկզբունքի հիման վրա մինչ այդ օգտագործվող «տարածքներ կարգավիճակի դիմաց» քննարկվող տարբերակի մասին: Այդ դեպքում նա ամփոփ ձեւով ակնարկած կլիներ մադրիդյան (թեկուզ նորացված) սկզբունքները, որի շուրջ քննարկումներ ծավալելու միջնորդական առաքելությունն էր իրականցնում նաեւ Վաշինգտոնը, Փարիզի եւ Մոսկվայի կողքին:

Պետք է հետադարձ հայացքով որոնել, թե վերջին անգամ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը ե՞րբ է օգտագործել «գրավյալ» բառակապակցությունը` իրողապես արցախապատկան տարածքները բնութագրելու համար:

Դեսպան Միլզը պիտի իմանար մանավանդ, որ առ այս պահը, հատկապես ապրիլյան ադրբեջանական հարձակողապաշտության պատճառով սառեցվել են բովանդակային բանակցությունները եւ նույնինքն ԵԱՀԿ-ի Մինսկի բանակցությունները կենտրոնացել են հրադադարի երաշխավորման համար շփման գիծը վերահսկելի դարձնելու, այն մշտադիտարկման գործողությունների համար գերհագեցած գործիքակազմով օժտելու եւ դրանցից հետո` հրադադարի խախտման դեպքերը հետաքննելու առաջադրանքների վրա: Այս բոլորը թե՛ Վիեննայում, թե՛ Սանկտ Պետերբուրգում եւ թե՛ Ժնեվում:

Ամերիկացի պաշտոնաթող դիվանագետը այս բոլորին իրազեկ է. մանավանդ որ ինքը նախքան երեւանյան իր առաքելության ստանձնումը ղեկավարել է ամերիկյան արտաքին քաղաքականության կովկասյան փորձագիտական բաժանմունքը` Լիբանանում փոխդեսպանի պաշտոնը ստանձնելուց առաջ:

Իրազեկ էր, բայց թույլ է տվել դիվանագիտական ասպարեզի լրջագույն խախտում: Այլ տրամաբանությամբ եւ այլ հարցով, ոչ շատ վաղ անցյալում, Երեւանում պաշտոնավարած ամերիկացի դեսպան Էվանսը, պաշտոնաթողության նախօրյակին Ցեղասպանություն բառեզրի օգտագործումով շեղում կատարեց իր ներկայացրած պետության արտաքին քաղաքականության հայեցակարգային մոտեցումներից: Ըստ էության, այդ հայտարարությունը պատճառ դարձավ նրա պաշտոնազրկմանը:

Վաշինգտոնը այս առումով հետեւողականություն դրսեւորելու եւ արժեչափի բազմակիություն բացառելու հրամայականի առաջ է կանգնել:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: